Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻՆ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ ՄԻՇՏ

Հունիս 02,2006 00:00

Վկայում
են Արագածոտնի դաշնակցական ներկա եւ նախկին մարզպետներ Գաբրիել Գյոզալյանը եւ Հրայր
Կարապետյանը Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը մեր զրույցի ընթացքում
հարցին, թե ի՞նչ հակասություններ ունի Հայաստանի գլխավոր դատախազ, «Նիգ Ապարան» հայրենակցական
միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի հետ՝ պատասխանեց. «Մեր հարաբերությունները
նախկինում միշտ նորմալ են եղել: Ուղղակի այս վերջին շրջանի իրադարձություններից հետո,
այս ստուգումների առնչությամբ…»: Ըստ մարզպետի՝ Արագածոտնում ստուգումներ
է նախաձեռնել նախ դատախազությունը, հետո՝ նախագահի վերահսկողական ծառայությունը:
Եվ երկու անգամ խորհրդակցություն է անցկացվել ուսումնասիրությունների արդյունքներով:
Հետաքրքրվեցինք, թե որոշակի ի՞նչ են ստուգել, եւ պրն Գյոզալյանը պատասխանեց. «Բոլո՛ր
ոլորտները, մասնավորապես՝ կրթական, առողջապահական»: Առայժմ այսքանով էլ սահմանափակվեց:
Սակայն հավելենք մեր ունեցած տեղեկությունները, թե ինչ ստուգումների մասին
էր ասում մարզպետը, որոնք գերազանցապես առնչվում են դաշնակցականների գործունեությանը:
Մի գործ առնչվում է ոստիկանության 6-րդ վարչություն մի քաղաքացու դիմումին, թե մարզպետարանի
առողջապահության վարչության պետ Անահիտ Վերանյանը կաշառք է վերցրել իրենից: Երկրորդ
գործն առնչվում է մարզպետարանի կրթության վարչության պետ Սիրանուշ Ղուկասյանին եւ
Աշտարակի Գրիգոր Ղափանցյանցի անվան դպրոցի տնօրեն Ալիկ Բաբայանին: Այս անգամ էլ խոսքը
7 քաղաքացիների հղած բողոքների մասին է, թե իրենց անունից ստորագրված է, որ ատեստատ
են ստացել, երբ իրենք այն չեն ստացել: Թերեւս այդ կեղծ ատեստատները վաճառվել են այլոց:
Նշենք, որ Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը
հերքեց հրապարակված պնդումները, թե դաշնակցական մարզպետները կուսակցական սկզբունքով
են նշանակել մարզի կրթական եւ առողջապահական հաստատությունների ղեկավարներին. «Ո՛չ,
նման քաղաքականություն երբե՛ք չի վարվել»: Արագածոտնի մարզը նրա ղեկավարելու
ժամանակահատվածի մասին էլ են բազմաթիվ հրապարակումները, թե 2001-ին մարզպետարանում
հայտնաբերվեցին 5 մլն դրամ յուրացումներ եւ որեւէ մեկը չենթարկվեց պատասխանատվության:
Հրայր Կարապետյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են ստուգող կազմակերպությունները
սեւեռուն ուշադրություն ցուցաբերում հատկապես Արագածոտնի նկատմամբ՝ հիշեցրեց, որ
կան տարբեր տիպի՝ «պլանային» եւ ստացած ահազանգերի իսկությունը պարզելուն նպատակաուղղված
ստուգումներ. «Իմ գործունեության ընթացքում բազմիցս նման ստուգումներ են եղել, եւ
որեւէ դեպքում, երբեւիցե չեն առաջացել խնդիրներ: Իսկ այն հրապարակումները, թե քրեական
գործեր են հարուցվել մարզպետարանի գործունեության կապակցությամբ՝ չեն համապատասխանում
իրականությանը: Այսպիսի բան չի եղե՛լ, չկան նման փաստեր»: Հրայր Կարապետյանը
նաեւ նշեց. «Արագածոտնի մարզում զգալի աշխատանք է կատարվել, եւ այդ ամենում մեծ դեր
ունի գործող մարզպետը, որ տարիներ շարունակ իմ տեղակալն էր: Հիմա չեմ թվարկի, թե
ինչ աշխատանքներ են արվել, բայց 50-ից ավելի դպրոցներ են վերանորոգվել, նաեւ կառուցվել՝
այն գյուղերում, որտեղ չեն եղել դպրոցներ: Այդ ամենն արվել է ըստ կարգի հայտարարված
մրցույթներով: Հիմա հեռու եմ մարզից եւ տեղյակ չեմ մանրամասներին, բայց վստահաբար
կարող եմ ասել, որ այդ ամենն արվել է օրենքի շրջանակներում: Եվ որեւէ մտահոգիչ երեւույթ
չկա այստեղ»: Հարցին, թե ինչպես է բացատրում Արագածոտնի մարզպետի եւ «Նիգ-Ապարանի»
պատվավոր նախագահի միջեւ ծագած խնդիրները, որոնց հետեւանք են դիտվում այս ստուգումները՝
պրն Կարապետյանը պատասխանեց. «Պատճառները կարող են լինել մի քանիսը՝ մեկը, որ թյուրիմացության
մեջ են գցել այդ մարմիններին, որոնք ստուգումներ են անցկացնում: Դրդապատճառները կարող
են լինել նաեւ քաղաքական կամ, այսպես ասած՝ նախընտրական»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ
Հրանտ Մարգարյանն արդեն իսկ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գործունեությանն
առնչվող ստուգումները բացատրել էր քաղաքական դրդապատճառներով: «Ես էլ եմ կիսում այդ
մտահոգությունը,- ասաց պրն Կարապետյանը:- Արդեն նշեցի, որ դրդապատճառները կարող են
լինել քաղաքական: Իհարկե, Աստված տա, որ այդպես չլինի: Եվ հույս ունեմ, որ այս մոտեցումը
չի շարունակվի, եթե իսկապես քաղաքական դրդապատճառներով է արվում այս ամենը: Քանի
որ սա հեռուն գնացող երեւույթ է, եւ իմ կարծիքով՝ շատ վատ բանի կհանգեցնի նախընտրական
այս շրջանում: Կստեղծի հաշվեհարդարի մթնոլորտ. եւ ոչ միայն մեր նկատմամբ: Ընդհանրապես,
քաղաքական ուժերի պայքարում կստեղծվեն հաշվեհարդարի նախադեպեր»: ՀՅԴ խմբակցության
ղեկավարը նաեւ նկատեց. «Նախընտրական շրջանը հարկ եղածից շուտ է սկսվել Հայաստանում,
եւ քաղաքական ուժերի միջեւ այժմ պայքար է ընթանում: Այդ պայքարը կարող են հատկապես
«ակտիվորեն» սկսել նորաստեղծ կուսակցությունները, որոնք դեռեւս չունեն ձեւավորված
ընտրազանգված: Ուստի պիտի փորձեն կիրառել տարբեր մեթոդներ: Չի բացառվում, որ գործունեության
նման մեթոդներ կիրառի նաեւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել