Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի հանդեպ բռնությունը՝ Հայաստանում

Հունիս 01,2006 00:00

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Որքանո՞վ են պաշտպանվում երեխաների իրավունքները մեր երկրում:

Այս հրապարակմամբ ներկայացնենք Հայաստանում կատարված միակ ուսումնասիրությունը՝ երեխաների նկատմամբ կիրառվող բռնությունների վերաբերյալ: Այն 2003-ին իրականացրել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Հայ օգնության միություն» հ/կ-ի կամավորների աջակցությամբ: Ըստ միջազգային նորմերի, երեխաների դեմ բռնությունը գնահատվում է որպես երեխաների հիմնական իրավունքների եւ ազատությունների խախտում. երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածը երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից, եւ երեխայի պաշտպանության ապահովումն էլ մտնում է պետության պարտականությունների մեջ:

Այս ուսումնասիրության մեջ հարցման են ենթարկվել միակողմանի եւ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ու նրանց ընտանիքներ: Ապա ընտրվել են երկսերունդ եւ եռասերունդ ընտանիքներ՝ 28 քաղաքային եւ 83 գյուղական բնակավայրերից: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել են նաեւ 53 փորձագետ, 425 երեխա, գիշերօթիկ եւ հանրակրթական դպրոցների 161 մանկավարժ: Տարբերակված են 3 տիպի բռնություններ. հոգեբանական, որոնք անմիջական ազդեցություն են գործում երեխայի հոգեկան վիճակի կամ վարքագծի զարգացման վրա: Ըստ հարցման արդյունքների, սա հայ ընտանիքում ամենատարածված բռնության ձեւն է: Ֆիզիկական բռնությունները դրսեւորվում են ապտակի, ծեծի, տարբեր աստիճանների վնասվածքների, այրվածքների եւ այլ ձեւերով: Սեռական բռնությունը բնութագրվում է «երեխայի կամ դեռահասի իրական կամ հնարավոր շահագործմամբ եւ սեռական ինքնացուցադրմամբ, սեռական բնույթի շոյանքով, բռնաբարությամբ, սեռական շահագործմամբ եւ այլ ձեւերով»,- ասվում է հետազոտության մեջ: Ի դեպ, մեր երկրում երեխաների նկատմամբ կիրառվող սեռական բռնությունների վերաբերյալ իսպառ բացակայում են վիճակագրական տվյալները, քանի որ դրանք պատկանում են ներընտանեկան երեւույթների փակ համակարգին:

Ընտանիքից դուրս, հանրակրթական եւ հատկապես գիշերօթիկ դպրոցներում երեխաների նկատմամբ կիրառվող չարաշահումների մեջ գերակշռում են հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ձեւերը: «Ո՞վ է ավելի հաճախ ընտանիքում ձեզ պատժում» հարցին սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների տված պատասխաններից կարելի է փաստել, որ, ըստ տոկոսային հարաբերության, առաջին հերթին նրանց պատժում է մայրը՝ 64 տոկոս, այնուհետեւ տատը, պապը՝ 12 տոկոս, տանը գտնվող մյուս երեխաները՝ 8.9 տոկոս, այլ հարազատներ՝ 6.4 տոկոս:

Մեջբերենք երեխաների եւ մյուս ռեսպոնդենտների շրջանում անցկացված անանուն հարցումներից մի քանի հատված:

Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի- «Երբեմն տանը վեճեր են լինում, ինձ թվում է, որ իմ պատճառով է: Իրականում քեռակինը ինձ չի սիրում, իսկ վերջին վեճի ժամանակ ինձ խփեց: Ես վիրավորված լքեցի իրենց եւ տեղափոխվեցի մահացած քեռուս տուն: Այստեղ ես ինձ լավ եմ զգում…»:

Տավուշի մարզ, ք. Բերդ- «Երեխայի մարմնի վրա կապտուկներ կային: Դրանց առաջացման պատճառը մոր նյարդային բնավորությունը, անհանդուրժողականությունն էր: Երեխայի հետ զրույցից պարզ դարձավ, որ նույնիսկ խիստ անմեղ, մանկական արարքներին հետեւում էր մոր խիստ վերաբերմունքը, որը հաճախ վերածվում էր փայտով ծեծի: Սակայն երեխան, միեւնույն է, հասկանում էր մոր հոգեվիճակը եւ չէր դատապարտում»:

Սյունիքի մարզ, ք. Կապան- «Դպրոցում ուսուցիչը շատ սիրալիր էր երեխայի հանդեպ, լրացուցիչ պարապմունքների էր կանչում: Օրերից մի օր նա աղջկան ցանկանում է բռնաբարել: Աղջիկը հազիվ է փախչում նրա ճանկերից: Այդ դեպքից հետո աղջիկը մեկ շաբաթ դասի չի գնում: Իսկ երբ գալիս է դպրոց, դասի ժամանակ ուսուցիչը շատ կոպիտ է վերաբերվում: Այդպես շարունակվում է մոտ մեկ ամիս: Երեխան մորը ստիպում է, որպեսզի դպրոցը փոխի»:

Կոտայքի մարզ, ք. Հրազդան, աղջիկ, 12 տարեկան- «Դպրոցում ես ընկերներ չունեմ: Դասարանցիներն ինձ հաճախ ծաղրում են, ասում են՝ կյաժ: Դասերը չեմ հասկանում ու ֆիզիկայի դասատուն ջղայնանում է, քանոնով խփում»:

Սյունիքի մարզ, ք. Մեղրի- «Դպրոցում շատ հաճախ է պատահում, որ ընկերները նեղեն ծնողազուրկ երեխաներին: Դասամիջոցին մի խումբ երեխաներ հավաքվել էին բակում եւ ծիծաղում էին զոհված ազատամարտիկի երեխայի պատռված կոշիկի վրա: Այդ դեպքից հետո երեխան 2 օր դասի չեկավ»:

Պատրաստեց Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել