Որովհետեւ նրանց մի մասը մահացել է
Երեկ ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն էր: Պայքարը ՀՀ կառավարությունը, ի դեմս առողջապահության նախարարության, սկսել է 4-5 տարի առաջ: Երեկ գրեթե բոլոր հեռուստաալիքների հյուրերը ծխախոտի դեմ ակտիվ պայքարողներն էին, որոնք ծխախոտամոլներին փորձում էին համոզել, որ ծխելը քաղցկեղ, չբերություն եւ էլի մի շարք հիվանդություններ է առաջացնում: Նույն հեռուստաալիքներով այդ կոչերից մի քանի րոպե առաջ եւ հետո ապրանքանիշի անվան տակ հեռարձակվեցին ծխախոտի արտադրության առավելությունների մասին մոտ 2 ժամանոց կոմերցիոն հաղորդումներ:
Երեկ ծխելու թեմայով միջոցառումների ժամանակ պարզվեց՝ պայքարողներն իրենց գործունեության ընթացքում ծխողների թիվը նվազեցրել են ընդամենը 3-4 տոկոսով, ինչը, իրենց դիտարկմամբ՝ արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Նվազում է նկատվում հատկապես ծխողների 65-ից բարձր տարիքային խմբում, ինչը Հայաստանում հակածխախոտային ծրագրի կոորդինատոր Ալեքսանդր Բազարչյանը բացատրեց այսպես. «դա նրանից է, որ նրանք մեռել են»: Այսինքն, չի բացառվում, որ ծխողների այդ 3-4 % նվազումն էլ արձանագրվել է հիմնականում հենց այդ մահացածների հաշվին:
Այն հարցին, թե ինչպե՞ս եք պայքարում ծխելու դեմ, պարոն Բազարչյանը պատասխանեց՝ մանրամասն ներկայացնելով այն օրենքներն ու կոնվենցիաները, որոնք ընդունել են: Այսինքն՝ նրանց գործունեությունը սահմանափակվում է միայն օրենսդրական դաշտում փոփոխություններով, մինչդեռ օրենքի ոչ մի հոդված փաստացիորեն չի գործում: Փողոցներում մինչ օրս բաց տուփերով եւ հատիկով վաճառում են ծխախոտ, վաճառում են 5-6 տարեկան երեխաներին: Օրենքի որոշ հոդվածներ գործելու են 2007 եւ 2008-ից: Մասնավորապես, խոսքը հասարակական վայրերում, փոխադրամիջոցներում ծխելն արգելելու դրույթների մասին է: Բայց հաշվի առնելով, որ դեռեւս չի ստեղծվել այն լիազոր մարմինը, որը կվերահսկի օրենքի կիրարկումը եւ կպատժի խախտողներին, ուստի ոչ մի երաշխիք չկա, որ մյուս տարվանից վարորդներն էլ չեն ծխի: Այս պարագայում ծխախոտի դեմ պայքարի հաջողության մասին խոսելը նույնիսկ զավեշտալի է: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պարոն Բազարչյանն ասաց. «Հաջողությունը թվերով է արտահայտվում. այսօր տղամարդկանց 59.8 տոկոսն է ծխում, իսկ 6 տարի առաջ ծխում էր 63 տոկոսը: Ճիշտ է, այդ թիվը մեծ չէ, բայց մեր լուման դրանում կա»:
Պրն Բազարչյանից բացի, Հայաստանում ծխելու դեմ պայքարում են նաեւ 23 հասարակական կազմակերպություններ, որոնք միլիոնավոր դոլարների դրամաշնորհ են ստանում: Երբ փորձեցինք պարոն Բազարչյանից ճշտել, թե որքան գումար են ծախսում՝ պայքարելու համար, նա հարցը ոչ կոռեկտ համարեց՝ ավելացնելով. «Օրինակ, ես էս պրեսկոնֆերանսին ոչ մի կոպեկ չեմ ծախսել, իսկ պաստառները մենք շատ դեպքերում որպես օգնություն ենք ստանում: Անշուշտ, հ/կ-ները դրամաշնորհներ ստանում են՝ 3,6 եւ նույնիսկ 10 մլն դրամանոց, թող դոնոր կազմակերպությունները մոնիտորինգ անեն՝ տեսնեն իրենց դրամներն ուր են գնում»:
Դոնոր կազմակերպություններին կողմնորոշելու համար ասենք, որ Հայաստանը ծխող տղամարդկանց ցուցանիշով ԱՊՀ եւ եվրոպական բոլոր երկրների շրջանում շարունակում է մնալ առաջին հորիզոնականներում, ուստի ծխախոտամոլների նվազեցման գործում այդ գումարները չեն երեւում:
Հ. ՋԵԲԵՋՅԱՆ