Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ-Ն ԵՐԵԿ ԱՇԽԱՏԵՑ ՈՐՊԵՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Հունիս 01,2006 00:00

Հարցազրույց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի հետ

– Երեկ ՕԵԿ-ը կատարեց իր առաջին ընդդիմադիր քայլը խորհրդարանում՝ դարձյալ դեմ խոսելով «Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման մասին» օրինագծին, ինչպես նաեւ «Քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծին, եւ, փաստորեն, խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ դրանց քվեարկությունն ապահովել, եւ այդ օրինագծերը չընդունվեցին: Ինչո՞վ եք բացատրում այս իրավիճակը:

– ՕԵԿ քաղաքական ուժը նույնիսկ կոալիցիայի կազմում գտնվելով՝ կարողացել է հասնել այն բանին, որ վերոհիշյալ օրինագծերը 2 անգամ ետ են դարձվել կառավարությանը: Իսկ սրանցից մեկի՝ «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի հիմքում ընկած է այն, որ հարկեր, տուրքեր չվճարելու դեպքում, բացի այն, որ կան մի քանի անգամ գերազանցող տույժեր եւ տուգանքներ, դրա հետ միասին, որպես հավելում առաջարկվում էր նաեւ որոշ դեպքերի համար 6 տարի ազատազրկում: Սա մենք անթույլատրելի ենք համարում: Մենք բազմիցս ասել ենք, որ դեմ ենք տնտեսության քրեականացմանը եւ կողմ ենք տնտեսության ապաքրեականացմանը: Մենք ուրախ ենք, որ մեր գործընկերներից շատերը միացան մեր կարծիքին եւ, ինչպես տեսաք, չքվեարկեցին, եւ նախագիծը դարձյալ ետ ուղարկվեց կառավարություն:

– Սակայն Տիգրան Թորոսյանը հարկ համարեց նախքան քվեարկությունը շեշտել, որ նախագիծը որոշակի լուրջ փոփոխությունների է ենթարկվել:

– Նույն բանն իրենք ասում էին նաեւ ոչ վաղ անցյալում եւ նույնիսկ մեր հանձնաժողովում քննարկման ժամանակ: Այն ժամանակ ես ինքս դեմ եմ քվեարկել եւ ՕԵԿ-ը միշտ էլ ասել է, որ դեմ է, նույնիսկ դրական եզրակացություն չենք տվել:

– Կարելի՞ է այսպիսով արձանագրել, որ ՕԵԿ-ն իր նոր կարգավիճակում, որպես ընդդիմադիր ուժ, խորհրդարանում տարավ իր առաջին հաղթանակը:

– Այն ամենը, ինչ ուղղված է հօգուտ ժողովրդի, մենք միշտ կողմ ենք եղել, հակառակին մենք միշտ էլ դեմ ենք եղել, այսինքն՝ դեմ ենք եղել ստուգումների ավելացմանը, աշխատատեղերի կրճատմանը, տնտեսության քրեականացմանը: Չեմ կարող ասել, դա հաղթանակ էր, թե ոչ, թեպետ, ինչո՞ւ չէ, այո, կարելի է ասել, որ դա հաղթանակ էր: Ընդհանրապես միշտ հաղթողը ժողովուրդն է լինում, բայց այս դեպքում իրոք խորհրդարանում գտնվեցին ուժեր, որոնք միացան մեր առաջարկությանը եւ դեմ քվեարկեցին այս նախագծին: (Չէին քվեարկել ընդդիմադիր «Արդարություն» եւ «ԱՄ» խմբակցությունները, «Ժողպատգամավոր» խումբը, նաեւ որոշ գործարար, տնտեսական գործունեություն ծավալած մի խումբ պատգամավորներ- Մ. Ե.)։ Էլի փառք ու պատիվ մեր այն գործընկերներին, ովքեր փաստորեն միացան ՕԵԿ նախաձեռնությանը եւ չքվեարկեցին հօգուտ նախագծի, եւ այն չանցավ: Մենք պատրաստ չենք նրան, որ հայտարարագրեր պետք է ներկայացնեն բոլորը, մեր ժողովուրդը պատրաստ է դրան:

– Ի՞նչ վճիռ է կայացրել ՕԵԿ խմբակցությունը, Արթուր Բաղդասարյա՞նն է դառնալու խմբակցության ղեկավար, թե՞ կլինի այլ որոշում:

– Խմբակցությունը այդ մասին դեռ որոշում չի կայացրել, մենք առաջիկայում հարցը կքննարկենք, ինչպես նաեւ կքննարկենք այն հարցը՝ մասնակցելո՞ւ ենք արդյոք ԱԺ նախագահի ընտրություններին: Մենք խմբակցությունում իհարկե շատ հարցեր ենք քննարկել, Սամվել Բալասանյանն ինքն է առաջարկել, որ խմբակցության ղեկավար պետք է, իհարկե, լինի Արթուր Բաղդասարյանը, եւ հարցը մնացել է այսպես՝ կլինի այնպես, ինչպես կորոշի պարոն Բաղդասարյանը: Մենք՝ խմբակցության բոլոր անդամներս, այդ թվում նաեւ պարոն Բալասանյանը կողմ ենք եւ գտնում ենք, որ Արթուր Բաղդասարյանը պետք է լինի խմբակցության ղեկավարը:

– ՕԵԿ-ի տարածքային կառույցներից բավականին թվով մարդիկ են հեռացել, այդ թվում նաեւ Հրազդանի տարածքային կառույցից, որի մասին հրապարակում եղավ մամուլում: Ուրիշ ո՞ր կառույցներից են մարդիկ հեռացել:

– Նախ, ես կուզենայի Հրազդանի կառույցի, մասնավորապես Կոտայքի փոխմարզպետի վերաբերյալ ասել հետեւյալը: Ո՞ւմ հայտնի չէ, որ փոխմարզպետի տեղը կոալիցիոն հուշագրով նշանակված պաշտոն է, ոչ ոք չի կարող հրաժարվել, դա հուշագրի շրջանակներում ՕԵԿ-ին տրված քաղաքական պաշտոններից էր, որը ժամանակին առաջարկվել էր Լեւոն Միքայելյանին: Եվ ամենեւին այնպես չի, ինչպես ներկայացված էր վերջինիս կողմից: Հրազդանում մենք ունենք հզոր վարչություն, եւ վարչության անդամները 51 հոգի են, իսկ այստեղ խոսք է գնում 20-22 հոգու մասին, ընդ որում՝ ըստ չճշտված տեղեկությունների, հայտարարվում է, որ վարչությունը չի գործում: Ինչպե՞ս կարելի է այսպես խեղաթյուրել փաստը: Մի բան է, երբ 1-2 հոգի իր հետ դուրս են գալիս, եւ մեկ այլ բան, երբ հայտարարություններ են արվում ամբողջ վարչության անունից: Ուղղակի մտահոգիչ է այն, որ հայտարարում են, թե փոխմարզպետի պաշտոնում իրենց ՕԵԿ-ը չի նշանակել, ո՞նց կարելի է նման բան ասել, դա քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում կատարված նշանակում էր:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել