Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԸՆԴԴԵՄ «ՄԻԱՎՈՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ»

Հունիս 01,2006 00:00

Ներիշխանական
նոր սկանդալ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս «Ազատություն»
ռ/կ-ին տված հարցազրույցում, ակնարկելով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,
ասել էր. «Հայաստանում ինչ-որ առումով ֆեոդալիզմ է: Կան մարդիկ, որոնք իրենք իրենց
ինչ-որ մարզի ֆեոդալն են համարում: Հստակ կարելի է ասել՝ այսինչ մարզի ֆեոդալն այսինչն
է… Խոսքը վերաբերում է Արագածոտնի մարզի ֆեոդալին, որը կարծում է՝ այդ մարզը իրենն
է: Եթե իրենն է, ուրեմն՝ մարզպետը պետք է իրեն ենթարկվի, կա՛մ առնվազն կիսով չափ
իրեն ենթարկվի, կա՛մ մասամբ իրեն ենթարկվի: Իսկ երբ դա չի տեսնում՝ նա չի կարողանում
դիմանալ եւ փորձ է անում ոստիկանական միջոցներ կիրառելով՝ ճնշում բանեցնել»: Եվ Արագածոտնի
դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանի գործունեությանն առնչվող ստուգումները ՀՅԴ
Բյուրոյի ներկայացուցիչը բացատրել էր քաղաքական դրդապատճառներով: Հրանտ Մարգարյանը
նաեւ խոսել էր Օշականի ընտրական հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանի դեպքի
մասին. «Խորհրդարանում ելույթ ունեցավ եւ խոսեց, որ նախագահական ընտրությունները
կեղծել են: Այդ մարդու հետ աշխատեցին ոստիկանապետը, դատախազի շատ մոտ մարդ Լյովա
Խաչատրյանը, եւ նա միանգամից հայտարարեց, որ դա սուտ էր»: Արագածոտնից ընտրված
ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինքը դերակատարություն ունեցե՞լ
է, որ Օշականի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սպարտակ Եղիազարյանը հրաժարվի
իր հայտարարություններից եւ սկսի քննադատել Արագածոտնի մարզպետին: «Այդ հարցը պետք
է ուղղել Եղիազարյանին, որին ես չե՛մ ճանաչել, չե՛մ ճանաչում եւ սկսել եմ ճանաչել
վերջին մի քանի օրվա ընթացքում: Պարզապես Օշականը նոր է կցվել իմ ընտրատարածքին,-
պատասխանեց Լեւոն Խաչատրյանը:- Այդ մարդու հետ նման հարցերով զրույց չեմ ունեցել:
Հիմա եմ ճանաչում: Եկել է, օգնել ենք աշխատանքի ընդունվելու: Ես բոլորին եմ օգնում
աշխատանքի ընդունվելու՝ ով որ խնդրում է /հիշեցնենք, որ Սպարտակ Եղիազարյանին տեղավորել
են տեղի էլեկտրացանցում.- Ա. Ի./: Հնարավորության դեպքում՝ ոչ միայն Սպարտակին, այլեւ
շատ-շատ մարդկանց եմ օգնել ընդունվելու աշխատանքի»: Սակայն լուրերի կապակցությամբ,
թե հենց ինքն է մարել համագյուղացիներին Սպարտակ Եղիազարյանի կուտակած շուրջ 1800
դոլար պարտքը՝ Լեւոն Խաչատրյանը պատասխանեց. «Ես նման բաներից տեղեկություն չունեմ՝
նա պարտք ունե՞ր, փակե՞լ է, թե՞ ոչ»: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի
նկատմամբ նախապատրաստվող նյութերի կապակցությամբ Հրանտ Մարգարյանը նշել էր. «Փաստն
այն է, որ մի քանի ամսվա երկարող քննությունները ոչ մի արդյունք չտվեցին: Լեռը մուկ
ծնեց»: Մեր հարցին, թե մարզպետի հետ հակասություններ ունե՞ն՝ Լեւոն Խաչատրյանը պատասխանեց.
«Իմ գործառույթների մեջ նման բաներ չեն մտնում՝ գործեր ստուգել կամ քրեական գործեր
բացել: Եթե նման խնդիրներ կան էլ՝ գոյություն ունեն իրավապահ մարմիններ, դատարան.
թող որոշեն՝ այն ժամանակ էլ կերեւա, թե ինչ է կատարվում կամ չի կատարվում»: Սակայն
հարցին ի պատասխան, թե որպես մարզից ընտրված պատգամավոր՝ գո՞հ է մարզպետի աշխատանքից,
Լեւոն Խաչատրյանն ասաց. «Հայ հեղափոխական դաշնակցությունը ազգանվեր շատ մեծ գործեր
է արել եւ անում է մինչ այսօր՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ արտերկրում: Եվ եթե ՀՅԴ որոշ
անդամներ իրենց տեղում չեն գտնվում կամ ինչ-որ կասկածներից ելնելով՝ ինչ-որ հայտարարություններ
են անում մեր հարաբերությունների, իմ կամ իմ ընկերական շրջապատի մասին՝ թող պատճառը
փնտրեն իրենց մեջ: Ես ոչ մեկից չեմ դժգոհում: Իսկ եթե այդ մարդիկ որոշ բաներից դժգոհում
են՝ կրկնում եմ, թող պատճառները փնտրեն իրենց մեջ»: Հիշեցնենք, որ Լեւոն Խաչատրյանը
նաեւ «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ է: ՀՅԴ Բյուրոյի
ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ե՛ւ «Ազատությանը», ե՛ւ ավելի վաղ՝ «Իրավունքին»
տված հարցազրույցներում համոզմունք էր հայտնել, թե այդ կուսակցությունը ստեղծում
է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: «ՀՀ գործող դատախազը իրավունք չունի
կուսակցություն ստեղծելու: Ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի կերպով նա չի կարող զբաղվել
կուսակցական աշխատանքներով: Վա՜յ էն ժողովրդին, վա՜յ էն պետականությանը, ուր գործող
դատախազը ուղղակի կամ անուղղակի ձեւով կուսակցություն է ստեղծում: Սա ամեն ինչի վերջն
է»,- ասել էր նա: Մեր հարցին, թե իր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ թեեւ Աղվան Հովսեփյանն
ի սկզբանե էր հերքել «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության ստեղծմանն իր առնչությունը՝
քաղաքական շրջանակներում ամրապնդված է մնում այն համոզումը, թե այն հենց գլխավոր
դատախազի կառույցն է՝ Լեւոն Խաչատրյանը պատասխանեց. «Սա համարում եմ պարզապես քաղաքական
խաղ՝ մեր դեմ արգելակներ դնելու, խանգարելու համար: Ուրիշ ոչ մի պատճառ ես չեմ տեսնում:
Մենք շատ լավ գիտենք, որ դատախազը նման խնդիրներով երբեք չի զբաղվում եւ պարզապես
հակում էլ չունի զբաղվելու քաղաքական ու կուսակցական խաղերով: Նա իր ազատ ժամանակը
սիրով տրամադրում է հասարակական աշխատանքին»: Վերջում նաեւ հետաքրքրվեցինք,
թե իր համար զարմանալի չէ՞ այն հանգամանքը, որ տարածքային կազմակերպություններ ու
անդամներ ունի մի կուսակցություն, որի ծրագիրն ու կանոնադրությունն անգամ առայժմ
հրապարակված չեն: Գուցե կարծում է, թե գաղափարախոսությունն ու ծրագիրը կուսակցության
համար առաջնայի՞ն չեն Հայաստանում: Լեւոն Խաչատրյանը պատասխանեց. «Քանի որ «Միավորում
հանուն Հայաստանի» կուսակցությունը նորաստեղծ է՝ այնպես է ստացվել, որ բոլոր սկզբնական
կազմակերպություններն էլ այսօր հնարավորություն ունեն իրենց առաջարկներով մասնակցել
ե՛ւ ծրագրի, ե՛ւ կանոնադրության ստեղծմանը, որը եւ մենք անում ենք այսօր: Խումբ է
աշխատում, կան ընդհանուր թեզիսներ, թե մենք որտեղ ենք մեզ տեսնում քաղաքական դաշտում
եւ այլն»: Սակայն նաեւ հավելեց մի շատ տեղին դիտարկում. «Ի՞նչ է, կարծում եք, թե
այլ կուսակցությունների անդամները կարդացե՞լ են իրենց ծրագիրը եւ հետո՞ են անդամագրվել:
Հարցումներ անցկացրեք այլ կուսակցությունների շարքային անդամների շրջանակում, թե
ծրագրի ո՞ր մասին են նրանք համաձայն եղել, ո՞րը կուզենային փոխել: Նման հարցումներ
արեք եւ կստանաք ձեր հարցի իրական պատասխանը»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել