Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկա ԱԺ-ն փորձելու է վերարտադրվել»

Հունիս 02,2006 00:00

Այս կարծիքին էին «Հայելի» ակումբի
երեկվա հյուրերը՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն ու Հայաստանի
ռամկավարական-ազատական կուսակցության ատենապետ Հարություն Առաքելյանը: ԺԿ
նախագահ Տիգրան Կարապետիչը համարում է, որ եթե իր ղեկավարած կուսակցությունը նույնիսկ
չանցնի էլ խորհրդարան՝ մեծ դժբախտություն չի՝ «մենք կշարունակենք անել մեր գործը»,
սակայն հիշեցնում է, որ ըստ ինչ-որ սոցհարցումների, այսօր ԺԿ-ն 1-ին տեղն է զբաղեցնում
բնակչության մոտ համակրանք վայելող կուսակցությունների շրջանում: Եվ հարցնում է՝
«դե, եթե մենք առաջին տեղում ենք, ինչո՞ւ մի 20% չունենանք խորհրդարանում…», չնայած
շեշտում է, որ ինքը «տոկոսամանիայով չի տառապում»: Փոխարենը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն
Առաքելյանը հավատացրեց, որ եթե իր ղեկավարած կուսակցությունը այս անգամ էլ չմտնի
հայրենի պառլամենտ, ինքը կհրաժարվի ատենապետությունից: Կարելի է ենթադրել, որ պարոն
Առաքելյանն արդեն հոգնել է այդ պաշտոնից, այլապես նա նման հայտարարություն չէր անի
այն բանից անմիջապես հետո, երբ վստահություն հայտնեց, որ ներկա խորհրդարանն ամեն
ինչ անում է եւ անելու է վերարտադրվելու, «ինքն իրեն ծնելու» համար՝ արհամարհելով
ժողովրդի կամքը: Տիգրան Կարապետիչը վստահ է, որ «Օրինաց երկիրը», դուրս գալով
կոալիցիայից, ընդդիմություն չի դարձել եւ չի դառնա, քանի որ «Արթուր Բաղդասարյանը
հրաժարական է տվել ոչ թե սոցիալական խնդիրների համար, այլ՝ քաղաքական», եւ կանխատեսեց,
որ մինչեւ 2007թ. ընտրությունները ՕԵԿ նախագահը ձգտելու է ռեւանշի: Այս խոր ենթատեքստ
ունեցող միտքը հասկանալու համար առնվազն քաղաքագիտության թեկնածու է պետք լինել,
իսկ շարքային մահկանացուներս պիտի բավարարվենք Կարապետիչի մեկ այլ, ավելի հասկանալի
վերլուծությամբ. «ՕԵԿ-ը իներցիայով կանցնի ԱԺ, որքան էլ նրա վարչական ռեսուրսները
նվազեն, իսկ Գեղամյանի բարձրացրած աղմուկը նրա համար էր, որ հետագայում ԱԺ-ում տեղեր
ունենա: ՄԱԿ-ի բախտը բերեց, որ գտնվեց այն տեղում եւ այն ժամանակ, երբ պետք էր»:
Հարություն Առաքելյանը նախընտրեց շեղվել հանձնարարված թեմայից եւ խոսել ոչ
թե ներկա, այլ նախկին ՕԵԿ-ականների, մասնավորապես՝ Սերգո Երիցյանի մասին, ում համար
«դպրոցների բուֆետչիկները պիտի մոմ վառեն», քանի որ հարվածելով ընտանիքների բյուջեներին՝
դպրոցները վեցօրյա աշխատանքային ռեժիմի անցկացնելով, նա օգնեց «բուֆետչիկներին»՝
հավելյալ գումարներ վաստակելու հարցում: Նախկին ԿԳ նախարարին ՀՌԱԿ ատենապետը չէր
ներում նաեւ այն, որ տասնամյա կրթությունը դառնալու է տասներկուամյա՝ «ի՞նչ է, մեր
երեխաներն այդքան դեբի՞լ են, որ երկու տարի ավելի պետք է սովորեն»: Այն բանից հետո,
երբ երկար փորձերից հետո պարոն Առաքելյանին, այնուամենայնիվ, պարտադրվեց վերադառնալ
ընտրված թեմային (նա այդ «հնացած թեմայի» շուրջ չէր ցանկանում բանավիճել, ասելով՝
«ես իմ միտքը կասեմ, կգնամ, դուք ինչքան ուզում եք՝ խոսեք»), ՀՌԱԿ նախագահը կարծիք
հայտնեց, որ խորհրդարանում արդեն իսկ կոալիցիան ու ընդդիմությունը «իրար հետ բարիշել
են՝ վերարտադրվելու համար»: Ի տարբերություն պարոն Առաքելյանի, Տիգրան Կարապետիչը
չհիմնավորված լավատեսություն ուներ ու կարծում էր, որ առաջիկա ընտրություններում
ավելի քիչ կլինեն կեղծիքները. «Իմ պատկերացումներով մեր երկրում յուրաքանչյուր հաջորդ
ընտրություն նախորդից ավելի մաքուր է: Էլի կլինեն կեղծումներ, բայց ոչ՝ առաջվա չափով»:
Իսկ ներիշխանական գզվռտոցը, ըստ Կարապետիչի՝ օգնում է արտախորհրդարանական ուժերին,
քանի որ «ժողովուրդը տեսնելով խորհրդարանական ուժերի պատերազմը՝ նրանցից հիասթափվում
է»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930