ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆԻ ԴԻԱՊԱԶՈՆԸ ՄԵԾԱՑԵԼ Է Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում 13 երկրից ժամանած 17 թավջութակահարներ կսկսեն իրենց մրցելույթները: Նախօրեին Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման արարողության եւ վիճակահանությունից հետո «Առավոտը» զրույցի հրավիրեց ժյուրիի անդամներ՝ Հյուսթոնի կոնսերվատորիայի պրոֆեսոր Վահրամ Սարաջյանին (ԱՄՆ), Բեռլինի արվեստների համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Բյոտչերին (Գերմանիա) եւ մրցույթի պատվավոր հյուր, Խորվաթիայի կոնսերվատորիայի ռեկտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի արտիստ» շքանշանի ասպետ Ինո Միրկովիչին: Մեզ հետաքրքրում էին արդեն երրորդ տարին մեծն Խաչատրյանի անունը կրող մրցույթի արձագանքները արտերկրում: Զրուցակիցները տեղեկացրին, որ աշխարհին հայտնի Խաչատրյան անունը, որ կրում է այս մրցույթը, հետաքրքրություն է առաջացրել իրենց երկրներում: Ի. Միրկովիչի փոխանցմամբ, որն արդեն երկրորդ տարին է հրավիրվում խաչատրյանական մրցույթին. «Միայն մասնակցությունը Խաչատրյանի հայրենիքում անցկացվող մրցույթին, հավատացնում եմ, բարձրագույն պարգեւ է ցանկացած երաժշտի համար»: Իտալիայի Ալպերում անցկացվող երաժիշտ կատարողների փառատոնի երաժշտական տնօրեն Վ. Սարաջյանն էլ փաստեց, որ հայաստանյան մրցույթի արձագանքները մեծ են աշխարհում, ուստի պատահական չէ, որ իրենք անցյալ տարի Ալպերի փառատոնային ծրագրում հրավիրել էին ելույթ ունենալ Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող, ջութակահարուհի Սաթենիկ Խուդոյանին: «Իմ երկրում եւ նրա սահմաններից դուրս այնքան եմ շփվել հայ երաժիշտների հետ, որ առաջին անգամ լինելով Հայաստանում, ինձ օտար չեմ զգում: Բախտ եմ ունեցել երկար տարիներ լինել Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարների կոնցերտմայստերը, աշխատել մեծանուն դիրիժոր Ֆոն Կարայանի հետ: Ի դեպ, ասում են՝ նրա արմատները հայկական են: Համագործակցել եմ դարձյալ աշխարհահռչակ թավջութակահար Պաբլո Կազալսի ասիստենտ, ազգությամբ հայ Դիրան Ալեքսանյանի հետ: Ժամանակին, Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթից հետո, Գերմանիայում եւս ելույթ ունեցան խաչատրյանական մրցանակակիրներից ոմանք: Անհերքելի է, որ այս մրցույթի մեծ ռեզոնանսի պատճառը նախ եւ առաջ Խաչատրյանի անունն է»,- ասաց Վ. Բյոտչերը: Եվրոպայից Հայաստան ժամանած որոշ արվեստագետներ փաստում են, որ այսօր աշխարհում տեղի են ունենում կասկած հարուցող մրցույթներ: Հարցին՝ կիսո՞ւմ են այս կարծիքը, ժյուրիի անդամները ձեռնպահ մնացին պատասխանից: Նրանք նշեցին, որ մրցույթի՝ ՀՀ կառավարության աջակցությամբ անցնելը արդեն խոսուն փաստ է: Դիտարկմանը՝ գաղտնիք չէ, որ աշխարհում դասական երաժշտարվեստի բնագավառում եւս մեծ դեր է խաղում նորին գերազանցություն ֆինանսը, բացառո՞ւմ եք, օրինակ, միջազգային մրցույթի մի մրցանակակիր երաժշտի, որը չունենալով ֆինանսական հնարավորություններ, այդպես էլ մնա ստվերում, իսկ մեկ ուրիշ միջին մակարդակի կատարողը, որն ունի այդ ֆինանս կոչվածը, հիանալի կարիերա անի, Վ. Սարաջյանը պատասխանեց. «Նման դեպքի չեմ հանդիպել: Ո՞ր մենեջերը կաշխատի ցածրակարգ արտիստի հետ, ո՞ր սիմֆոնիկ նվագախումբը կհամագործակցի նրա հետ»: Ի. Միրկովիչի հավաստմամբ, աշխարհում պրոֆեսիոնալ ունկնդիրը համերգասրահներում, TV-ներով, ինտերնետի միջոցով այնպիսի կատարումների է հաղորդակցվում, որ պարզապես միջին որակի երաժիշտը ունկնդիր չի հավաքի: Վ. Բյոտչերի կարծիքը դիտարկման շուրջ հստակ էր. «Երաժիշտները լինում են միայն բարձրակարգ»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ