ՀՈՒՆԻՍՄԵԿՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ Արդեն 3-րդ տարին է՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան» կազմակերպությունները, «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ կազմակերպում են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարություն-փառատոն: Այս տարի փառատոնը կկայանա հունիսի 1-ին Կասկադ համալիրում՝ Ջերարդ Գաֆեսճեան արվեստի կենտրոնում: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ «Մանուկները՝ մանուկներին» եւ «Աստղերը՝ մանուկներին» խորագրերով: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան» կազմակերպությունների ղեկավար Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ կկազմակերպվի «Օրրանի» շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը կուղղվի բարեգործական նպատակներով: «Երեխաների լավագույն աշխատանքների տոնավաճառ կազմակերպելը 2 նպատակ ունի. նախ ուզում ենք լավ քաղաքացի կրթել եւ բարեգործություն սերմանել, մյուս կողմից էլ նրանց աշխատանքներից հավաքված գումարը կծառայեցվի կարիքավոր երեխաների ինչ-ինչ խնդիրների լուծմանը»,- պարզաբանեց տիկին Հովհաննիսյանը: Այս տարի փառատոնին կմասնակցեն նաեւ ճանաչված երգիծաբաններ, երգիչ-երգչուհիներ, կրկեսային արտիստներ, Մարիոնետների թատրոնը եւ այլք: Երեխաները ոչ միայն կնկարազարդեն կավե փոքրիկ կճուճների վրա, այլեւ կշփվեն հեքիաթների հերոսների հետ, իսկ վերջում սպասվում է շքեղ հրավառություն: «Մանկության հուշերն ու այդ շրջանի տոնակատարությունները անջինջ են մնում ամբողջ կյանքի ընթացում: Ուզում ենք, որ այս տոնակատարությունը եւս ավանդական դառնա, եւ երեխաները օրերը հաշվեն, թե երբ է գալու հաջորդ հունիսի 1-ը: Օրինակ, երբ փոքր էի, Համբարձման տոնին մեր բակում միշտ ես էի հարսնացուն լինում: Մինչեւ հիմա դա սիրով եմ հիշում»,- պատմեց Ա. Հովհաննիսյանը: Հետաքրքրվեցինք՝ որպես իրավաբան ի՞նչ կարծիքի է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանված լինելու մասին: Տիկին Հովհաննիսյանը փաստեց, որ թեեւ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիային, ընդունել նաեւ օրենքներ, սակայն մեր երեխաների իրավունքները ոչ միշտ են պաշտպանված: «Որպես ծնող, մենք պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն երեխաների, անել նրանց համար առավելագույնը, բայց մյուս կողմից էլ դժվարանում ենք նրանց ազատություն եւ ինքնուրույնություն տալ: Մինչդեռ Արեւմուտքում երեխաները շատ փոքր տարիքից ինքնուրույն են, ծնողներն իրենք են խրախուսում, որ նրանք տնից հեռանան, առանձին ապրեն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Հաջորդ հարցին՝ ինչո՞վ են հայաստանցի երեխաները տարբերվում արտասահմանցիներից, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր երեխաներն ավելի հարգալից են ծնողների հանդեպ, կապված իրենց հայրենիքին, Արեւմուտքում պատկերն այլ է: Բայց այնտեղ էլ երեխաներն անկաշկանդ են, անկախ, կրթությունը կենտրոնացած է նրանց ստեղծագործ մտքին զարկ տալուն, փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են յուրաքանչյուր երեւույթ ինքնուրույն վերլուծել: Իսկ հայաստանյան դպրոցներում երեխաներն ավելի շատ անգիր են անում, քան ինքնուրույն վերլուծում: Մի տեսակ անջրպետ է ստեղծվել հին սերնդի ուսուցիչների եւ աշակերտների միջեւ: Այսօր երեխաներն օտար լեզուների են տիրապետում, օգտվում ինտերնետից, ավելի տեղեկացված են, քան ուսուցիչները: Ուստի լուրջ մտահոգություն ունենք, որ ուսուցիչները վերապատրաստվեն, որպեսզի կարողանան պահել երեխաների հարգանքն իրենց հանդեպ: Ուրախ եմ, որ Հայաստանում այնքան են կարեւորել մարդու իրավունքները, որ արդեն 5-րդ տարին է՝ դպրոցներում որպես պարտադիր առարկա ուսուցանվում է «Մարդու իրավունքները»՝ 8-րդ դասարանում, «Քաղաքացիական կրթությունը»՝ 9-րդում եւ «Պետություն եւ իրավունքը»՝ 10-ում: Եթե սկզբում մեծերը մտավախություն ունեին, թե երեխաներին սովորեցնելով իրենց իրավունքները՝ պիտի խնդիրներ ունենան ընտանիքում, ապա այժմ այդ հարցը փակված է»,- տեղեկացրեց «Օրրան» բարեգործական կազմակերպության ղեկավարը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ