Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՈՑԱՊ

Մայիս 31,2006 00:00

ՍՈՑԱՊ ՏԵՍՈՒՉՆԵՐԸ «ԽԵՂԴՈՒՄ ԵՆ» ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻՆ Իսկ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նրանց հետ ոչինչ չի կարող անել: Գյումրիում էլ նպաստառուների ցուցակն աստիճանաբար մաղվում է: Սրանից պետք չէ եզրակացնել, թե աղետի գոտում աղքատների թիվը կրճատվել է կամ էլ Գյումրին իսկապես դարձել է իշխանությունների երազած «զարգացման գոտին»: Վերջերս մի առիթով Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ ազնվորեն խոստովանեց, որ իր մարզում նպաստառուների թվի նվազումը որեւէ կապ չունի աղքատության վերացման հետ: Դատելով գյումրեցիների բողոքներից, շատերին նպաստառուների ցուցակից դուրս են թողել արհեստականորեն՝ առանց լուրջ ուսումնասիրության, թե տվյալ ընտանիքն իրականում ինչպիսի սոցիալական պայմաններում է ապրում: Զարմանալիորեն, նպաստառուների ցուցակից դուրս են մնում բազմազավակ ընտանիքները, որոնք հինգ-վեց երեխա ունեն եւ սարսափելի աղքատ պայմաններում են ապրում: «Ուրիշ երկրներ միլիարդներ կուտան բազմազավակ ընտանիքներին, ըսոնք էլ մեզ հասանելիք երկու կոպեկը կզլանան տալ, թե չէ ո՞վ չիդե, որ մենք չէղնինք՝ էս պետության մեջ ծնելիության զրոյական ցուցանիշ կգրանցվի»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին «հիսունականները», որոնք աղանդավորական եկեղեցու ներկայացուցիչներ են եւ ընդհանրապես աբորտ չեն անում: Պարզվում է՝ «հիսունականները» կրկնակի տուժած են, քանի որ թոշակին 1000 դրամ ավելացվելու պատճառաբանությամբ նպաստից զրկվել են, բայց թոշակն էլ չեն կարողանում ստանալ, որովհետեւ հոգեւոր համոզմունքների պատճառով սոցիալական քարտ չեն վերցրել: Նպաստառուների ցուցակից մեխանիկորեն դուրս մնացածները ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, թե իրենց թոշակները 1000 դրամով ավելացնելը ի՞նչ կապ ունի նպաստի հետ: Նպաստառու գյումրեցիները պատրաստ են կառավարությանը հետ վերադարձնել այդ 1000 դրամը՝ միայն թե 7000 դրամ նպաստը վերականգնեն: Գյումրեցիների ներկայացմամբ՝ շատ նպաստառուներ ցուցակից դուրս են մնում սոցիալական ծառայության տեսուչների քմահաճույքով, մինչեւ համապատասխան վերաբերմունք ցույց չտաս՝ հաջորդ ամիս նպաստդ չեն տա: Օրերս Գյումրի այցելած աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանից հետաքրքրվեցինք, թե նախարարությունն ինչ միջոցներ է ձեռնարկում՝ սոցապի տեսուչների անօրինականությունները կանխելու համար: «Ցավոք, նրանք մեր նախարարության համակարգում չեն աշխատում, եւ մենք ընդամենը մեթոդական ցուցումներ կարող ենք տալ, նրանք տեղական ինքնակառավարման հետ են աշխատում, իրենք մեր ենթական չեն, մենք չենք էլ կարող պատժել, բնականաբար, եթե մեր ենթական չեն՝ մեզնից առանձնապես շատ չեն էլ վախենում»,- պատասխանեց փոխնախարարը: Թե ինչու է պարոն Բերիկյանը հրաժարվում նախարարության ենթակայությամբ աշխատող սոցապ տեսուչներից՝ մեզ համար անհասկանալի մնաց, որովհետեւ, եթե նույնիսկ բնակչության սոցիալական պայմանների մասին տվյալներ հավաքագրելու առումով տարածքային գործակալությունները համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ, դա չի նշանակում, թե տեսուչների ապօրինի գործողությունները պետք է ՏԻՄ-ը վերահսկի եւ համապատասխան պատժի ենթարկի: Գյումրեցիների խոսքերով՝ սոցապ նախարարությունը երկու տարի է՝ չի կարողանում նույնիսկ սոցիալական քարտերը կիրառության մեջ դնել. «Երկու տարի ա՝ համակարգը ներդրված է, սակայն նույն թղթաբանությունն ու քաշքշուկը կա, ուղղակի էդքան անձնական փաստաթղթերին մի թուղթ էլ ավելացել է»: Այս առնչությամբ էլ փոխնախարարը նկատեց. «Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ պատճառներով դեռեւս կիրառության մեջ չեն սոցիալական քարտերը, բայց եթե մենք կարողանայինք ընդհանուր բազա ստեղծել, դա առաջին մեծ հարվածն էր լինելու կենսաթոշակների, հարկերի ստվերայնությանը: Այս պահին սոցիալական քարտերի տվյալների բազան մեր նախարարությունում ստեղծվել է, երբ վերջնական տեսքի կգա, կտեսնեք, որ դա Հայաստանում ինֆորմացիայի փոխանակման, էլեկտրոնային մշակման համար հրաշալի բազա է լինելու»: Սակայն պարոն Բերիկյանը «հրաշալի» լուծում չխոստացավ ոչ «հավատացյալների», ոչ նպաստից զրկված տարեցների խնդրին եւ ոչ էլ այս համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ Գյումրի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել