Պնդում է պաշտպանության նախարարի եղբայրը՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը:
Հաղորդվել է, որ մայիսի 23-ին Ալեքսանդր Սարգսյանն ԱԺ միջանցքում վիրավորանքներ ու հայհոյանքներ էր ուղղել «Իրավունք» թերթի թղթակից Թագուհի Թովմասյանին, նաեւ սպառնացել, որ եթե չբացահայտի տեղեկատվության աղբյուրը՝ «Չասես՝ ով է ասել, պրոբլեմ կունենաս»: Հիշեցնենք՝ խոսքը լրագրողի հրապարակման մասին է, ըստ որի՝ մայիսի 3-ին Սոչիի չվերթից առաջ «Շանթ» ռեստորանում նշվել է մի քրեական հեղինակության ծննդյան օրը, մասնակցել էին նաեւ ԱԺ պատգամավորներ: Ըստ «Իրավունքի»՝ խնջույքի մասնակիցները խմելուց հետո մտաբերել էին, որ բավական խոշոր գումարի առնչությամբ խնդիր են ունեցել Ալեքսանդր Սարգսյանի հետ եւ նրան հանել էին դուրս, ռեստորանի բակում տեղի էր ունեցել «ռազբորկա», որը մի կերպ հարթվել էր:
Երեկ մեր զրույցի ընթացքում Ալեքսանդր Սարգսյանը հերքեց, թե վիրավորել է լրագրողին. «Ես մոտիկացել եմ նրան նորմալ ձեւի եւ ասել՝ եթե գրում եք, գոնե ճշմարտությանը մի մազաչափ մոտ գրեք: Ասել է՝ լավ ենք անում: Ես էլ ասել եմ՝ չի կարելի այդքան ցածրանալ եւ իզուր տեղը մարդկանց…»:
Ալեքսանդր Սարգսյանը հերքեց այդ հրապարակումը. «Ես այդ օրը ոչ մի բանի չեմ մասնակցել: Մեր պատգամավոր ընկերոջ՝ Մանվել Բադեյանի երեխայի կնունքն էր, մենք դրան ենք մասնակցել, մեր ամբողջ խմբակցությամբ գնացել ենք այնտեղ: Ես «Շանթ» գնացել եմ ուշացումով, ընդամենը 30-40 րոպե նստել եմ ու դուրս եկել: Ոչ մի «ռազբորկա» չի եղել»:
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ էր լրագրողի հետ զրույցի ընթացքում ոչ թե հերքել հրապարակումը, այլ անընդհատ փորձել պարզել տեղեկատվության աղբյուրը՝ Ալեքսանդր Սարգսյանը պատասխանեց. «Որովհետեւ ես գիտեմ, որ այդ աղջիկն ինքն իրենից չի հորինել: Ինչ-որ մեկն իրեն պատվեր է տվել եւ ասել է՝ գրեք: Չիմանա՞մ՝ ո՞վ է եղել: Էդ է եղել՝ ուրիշ ոչ մի բան»:
Ինչպե՞ս է բացատրում, որ թեեւ ինքը հերքում է թղթակցին հասցված վիրավորանքները՝ դա հաստատում են միջադեպին ներկա լրագրողները: Այս հարցին էլ պատասխանեց. «Որովհետեւ դրանք սաղ մի խումբ են, իրար ասածները պիտի հաստատեն: Չե՛մ վիրավորել: Ուղղակի ասել եմ, թե չի կարելի իջնել այդ աստիճանի, որ սուտ բանը փորձեն մարդու վրա փաթաթել»:
«Իրավունքից» Ալեքսանդր Սարգսյանի այս հակափաստարկների կապակցությամբ պարզաբանեցին, որ նրա պնդումները բացարձակ կապ չունեն իրականության հետ. «Իրականում եթե նա խոսեր այնպես, ինչպես խոսել է այս հարցազրույցում՝ զարգացումները հաստատ այլ ընթացք կունենային: Մինչդեռ նա խոսում էր հարձակողական տոնով եւ առաջին բառն էր՝ «դու կարա՞ս ատվետ ըլնես քո գրածին»: Եվ շարունակեց էլ առավել բորբոքված՝ «Ես ձեզ ի՞նչ հերքեմ, դուք կեղտ եք, զիբիլ եք»: Սրանք են նրա բառերը»:
Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ