Դպրոցի
տնօրենի ընտրություններն այս անգամ էլ դռնփակ անցան Երեկ Երեւանի թիվ 77 դպրոցում
տնօրենի ընտրություն էր: Արդեն առիթ ունեցել ենք ներկայացնելու, թե ինչպես են անցնում
տնօրենների ընտրությունները մեր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Եվ
ամեն անգամ մի նոր անակնկալի ենք գալիս: Որ այդ ընտրություններին կարող են միջամտել,
ասենք, պաշտոնյաներ, հեղինակություններ, լայն կապեր ու հնարավորություններ ունեցող
մարդիկ՝ մեր օրերում արդեն սովորական երեւույթ է դարձել: Բայց որ դպրոցի տնօրենի
ընտրության նախօրյակին էլ կարող է դպրոցական խորհրդում փոփոխություն կատարվել՝ հօգուտ
այս կամ այն թեկնածուի, նման բան տեսել էինք մեկ էլ Մայր բուհի ռեկտորի ընտրությունների
դեպքում: Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդները 3-ն էին. դպրոցի 17 տարվա
ուսմասվար, արդեն 9 ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մելանյա Ծատինյանը, կազմակերպչական
գծով փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը եւ Մայակովսկու անվան դպրոցի անգլերենի ուսուցչուհի
Մարիա Մաթեւոսյանը, ով երկար տարիներ աշխատել է նաեւ քաղաքապետարանի կրթության վարչությունում
իբրեւ տեսուչ: Վերջինս իր հույսը դրել էր միայն իր տվյալների վրա՝ որ դպրոցավարությունից
տեղյակ է եւ պատկերացնում է տնօրենի աշխատանքը: Եվ թեեւ, իր իսկ ասելով, այս ընտրությունն
իր համար պարզապես փորձաշրջան է, լուրջ հավակնություններ չունի, սակայն շատ հուզված
էր եւ ասաց, որ մի քանի գիշեր նույնիսկ չի քնել: Ընտրության արդյունքում նա ոչ մի
ձայն չհավաքեց: Հիմնական մրցակիցները մյուս երկուսն էին: Դպրոցի նախկին՝ 20
տարվա տնօրեն Լյուդմիլա Մնացականյանը, որ այսօր աշխատում է իբրեւ փոխտնօրեն, տարիքի
հետ կապված թողել է պաշտոնը եւ երեկ ասում էր, որ իր դպրոցի 2 թեկնածուների հետ էլ
հավասարապես կցանկանա աշխատել: Միայն թե, եթե ընտրվեր Սվետլանա Պետրոսյանը, ինքն
այլեւս ուսմասվար չէր լինի, որովհետեւ թափուր կմնար միայն վերջինիս տեղը, իսկ այդ
տեղում, տիկին Մնացականյանի կարծիքով, երիտասարդ է պետք: Սակայն Սվետլանա Պետրոսյանը
չընտրվեց, եւ ամենքը պաշտոնավարելու մնացին իրենց տեղերում: Ընտրվեց Մելանյա Ծատինյանը՝
4 կողմ, 3 դեմ ձայնով: Ընտրությունների ողջ ընթացքում թաքնված լարվածություն
էր նկատվում: Բոլորն էլ խուսափում էին որեւէ կարծիք հայտնել, սակայն, առանց անուններ
նշելու, 2 կողմերն էլ ասում էին, որ չեն բացառում որեւէ ճնշում՝ դրսից: Փորձեցինք
կռահել ինքներս: Սվետլանա Պետրոսյանի որդին այդ նույն համայնքում՝ Արաբկիրում, ավագանու
անդամ է, նրան է պատկանում դպրոցի հարեւանությամբ գործող «Նոյ» ռեստորանային համալիրը
եւ նա թաղային հեղինակություններից է համարվում: Վերջիններիս շարքից է նաեւ տիկին
Պետրոսյանի ընկերուհու ամուսինը, ով երեկ ընտրությունների ժամանակ, մանկավարժներից
մեկի պատմելով, դուրս է կանչել խորհրդի անդամներից մեկին՝ թաղային հեղինակություն,
«Կանազի» մշակույթի կենտրոնի տնօրեն Մանվել Սարիբեկյանին եւ, ըստ ներկաների, բուֆետում
զրուցել: Ինքը՝ պրն Սարիբեկյանը մեզ ասաց, որ պարզապես դուրս է եկել ծխելու. «Ինձ
ոչ մեկ չի կարող դուրս կանչել»,- ասաց նա: Մ. Սարիբեկյանը չի բացառում, որ որեւէ
թեկնածուի օգտին ճնշումներ են եղել. «Քաղաքապետարանից շատ արագ փոխվեց իրենց ներկայացուցիչը,
եւ ռեզուլտատը տեսաք՝ ինչ եղավ: Նախորդը, չգիտես ինչու, դիմումը տվեց, երբ նման նախադրյալներ
չկային, եւ հիմա փոխվեց, տեսաք, ինչ-որ փողկապով մարդ (փողկապավորը քաղաքապետարանի
սոցիալական բաժնի աշխատակից Ռադիկ Թադեւոսյանն էր- Հ. Բ.), եւ դա արվեց հօգուտ ներկայիս
ընտրվածի»: Պրն Սարիբեկյանին հարցրինք՝ արդյոք հնարավո՞ր է թաղային հեղինակությունների
միջամտությունն այս գործին. «Հեղինակությունը ով է, ե՞ս եմ, ես համայնքային հեղինակություն
եմ եւ «Կանազ» մշակույթի կենտրոնի տնօրենն եմ, եթե ինձ կարելի է թաղային հեղինակություն
համարել… նաեւ կինեմատոգրաֆիստ մարդու… 11 տարի կենտրոնը ղեկավարելով, 2 անգամ
ավագանու անդամ լինելով… ի՞նչ ճնշում, երբ ես տարածքը լավ եմ ճանաչում»: Այն հանգամանքը,
որ վերջին պահին խորհրդի կազմում փոփոխություն է կատարվել, թույլ է տալիս պրն Սարիբեկյանին
եզրակացնելու, որ ընտրություններն այնքան էլ արդար չանցան. «Մամուլից էլ ենք կարդում,
տեսնում, պարզվում է՝ մարդիկ ինչպես ուզում են, այնպես էլ լինում է»: Պրն Սարիբեկյանի
խոսքն ընդհանուր առմամբ մեր երկրում կազմակերպվող ընտրությունների մասին է: Սվետլանա
Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դրսից ճնշում չի բացառում: Նա բացառեց միայն,
որ իր որդո՛ւ կողմից կարող են որոշակի լծակներ գործի դրվել: Նա որոշակի լարվածություն
եւ մտավախություն հենց սկզբից ուներ, եւ այդ մասին խոստովանեց, սակայն խուսափեց մանրամասնել:
Խորհրդի անդամ մանկավարժներից մեկը վրդովված դուրս եկավ խորհրդի նիստից եւ
ասաց, որ ինչ-որ մեկը փորձել է վիրավորել իրեն: Մի խոսքով, ամեն ինչ այնքան էլ հանգիստ
պայմաններում չի անցել: Սակայն խորհրդի մյուս անդամներն ասվածը չհաստատեցին եւ փորձում
էին ամեն ինչ կոծկել: Իսկ մենք հնարավորություն չունեցանք այդ ամենը տեսնել մեր աչքով,
որովհետեւ խորհուրդը որոշեց, որ լրագրողը չպետք է մասնակցի նիստին: Ընդհանուր առմամբ,
դպրոցի թե նախկին տնօրենը, թե նոր ընտրվածը դպրոցական խորհուրդների դերը ձեւական
են համարում եւ կարծում են, որ տնօրենին կարող է ընտրել միայն գործին տեղյակ պրոֆեսիոնալը,
որ նույնիսկ ծնողական համայնքի ներկայացուցիչները խորհրդի նիստերին դժկամությամբ
են ներկայանում: Իսկ խորհրդի անդամ Մանվել Սարիբեկյանն ասում է, որ իր մասով չի կարող
ոչինչ ձեւական լինել, որովհետեւ ինքը մտահոգված է դպրոցի ճակատագրով: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ