Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեյդանում տոն կլինի», էկրանին՝ «Նամուս»

Հունիս 01,2006 00:00

Այսպես խոստացան «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները

Հուլիսի 10-ից բացվող «Ոսկե ծիրան» միջազգային 3-րդ կինոփառատոնի կազմակերպիչները երեկ հերթական ասուլիսն էին հրավիրել: Ինչպես հասկացանք փառատոնի կազմակերպիչների ներկայացնելուց, օրինակ՝ Կաննի կարմիր ուղեգորգը կամ աչք ծակող շքեղությունները մեզ մոտ չեն լինելու: «Ոսկե ծիրան» փառատոնի բեմադրիչ, ռեժիսոր Արմեն Մազմանյանի խոսքով. «Փառատոնի բացում-փակումը փողոցում՝ մեյդանում կստեղծեն ժողովրդական տոնի միջավայր, իսկ բեմում ամեն ինչ զուսպ կլինի. ելույթներ՝ կապված մրցանակի, հյուրերի, ժյուրիի եւ այլնի հետ: Փառատոնի բացման ավարտին բոլորին կհրավիրենք դիտելու «Նամուս» ֆիլմի վերականգնված տարբերակը»:

Ֆիլմերը կմրցեն 3՝ լիամետրաժ խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրերում: Վերջինում ներկայացված են հայազգի կինոգործիչների աշխատանքները: 58 երկրի ստեղծագործող ներկայացրել է 280 ֆիլմ, որից ընտրվել է 92-ը: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ խաղարկային ֆիլմերի մրցույթում ընդգրկել են այնպիսի հայտնի ռեժիսորների ֆիլմեր, ինչպիսիք են Պեդրո Ալմոդովարը (Իսպանիա), Հու Սյաո-Սյեն (Թայվան), հայազգի Ռոբեր Գեդիկյանը (Ֆրանսիա), Քշիշթոֆ Զանուսին (Լեհաստան), Ալեքսեյ Գերման-կրտսերը (Ռուսաստան) եւ այլք: Հիշեցնենք, որ Ալմոդովարի «Վերադարձ» ֆիլմը միանգամից 2 մրցանակ էր շահել օրերս կայացած Կաննի կինոփառատոնում, բոսնիացի Յասմիլա Զբանիչի «Գրբավիցան»՝ 3 մրցանակ այս տարվա Բեռլինի կինոփառատոնում, իսկ Ք. Զանուսիի «Պերսոնա նոն գրատան» եւ Գերմանի «Գարպասատումը» ներկայացված էին 2005-ի Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում:

Ըստ «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանի, ներկայացված վավերագրական ֆիլմերն այնքան շատ ու բազմազան են, որ ընտրող հանձնաժողովը դեռ չի հասցրել սահմանված ժամկետում դիտել դրանք: Բայց այստեղ եւս կան հայտնի անուններ՝ Մայքլ Գլավոգեր (Ավստրիա), Գուննար Բերգդալ (Շվեդիա), Սերգեյ Լոզնիցա (Գերմանիա): «Մենք վաղուց մտադրություն ունեինք Ալմոդովարի ֆիլմը դնելու, իհարկե որոշել էինք՝ եթե գլխավոր մրցանակ ստանա Կաննի փառատոնում, չենք դնելու: Բայց մյուս կողմից ցանկալի է, որ հայ հանդիսատեսը տեսնի այդ ֆիլմը»,- նշեց Մ. Ստամբոլցյանը:

Լրագրողների հետաքրքրությանը, ե՞րբ է «Ոսկե ծիրանն» էլ որդեգրելու մյուս հեղինակավոր փառատոների հայտնի սկզբունքը՝ այլ փառատոնի մասնակցած ֆիլմ չընդգրկել մրցութային ծրագրում, պրն Ստամբոլցյանը պատասխանեց. «Ոչ բոլորն այդ սկզբունքն ունեն: Նույնիսկ մեծ՝ «Ա» կարգի փառատոները շատ հաճախ այդ սկզբունքին դավաճանում են, որովհետեւ աշխարհում փառատոներն ավելի շատ են, քան լավ ֆիլմերը»: Իսկ թե ինչու է հենց հայկական առաջին խաղարկային ֆիլմով՝ «Նամուսով» բացվելու «Ոսկե ծիրանը», պատճառը պարզ է՝ լրանում է Հ. Բեկնազարյանի ֆիլմի ստեղծման 80 տարին: Ի դեպ, «Նամուսը» Ֆրանսիայում վերականգնվել է «Պարադիզ»

ֆիրմայի ջանքերով: Վերջինիս ներկայացուցիչ Թագուհի Կարապետյանը տեղեկացրեց, որ ֆիլմը վերականգնվելուց հետո անցյալ տարվա վերջին ցուցադրվել էր փարիզյան՝ «Բալզակ» կինոդահլիճում: Ֆրանսիացիները հավանել են հայկական «Նամուսը» ու երկար ժամանակ ծափահարել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել