Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԴԵՄ ՈՉ ՈՔ ՉԽՈՍԵՑ

Հունիս 02,2006 00:00

Միայն
էջմիածնեցի Հակոբ Հակոբյանը պահպանեց իր հավատարմությունը Գալուստ Սահակյանին Տիգրան
Թորոսյանի թեկնածությանը երեկ այլընտրանք չներկայացվեց, եւ Արշակ Սադոյանի «մուրազը»
մնաց անկատար: Ավելի ուշ պարզվեց, որ նա չի կարողացել հասնել իր թեկնածության առաջադրմանը,
քանի որ քնած էր մնացել եւ պահը բաց էր թողել: Սակայն այլընտրանքային առաջարկ եղավ.
էջմիածինցի պատգամավոր Հակոբ Հակոբյանը փորձեց իրականացնել վերջին օրերի իր երազանքը
եւ առաջադրեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը, սակայն պարոն Սահակյանն անմիջապես
ինքնաբացարկ ներկայացրեց: Թեպետ, ըստ մեր աղբյուրների, պարոն Հակոբյանը, այնուամենայնիվ,
քվեաթերթիկում գիծ էր քաշել Տիգրան Թորոսյանի անվան վրա եւ գրել էր՝ «Գալուստ»: Առաջադրված
միակ թեկնածուն հայտարարեց, որ ինքը կարեւորում է երեք հիմնական խնդիր՝ սահմանադրական
փոփոխությունների լիարժեք ներդրումը օրենսդրության մեջ, երկրորդը առաջիկա ընտրությունների
նախապատրաստումը եւ ազատ ու արդար, միջազգային բոլոր չափանիշներին բավարարող ընտրությունների
անցկացումը: Երրորդը անհրաժեշտ քաղաքական մթնոլորտի ստեղծումն է ե՛ւ խորհրդարանում,
ե՛ւ դրանից դուրս: Տիգրան Թորոսյանը իր ելույթում բազմիցս կրկնեց ՀՀ նախագահի նախընտրական
կարգախոսը՝ «Աշխատենք միասին», նրա առաջարկը ընդունեցին գրեթե բոլոր խորհրդարանական
ուժերը, համենայնդեպս, իրենց ելույթներում հակառակը չասացին: Խումբ-խմբակցությունների
ելույթներում անսպասելին ՕԵԿ նախագահ, ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթն
էր: Անսպասելի, քանի որ պարոն Բաղդասարյանը իր հրաժարականից հետո առաջին անգամ մտավ
դահլիճ: ՕԵԿ նախագահը հայտարարեց, որ խմբակցությունը պաշտպանելու է Տիգրան Թորոսյանի
թեկնածությունը, քանի որ նախ՝ երկրի համար կարեւոր է, որ ԱԺ-ն նախագահ ունենա, եւ
հետո՝ Տիգրան Թորոսյանը արժանի թեկնածու է. «Համարում եմ, այո, մեր խորհրդարանի փոքրաթիվ
պրոֆեսիոնալներից մեկը (Տիգրան Թորոսյանին այս գնահատականը տվել էր Վիկտոր Դալլաքյանը-
Մ. Ե.), համարում եմ, որ նա իր մարդկային եւ մասնագիտական որակներով կարող է ղեկավարել
ՀՀ ԱԺ-ն»: Բացատրեց նաեւ, թե ինչու է կարեւոր, որ ԱԺ-ն չմնա առանց նախագահի. «Ընդամենը
տասն օր անց Հայաստանում տեղի կունենա Սեւծովյան տնտեսական վեհաժողովի լիագումար
նիստը, եւ շատ վատ կլինի, եթե մենք աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին
ընդունենք՝ չունենալով ԱԺ նախագահ: Շատ վատ կլինի, եթե հունիսի 20-ին, երբ կգումարվի
պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի երկրորդ լիագումար նիստը, որի
ստեղծման եւ կայացման գործում ինքս էլ որոշակի ներդրում ունեմ, աշխարհի տարբեր երկրներից
կժամանեն պատգամավորներ, չլինի ԱԺ նախագահ, ղեկավար, որը կարող է եւ ընդունել, եւ
ճանապարհել, եւ պատասխանել այն բազմաթիվ հարցերին, որոնք կան»: ՀՅԴ տեսակետն
արտահայտեց Վահան Հովհաննիսյանը, որը նշեց, որ առիթը օգտագործվեց որոշակի պատմական
էքսկուրսների համար, ինչը ճիշտ համարեց, քանի որ ամեն օր չէ, որ ԱԺ նախագահ է ընտրվում:
Գնահատելով Տիգրան Թորոսյանին՝ ասաց, որ նա ամեն ինչով արժանի է այս պաշտոնին, եւ
Դաշնակցությունը նրան ամեն ինչով աջակցելու է: ՄԱԿ-ը եւս ամբողջ սրտով պաշտպանեց
Տիգրան Թորոսյանի թեկնածությունը, եւ նույնիսկ նոր «Գործարար» խումբը նույնպես չթաքցրեց
իր բուռն սերը նրա հանդեպ: «Ազգային միաբանություն» խմբակցության ղեկավար
Արտաշես Գեղամյանը, շեղվելով թեմայից եւ մեջբերելով ամերիկյան հայտնի կառույցի հարցումների
արդյունքները՝ նշեց. «ՀՀ-ն ընթանում է սխալ ուղիով, այսինքն՝ մարդիկ գիտեն, որ սխալ
ճանապարհով է երկիրը շարժվում, բայց հարկադրված են այդ երկրում մնալ, որովհետեւ իրենց
մեջ ուժ չեն տեսնում, վճռականություն չեն տեսնում այդ ամենը փոխելու: Հարցվածների
74 տոկոսը գտնում է, որ անցած մեկ տարվա ընթացքում երկրի ծանր վիճակը մնացել է կամ
նույնը, կամ՝ էլ ավելի է վատթարացել»: ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության
անդամ Արամ Սարգսյանը հայտարարեց, որ բոլորը հայտարարում են՝ եթե եկող ընտրությունները
կարգին չանցնեն, վտանգավոր կլինի երկրի համար, բայց եւ բոլորի համար պարզ է, որ 2007
եւ 2008թթ. ընտրությունները դարձյալ կեղծվելու են, քանի որ երկրում համակարգային
փոփոխություններ չեն կատարվում: ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը շեշտեց, որ
խոսվում է միասին աշխատելու կամ՝ արդյունավետ աշխատանքի մասին, մինչդեռ շարունակաբար
մերժվում են ընդդիմության բոլոր առաջարկները՝ կոնկրետ հարցերի հետ կապված ուժեղացնել
խորհրդարանական վերահսկողությունը՝ ժամանակավոր հանձնաժողովների ստեղծմամբ եւ այլն:
Թեպետ «ԱՄ» եւ «Արդարություն» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ նախագահի ընտրությունները,
այնուամենայնիվ, խորհրդարանական նոր մեծամասնությունը կարողացավ հավաքել 94 կողմ
ձայն, եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ընտրվեց ԱԺ նախագահ: Ձայների այս առատությունը
զարմանալի չէ. դեռեւս մինչ ընտրություններն էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանը հայտարարում, որ իրենց թեկնածուն անցնելու է հենց այդքան կողմ ձայներով:
Իսկ բուն ընտրության պահին Գալուստ Գրիգորիչը ուշի-ուշով հետեւում էր քվեարկողների
հոծ բազմությանը, եւ երբ նրանց մեջ չէր տեսնում հերթական «կոճակ» սեղմողին, անմիջապես,
չհեռանալով «ընտրատարածքից», զանգում էր՝ «Տո, դե հասեք, էլի»: Ու տղերքը հասնում
էին, կարմրած եւ վազեվազ գալիս էին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու: Քվեարկությունից
հետո պարզվեց, որ մեկ դեմ այնուամենայնիվ կար: Գուցե պարոն Թորոսյա՞նն էր ինքն ընդդեմ
իրեն քվեարկել: Ընտրություններին չմասնակցեցին «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն»
խմբակցությունները, սակայն «ԱՄ» ներկայացուցիչ Աղասի Արշակյանը, որը վերստուգիչ հանձնաժողովի
աշխատանքներին չէր մասնակցում, քվեատուփը տեղափոխելիս եւ ձայները հաշվելիս միացավ
հանձնաժողովի անդամներին: «Արդարություն» խմբակցությունը ներկայացնող Էդմոն Ծատուրյանն
այդպես էլ չմասնակցեց այդ գործընթացին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ Հ.
Գ. Ընտրությունից մեկ ժամ անց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է նորընտիր
ԱԺ նախագահին եւ մաղթել «արդյունավետ եւ բեղմնավոր (հետաքրքիր է, ո՞րն է տարբերությունը-
Մ. Ե.) աշխատանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել