Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաննոն՝ Հայաստանում

Մայիս 30,2006 00:00

Վաննոն՝ Հայաստանում Իսպանաբնակ օպերային երգիչ Վաննո Թադեո Լեոն, նույն ինքը՝ Վահրամ Թադեւոսյանը, Կամերային երաժշտության տանը հունիսի 2-ին հանդես կգա մենահամերգով: Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի դասարանում ուսանած տենորի կարիերայի սկիզբը նշանավորվեց նրա մասնակցությամբ Ֆ. Վինիասի անվան միջազգային մրցույթում Վերդիի անվան մրցանակակիր դառնալով: Արտիստական բախտը Վ. Թադեւոսյանին ժպտաց նաեւ 1997-ին, երբ նա իր վրա հրավիրեց իտալացի ճանաչված գործակալներ Էռնեստո Պալացիոյի եւ Էտորե Վոլանտիերիի ուշադրությունը (եթե չենք սխալվում, վերջինս ժամանակին հանդիսացել է նաեւ ճանաչված տենոր Գեղամ Գրիգորյանի գործակալը- Ս. Դ.): Հիշատակված գործակալները 1998թ. երգչին միջնորդել են հանրահայտ «Լա Սկալա» թատրոնին կից վոկալ ակադեմիայում վարպետության դասընթացներ անցնել, որին հաջորդել են մենահամերգները Միլանում, Վենետիկում, Վերոնայում, Ֆլորենցիայում եւ այլուր: Արդեն վեց տարի է, ինչ Վ. Թադեւոսյանն ապրում է Իսպանիայում՝ հանդես գալով ինչպես համերգներով, այնպես էլ ներկայացումներում: Տեղի Cultura de VizKaia, Club Diario, Ultra-Musica, Arte-Musica եւ այլ կենտրոնական պարբերականներ իրենց էջերում ուշադրության են արժանացրել երգչին: Իսկ Getaria-ում կարդում ենք. «Ալֆրեդի դերերգում հանդես եկավ հայ տենոր Վաննո Թադեո Լեոնին, ում հնարավորություն ենք ունեցել ունկնդրելու Բիլբաոյում՝ «Տոսկա» օպերայի համերգային կատարման ժամանակ: Երգչի առավելությունը այն է, որ նա կարողացավ հանճարեղ Վերդիի բոլոր այն ցուցումները, որոնք պահանջվում էին կատարողից (պիանոներ եւ պիանիցիոներ) հիանալի ներկայացնել»: Բեմում նրա գործընկերներն են եղել ճանաչված անուններ Իռլանչու Բարտո Լոմենը, Խուան Լուիս Անասագաստին եւ այլք: Վ. Թադեւոսյանը առանձնացնում է Վալենսիայի ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցած երեկոն, ուր նա երգել է աշխարհահռչակ Պաատա Բուրչուլաձեի հետ: Պարբերականներից մեկում էլ կարդում ենք, որ երբ հանրահայտ երգիչ Ջակոմո Արագալլը ծանոթացել է Վահրամի հետ, բարձր գնահատելով երիտասարդ երգչի կատարողական արվեստը, առաջարկել է իր փոխարեն դուետ կատարել Մոնսերատ Կաբալիեի հետ: Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչու նա հանդես չի գալիս Երեւանի օպերային թատրոնում: Վ. Թադեւոսյանը տեղեկացրեց, որ 2000թ. Գեղամ Գրիգորյանը հրավիրել էր իրեն, վստահել Ալֆրեդի դերերգը Վերդիի «Տրավիատայում». «Պայմանագիր կնքեցինք մեկ տարով: Անցավ չորս ամիս, ես այն խզեցի: Այստեղ մնալս անիմաստ էր: Մոտենում էր ձմեռը, իսկ այդ ամիսներին թատրոնում ջեռուցում չկար: Լինելով միակ Ալֆրեդը, փորձում էի միաժամանակ մի քանի Վիոլետաների հետ («Տրավիատայի» գլխավոր հերոսուհին): Եվ ծանրաբեռնվածության արդյունքում ձայնալարերիս վիճակը վատթարացավ: Ինչ խոսք, կուզենայի բեմ բարձրանալ նաեւ Երեւանի օպերային թատրոնում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել