Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ո՞վ

Մայիս 30,2006 00:00

Ո՞վ է լավագույնը Երեւանի քաղաքապետարանը ուզում է առաջարկել 2-ական լավագույն մանկավարժ Ուսուցիչների, տնօրենների եւ դաստիարակների աշխատանքը խրախուսելու, հասարակության մեջ նրանց հեղինակությունը բարձրացնելու նպատակով ՀՀ ԿԳ նախարարի՝ թիվ 147-Ն, 15.03.06թ. հատուկ հրամանով հաստատվել են «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անցկացման կարգերը: ԿԳՆ «Կրթություն» պաշտոնաթերթի 29.03. 06թ. համարում տպագրվել է հայտարարություն, որտեղ ներկայացված են այն չափորոշիչները, որոնցով պետք է առաջնորդվել՝ ընտրության հարցում: Մրցույթի առաջին փուլն անցկացնում են մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) կրթության վարչությունները՝ նախապես ստեղծված մարզային գնահատող հանձնաժողովների միջոցով: Այնուհետեւ ընտրվում է յուրաքանչյուր մարզից մեկ թեկնածու, որոնք էլ անցնում են հանրապետական փուլ: Այս վերջին փուլում մրցույթն անցկացնում է ԿԳՆ-ն: Սակայն մինչ դրան հասնելը, մինչեւ մայիսի 25-ը մարզպետարանները (քաղաքապետարանը) ԿԳՆ հանրակրթության վարչություն պետք է ներկայացնեին արդեն ընտրված մեկական թեկնածուի անուն՝ յուրաքանչյուր անվանակարգից: Ընդ որում՝ մրցույթն անցկացվել է մարտի 25-ից ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում: Սակայն երեկ երեկոյան ԿԳՆ-ում կար միայն 6 մարզի արդյունք: ԿԳՆ Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ ասաց, որ թեեւ կարգով սահմանված է մայիսի 25-ը, բայց դեռ ժամանակ կա, եւ չեն շտապում: Մյուս կողմից Ն. Հովհաննիսյանը չի հանդուրժում կարգի որեւէ խախտում՝ կապված թեկնածուների թվի հետ: Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը, ի տարբերություն մյուս մարզերի, ուզում է մայրաքաղաքից ներկայացնել 2-ական թեկնածու: Քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանը կարծում է, որ Երեւանից մեկ թեկնածուն քիչ է, գոնե 2 թեկնածություն է պետք ներկայացնել, որովհետեւ մայրաքաղաքը մասշտաբներով չես կարող համեմատել մյուս մարզերի հետ: Երեկ կեսօրին նրանք ունեին 4 տնօրենի, 6 ուսուցչի եւ 3 դաստիարակի թեկնածություն: Իսկ երեկոյան պարզվեց, որ ամեն անվանակարգից 2-ական թեկնածու է մնացել, եւ ոչ մի կերպ հնարավոր չէ ընտրել լավագույնին: Տիկին Աչոյանը հավաստիացնում էր, որ բոլոր անվանակարգերի 2-ական թեկնածուներն էլ հավասար միավորներ են հավաքել, եւ այսօր հավանաբար նախարարություն կդիմեն՝ համաձայնության գալու այս հարցում: Հանրակրթության վարչության պետը, սակայն, մեզ հետ զրույցում ասում էր, որ իրենք թույլ չեն տա կարգի նման խախտում, եւ ինչպես սահմանված է՝ 1-ական հոգի, այնպես էլ կմնա, թույլ չեն տա, որ մայրաքաղաքը բացառություն լինի: Երեկ մեզ հետ զրույցում տիկին Աչոյանը հավաստիացնում է, որ ընտրությունը բացարձակ օբյեկտիվ է կատարվել՝ հատուկ մշակված չափորոշիչներով, ինչի հիմքում ընկած է նոր եւ ավանդական մեթոդների ճիշտ համադրումը, դրանց միջինի առկայությունը դպրոցում: Օրինակ, դպրոցներից մեկը (տիկին Աչոյանն իր խոսքում անուններ չնշեց) անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելիս ցույց է տվել 100 տոկոս առաջադիմություն, սակայն հանձնաժողովը, որ գրավոր աշխատանքներ է կազմակերպել հայոց լեզու, մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից, պարզել է, որ այդ տվյալը չի համապատասխանում դպրոցի իրական մակարդակին: Ի դեպ, նախարարի հաստատած կարգում մրցույթի հանրապետական փուլի աշխատանքներում պետք է ներգրավվեն նաեւ հ/կ-ների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գիտության եւ մշակույթի անվանի գործիչներ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել