Մոսկովյան համերգից անմիջապես հետո,
հունիսի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, տարածաշրջանում առաջին անգամ հայ
ունկնդիրը հնարավորություն կունենա լսել աշխարհահռչակ Վիեննայի տղաների երգչախմբին:
Գեղարվեստական ղեկավարն է Ջերարդ Վիրթը, որը նույնպես այս երգչախմբի արտիստ
է եղել: Այս անակնկալը կմատուցեն «21-ի հեռանկարներ» 7-րդ երաժշտական միջազգային
փառատոնի կազմակերպիչները: Հանդիպեցինք փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանին:
Նա տեղեկացրեց, որ Վիեննայի տղաների երգչախումբը հիմնվել է 500 տարի առաջ եւ անգամ
մեկ օր չի դադարել գործել: Ժամանակին այս երգչախմբում են երգել Ֆրանց Շուբերտը, Հայդըն
եղբայրները, Մոցարտն ու Սոլիերին ստեղծագործել են հատուկ երգչախմբի համար եւ անձամբ
անցկացրել պարապմունքները: Հետաքրքրությանը, թե ինչպես է հաջողվել ավստրիացիներին
500 տարի շարունակ պահպանել այս երգչախումբը, Ս. Հովհաննիսյանը պատասխանեց. «Տղաներին
ընտրում են 3-4 տարեկանից: Նրանք, կտրված իրենց տնից, ապրում են մի մեծ ընտանիքում՝
Վիեննայի հայտնի «Բարոկկո» պալատում, կրելով կայսերական համազգեստ: Երգչախմբի գրեթե
բոլոր անդամներն ունեն բացարձակ լսողություն: Երբ լրանում է տղաների 14 տարին, սեռահասունացման
շրջանում, ինչպես գիտեք, փոփոխություն է կրում ձայնը եւ միայն այդ տարիքում նրանք
հրաժեշտ են տալիս իրենց մեծ ընտանիքին»: Գլխավոր մենեջերը նշեց նաեւ, որ տարվա կտրվածքով
տղաների երգչախումբը ունենում է 300 համերգ՝ ելույթ ունենալով 1,5 մլն հանդիսատեսի
առջեւ. «Ընդհանրապես, այս երգչախմբի կազմը 100 հոգի է, բաժանված 4 խմբի: Սա է պատճառը,
որ աշխարհի տարբեր կետերում կարելի է հանդիպել Վիեննայի տղաների երգչախմբին: Ընդ
որում, երգչախմբի ծրագիրը կազմված է ոչ միայն հոգեւոր ու դասական երկերից, այլեւ
աշխարհահռչակ փոփ աստղերի երգերից: Նրանք համագործակցում են այնպիսի աստղերի հետ,
ինչպիսիք են Մադոննան, Սելին Դիոնը եւ այլք: Վիեննայի տղաների երգչախումբը ձայնագրություններ
է կատարում եվրոպական եւ հոլիվուդյան ֆիլմերի համար: Հայերիս հատկապես ծանոթ է «Երաժշտության
հնչյունները» ֆիլմը: Այնպես որ, այս երգչախմբի ծրագիրը բազմազան է՝ սկսած Մոցարտից,
Բրամսից, Բարտոկից, Շտրաուսից, վերջացրած հանրամատչելի երաժշտությամբ ու աշխարհահռչակ
փոփ-հիթերով»: «Առավոտը» մենեջերից հետաքրքրվեց նաեւ՝ ի վերջո, ո՞րն է ձեր
աշխատելաոճի գաղտնիքը, ինչի շնորհիվ արդեն 7 տարի Հայաստան եք հրավիրում դասական
արվեստի գերաստղերին (Յուրի Բաշմետ, «Քրոնոս» եւ «Տոկիո» քառյակներ, Վիկտոր Տրետյակով,
Դավիդ Գերինգաս եւ այլն), եւ ինչպե՞ս եք լուծում նման երաժիշտների՝ Հայաստանի համար
աստղաբաշխական համարվող հոնորարների հարցը: Ս. Հովհաննիսյանն ասաց. «Եթե դուք նկատել
եք, մեր բուկլետներում եւ հայտագրերում նշված հովանավորներին, որոնք աջակցել են ժամանակին,
տարեցտարի միանում են նորերը: Վերջիններս տեսնում են նախկինների ֆինանսական աջակցության
արդյունքը: Ի վերջո, աշխատանքում պետք է լինել ոչ թե ազնիվ, այլ գերազնիվ: Ինչ վերաբերում
է գերաստղերի հոնորարներին, կարծում եմ, մեծամտություն չի լինի, եթե ասեմ, որ փառատոնը
արդեն կերտել է իր նկարագիրը եւ տարեցտարի հրավիրելով այս կամ այն աստղին, նրանք
անպայման հետաքրքրվում են մեր փառատոնում ժամանակին հյուրընկալված իրենց գործընկերներով»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ