Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ԻՆ ՉՏՎԵՑԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼԾԱԿՆԵՐ

Հունիս 02,2006 00:00

ՀՅԴ-ԻՆ
ՉՏՎԵՑԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԼԾԱԿՆԵՐ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
Հրանտ Մարգարյանը օրերս դժգոհել էր, թե ամեն ինչ արվեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը
ոչ միայն Դաշնակցության մենաշնորհը չլինի, «այլեւ ՀՅԴ-ն այդ պայքարում իրական հնարավորություն
չունենա»: Հավելել էր. «Հստակ է մի բան՝ ցանկալի չէր, որ ՀՅԴ-ն ստանձներ եւ իրական
լծակներ ունենար այդ բնագավառում գործ անելու համար»: Որպես խոչընդոտողների պրն Մարգարյանը
մատնանշել էր՝ «Ողջ պետական համակարգն է: Մենք փոքրամասնություն ենք իշխանության
մեջ, ուր համոզում ենք նրանց պայքար ծավալել իրենց իսկ դեմ»: Պետական իշխանության
մի ներկայացուցչի՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք,
թե ինչո՞ւ չեն թույլ տվել, որ ՀՅԴ-ն իրական հնարավորություններ ու լծակներ ունենար
կոռուպցիայի դեմ պայքարելու համար: «Պայքարի համար անհրաժեշտ չեն թույլտվություններ,-
պատասխանեց նա:- Պայքարը ենթադրում է, որ պիտի ցանկություն եւ կամք լինի: Եվ հաջողություններն
էլ կզուգակցվեն դրան»: Գալուստ Սահակյանը «իշխանության մեջ փոքրամասնությանը»
ուղերձ հղեց. «Կարող եմ բարեմաղթել, որ ՀՅԴ-ն իշխանության մեջ մեծամասնություն լինի:
Բայց դե, կարծում եմ, որպես հետեւանք՝ կոռուպցիան միանգամից չի վերանա: Քանի որ ոչ
թե քաղաքական կուսակցությունները կամ թիմերն են պայքարում կոռուպցիայի դեմ եւ հասնում
հաջողության, այլ դա երկարատեւ գործընթաց է: Կոռուպցիան իսպառ վերացնելու հաջողությունը
դեռեւս չի ունեցել աշխարհի ոչ մի պետություն»: Զրույցին ներկա ՀՀԿ խմբակցության
պատգամավոր Համլետ Հարությունյանը հավելեց. «Եթե դուք Հայաստանի 3,2 մլն բնակիչներին
առանձին-առանձին հարցնեք, թե ի՞նչ անենք, որ վերացնենք կոռուպցիան՝ բոլորն էլ միաբերան
կասեն, թե այն պետք է վերանա: Բայց այդ ասելով էլ հիմնականում սահմանափակվում են:
Եվ հարց է մնում, թե ովքեր են այդ կոռուպցիոներները, եթե բոլորը վերացման կողմնակից
են»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել