Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ ՀՀ օրհներգ

Մայիս 31,2006 00:00

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ներկայացրեց իր
հեղինակած օրհներգը «Առավոտը» տեղեկացրել էր, որ 2005թ. դեկտեմբերին ուժի
մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում ընդունել
օրենք ՀՀ պետական խորհրդանիշների մասին: Առաջինը արձագանքողների թվում էին ԱԺ պատգամավոր,
մասնագիտությամբ բժիշկ Արմեն Աշոտյանը եւ Հայ արիների միության նախագահ, մասնագիտությամբ
իրավաբան Արմեն Ավետիսյանը: Հիշեցնենք, որ մեր թերթին տված հարցազրույցում ՀՀ ժողովրդական
արտիստ Յուրի Դավթյանը հասարակության բոլոր խավերին մատչելի ներկայացրել էր, որ երկրի
օրհներգի երաժշտության հնչյունները պետք է վեր բարձրանան, ոչ թե հակառակը, ինչպես
«Իտալացի աղջկա երգում» է: Օրերս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն էլ ներկայացրեց
օրհներգի իր տարբերակը, ինչի առիթով «Առավոտին» իրենց կարծիքն անգամ չկամեցան ներկայացնել
մասնագետները՝ կոմպոզիտորներն ու բանաստեղծները: Մտավորականության ստվար մասն էլ
համոզված է, որ Սովետական Հայաստանի համար Արամ Խաչատրյանի ու Սարմենի գրած հիմնը
հարիր էր խորհրդային շրջանին, ուստի պետք է նայել առաջ եւ ոչ թե վայրկյան ետ: Նրանք
գտնում են, որ հարկ է աշխարհին ներկայանալ կոմիտասյան օրհներգով, որի մասին շատերը
գերադասում են «ծպտուն չհանել»: Երեկ Երեւանի պետական համալսարանում անվանի
կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, հավանաբար հույսը կտրած բանաստեղծներից, ներկայացավ
ՀՀ օրհներգի ե՛ւ տեքստի, ե՛ւ երաժշտության սեփական տարբերակով: Ըստ կոմպոզիտորի,
«փորձ է արվել նրանում արտացոլել վերելքի ոգին, ինչպես նաեւ մութ ու ցուրտ տարիների
ապրումը»: Խոսելով Արամ Խաչատրյանի օրհներգի մասին՝ նա ասաց. «Դա Երկրորդ հանրապետության
խորհրդանիշն է: Մենք շրջվեցինք ետ, գնացինք դեպի Առաջին հանրապետության խորհրդանիշը
եւ սխալվեցինք: Հիմա շրջվել ենք ետ եւ ուզում ենք վերցնել Երկրո՞րդ հանրապետության
խորհրդանիշը եւ էլի սխալվելու ենք: Տվյալ դեպքում պետք է լինի ազատ, անկախ Հայաստանի
հիմն»: Այն հարցին, թե Ռ. Ամիրխանյանի ստեղծագործությունը լսելիս ունկնդիրը ներքին
մղումով կարո՞ղ է ձեռքը դնել սրտին, կոմպոզիտորը պատասխանեց. «Եթե ձեռքները սրտներին
չդնեն, գոնե գրպանից կհանեն»: Նա հարկ համարեց նշել, որ օրհներգի ընտրությունը պետք
է կատարի ժողովուրդը եւ ոչ թե ընտրվի կաբինետային որոշմամբ: «Ուսանողությունը աշխարհի
ամենաառաջադեմ ժողովուրդն է եւ կարող է իր խոսքն ասել, ինչը շատ կարեւոր է»,- շեշտեց
Ամիրխանյանը: Փորձեցինք լսել նաեւ ուսանողների կարծիքը: Նրանցից մեկը, որը
չցանկացավ ներկայանալ, ասաց. «Ես տխրեցի, երբ Ռ. Ամիրխանյանը Արամ Խաչատրյանի օրհներգի
մասին խոսելիս ասաց, որ երբ ինքը մանուկ հասակում լսում էր այն, ուզում էր մտնել
սեղանի տակ, որպեսզի չճնշվեր»: Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի
կարծիքով, ամիրխանյանական օրհներգը կընդունվի, «Ուսում» դպրոցի տնօրեն Սուսաննա Թամարյանը
եւս այդ կարծիքին էր: Ըստ Հայաստանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ
դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի. «Խաչատրյանինը հրաշալի հիմն էր, սակայն հիմա ժամանակները
փոխվել են: Կարծում եմ՝ Ամիրխանյանի փորձը հաջող է: Կուզենայի նոր եւ արժանապատիվ
օրհներգ ունենալ, իհարկե, պաշտելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը»: ԵՊՀ մշակութային
եղեռնի գիտահետազոտական լաբորատորիայի աշխատակից Քեյթի Գունդակչյանն էլ այսպես արտահայտվեց.
«Հավանեցի, բայց չեմ կարծում, որ այն հիմն կլինի: Խաչատրյանինը լավն է, պարզապես
պետք է նոր բառերով ներկայացնել»: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել