ՈՒՄ ՈՒԶՈՒՄ՝ ԴՆՈՒՄ ԵՆ Դպրոցի տնօրենի ընտրություններն այս անգամ էլ դռնփակ անցան Երեկ Երեւանի թիվ 77 դպրոցում տնօրենի ընտրություն էր: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու, թե ինչպես են անցնում տնօրենների ընտրությունները մեր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Եվ ամեն անգամ մի նոր անակնկալի ենք գալիս: Որ այդ ընտրություններին կարող են միջամտել, ասենք, պաշտոնյաներ, հեղինակություններ, լայն կապեր ու հնարավորություններ ունեցող մարդիկ՝ մեր օրերում արդեն սովորական երեւույթ է դարձել: Բայց որ դպրոցի տնօրենի ընտրության նախօրյակին էլ կարող է դպրոցական խորհրդում փոփոխություն կատարվել՝ հօգուտ այս կամ այն թեկնածուի, նման բան տեսել էինք մեկ էլ Մայր բուհի ռեկտորի ընտրությունների դեպքում: Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդները 3-ն էին. դպրոցի 17 տարվա ուսմասվար, արդեն 9 ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մելանյա Ծատինյանը, կազմակերպչական գծով փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը եւ Մայակովսկու անվան դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարիա Մաթեւոսյանը, ով երկար տարիներ աշխատել է նաեւ քաղաքապետարանի կրթության վարչությունում իբրեւ տեսուչ: Վերջինս իր հույսը դրել էր միայն իր տվյալների վրա՝ որ դպրոցավարությունից տեղյակ է եւ պատկերացնում է տնօրենի աշխատանքը: Եվ թեեւ, իր իսկ ասելով, այս ընտրությունն իր համար պարզապես փորձաշրջան է, լուրջ հավակնություններ չունի, սակայն շատ հուզված էր եւ ասաց, որ մի քանի գիշեր նույնիսկ չի քնել: Ընտրության արդյունքում նա ոչ մի ձայն չհավաքեց: Հիմնական մրցակիցները մյուս երկուսն էին: Դպրոցի նախկին՝ 20 տարվա տնօրեն Լյուդմիլա Մնացականյանը, որ այսօր աշխատում է իբրեւ փոխտնօրեն, տարիքի հետ կապված թողել է պաշտոնը եւ երեկ ասում էր, որ իր դպրոցի 2 թեկնածուների հետ էլ հավասարապես կցանկանա աշխատել: Միայն թե, եթե ընտրվեր Սվետլանա Պետրոսյանը, ինքն այլեւս ուսմասվար չէր լինի, որովհետեւ թափուր կմնար միայն վերջինիս տեղը, իսկ այդ տեղում, տիկին Մնացականյանի կարծիքով, երիտասարդ է պետք: Սակայն Սվետլանա Պետրոսյանը չընտրվեց, եւ ամենքը պաշտոնավարելու մնացին իրենց տեղերում: Ընտրվեց Մելանյա Ծատինյանը՝ 4 կողմ, 3 դեմ ձայնով: Ընտրությունների ողջ ընթացքում թաքնված լարվածություն էր նկատվում: Բոլորն էլ խուսափում էին որեւէ կարծիք հայտնել, սակայն, առանց անուններ նշելու, 2 կողմերն էլ ասում էին, որ չեն բացառում որեւէ ճնշում՝ դրսից: Փորձեցինք կռահել ինքներս: Սվետլանա Պետրոսյանի որդին այդ նույն համայնքում՝ Արաբկիրում, ավագանու անդամ է, նրան է պատկանում դպրոցի հարեւանությամբ գործող «Նոյ» ռեստորանային համալիրը եւ նա թաղային հեղինակություններից է համարվում: Վերջիններիս շարքից է նաեւ տիկին Պետրոսյանի ընկերուհու ամուսինը, ով երեկ ընտրությունների ժամանակ, մանկավարժներից մեկի պատմելով, դուրս է կանչել խորհրդի անդամներից մեկին՝ թաղային հեղինակություն, «Կանազի» մշակույթի կենտրոնի տնօրեն Մանվել Սարիբեկյանին եւ, ըստ ներկաների, բուֆետում զրուցել: Ինքը՝ պրն Սարիբեկյանը մեզ ասաց, որ պարզապես դուրս է եկել ծխելու. «Ինձ ոչ մեկ չի կարող դուրս կանչել»,- ասաց նա: Մ. Սարիբեկյանը չի բացառում, որ որեւէ թեկնածուի օգտին ճնշումներ են եղել. «Քաղաքապետարանից շատ արագ փոխվեց իրենց ներկայացուցիչը, եւ ռեզուլտատը տեսաք՝ ինչ եղավ: Նախորդը, չգիտես ինչու, դիմումը տվեց, երբ նման նախադրյալներ չկային, եւ հիմա փոխվեց, տեսաք, ինչ-որ փողկապով մարդ (փողկապավորը քաղաքապետարանի սոցիալական բաժնի աշխատակից Ռադիկ Թադեւոսյանն էր- Հ. Բ.), եւ դա արվեց հօգուտ ներկայիս ընտրվածի»: Պրն Սարիբեկյանին հարցրինք՝ արդյոք հնարավո՞ր է թաղային հեղինակությունների միջամտությունն այս գործին. «Հեղինակությունը ով է, ե՞ս եմ, ես համայնքային հեղինակություն եմ եւ «Կանազ» մշակույթի կենտրոնի տնօրենն եմ, եթե ինձ կարելի է թաղային հեղինակություն համարել… նաեւ կինեմատոգրաֆիստ մարդու… 11 տարի կենտրոնը ղեկավարելով, 2 անգամ ավագանու անդամ լինելով… ի՞նչ ճնշում, երբ ես տարածքը լավ եմ ճանաչում»: Այն հանգամանքը, որ վերջին պահին խորհրդի կազմում փոփոխություն է կատարվել, թույլ է տալիս պրն Սարիբեկյանին եզրակացնելու, որ ընտրություններն այնքան էլ արդար չանցան. «Մամուլից էլ ենք կարդում, տեսնում, պարզվում է՝ մարդիկ ինչպես ուզում են, այնպես էլ լինում է»: Պրն Սարիբեկյանի խոսքն ընդհանուր առմամբ մեր երկրում կազմակերպվող ընտրությունների մասին է: Սվետլանա Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրսից ճնշում չի բացառում: Նա բացառեց միայն, որ իր որդո՛ւ կողմից կարող են որոշակի լծակներ գործի դրվել: Նա որոշակի լարվածություն եւ մտավախություն հենց սկզբից ուներ, եւ այդ մասին խոստովանեց, սակայն խուսափեց մանրամասնել: Խորհրդի անդամ մանկավարժներից մեկը վրդովված դուրս եկավ խորհրդի նիստից եւ ասաց, որ ինչ-որ մեկը փորձել է վիրավորել իրեն: Մի խոսքով, ամեն ինչ այնքան էլ հանգիստ պայմաններում չի անցել: Սակայն խորհրդի մյուս անդամներն ասվածը չհաստատեցին եւ փորձում էին ամեն ինչ կոծկել: Իսկ մենք հնարավորություն չունեցանք այդ ամենը տեսնել մեր աչքով, որովհետեւ խորհուրդը որոշեց, որ լրագրողը չպետք է մասնակցի նիստին: Ընդհանուր առմամբ, դպրոցի թե նախկին տնօրենը, թե նոր ընտրվածը դպրոցական խորհուրդների դերը ձեւական են համարում եւ կարծում են, որ տնօրենին կարող է ընտրել միայն գործին տեղյակ պրոֆեսիոնալը, որ նույնիսկ ծնողական համայնքի ներկայացուցիչները խորհրդի նիստերին դժկամությամբ են ներկայանում: Իսկ խորհրդի անդամ Մանվել Սարիբեկյանն ասում է, որ իր մասով չի կարող ոչինչ ձեւական լինել, որովհետեւ ինքը մտահոգված է դպրոցի ճակատագրով: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ