Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոգդանները» չեկած՝ երթուղայինին նեղում են

Մայիս 30,2006 00:00

«Բոգդանները» չեկած՝ երթուղայինին նեղում են Քաղաքապետարանը միկրոավտոբուսները կրճատում է՝ ավտոբուսներին տեղ բացելու համար: Արդեն մի քանի ամիս է՝ թիվ 98 երթուղու սպասարկումից բազմաթիվ դժգոհություններ են լինում: Ուղեւորները բողոքում են, որ 98-ի երթուղայինները 20-25 րոպեն մեկ են երթեւեկում, այն էլ՝ գերբեռնված: Այս երթուղին սպասարկում է Հարավ-արեւմտյան Բ2 թաղամասից մինչեւ Զեյթունի ուսանողական հանրակացարանները, եւ հիմնական ուղեւորներն ուսանողներն են: Սովորաբար, երթուղիների սպասարկման հետ կապված խնդիրները ուղեւորների համար ստեղծում են տնտեսվարողները, որոնք քաղաքապետարանի սահմանած գծի մրցույթում հաղթող ճանաչվելու համար պահանջվող քանակի շարժակազմը հավաքում են, բայց հետո, արդեն գիծը շահագործելիս, մեքենաները տարբեր պատճառաբանությամբ քիչ-քիչ պակասեցնում: Թիվ 98 երթուղու դեպքում ճիշտ հակառակն է. տնտեսվարողը ուղեւորների հետ միասին պայքարում է, որ շարժակազմի քանակն ավելանա եւ գիծը նորմալ սպասարկվի: Սակայն քաղաքապետարանը որոշել է, որ 98-ի միկրոավտոբուսները մայրաքաղաքի երթեւեկությունը ծանրաբեռնում են, ուստի կրճատել է դրանց թիվը՝ 32-ից հասցնելով 27-ի: Այս առնչությամբ գիծը սպասարկող «Հակո» կոոպերատիվի նախագահ Վլադիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ շարժակազմը տեխնիկապես նորմալ վիճակում է, եւ խնդիրը քաղաքապետարանի հետ է. «Առաջ 3 րոպեն մեկ մեքենաները բաց էինք թողնում եւ ոչ մի բողոք չկար: Այժմ օրումեջ հնդիկ, չինացի եւ այլ ազգերի ուսանողները թարգմանչին առնում ու գալիս են մեր վրա կռիվ: 32-ից գծում մնացել է ընդամենը 27 մեքենա, որից 5-ը զապասն է: Եթե 22-ից էլ հանկարծ 2-3 մեքենա փչանում է՝ գիծը կաթվածահար է լինում»: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գլխավոր մասնագետ Հարություն Մելքումյանը պարզաբանում տալիս արդարացավ, որ «մենք 98-ի շարժակազմից չենք պակասեցրել, տնտեսվարողը մրցույթը 27 միկրոավտոբուսով է անցել»: Մինչդեռ գծի տիրոջ խոսքերով՝ այդ մրցույթը եղել է 2005-ի դեկտեմբերին, իսկ մեքենաների թիվը քաղաքապետարանը կրճատել է օգոստոսին, երբ դեռ ուժի մեջ էր նախորդ մրցույթը: Բացի այդ, քաղաքապետարանի այն պատճառաբանությունը, թե երթեւեկությունը ծանրաբեռնվում է, զարմանալիորեն տարածվում է միայն 98-ի վրա, որը մայրաքաղաքի ամենաերկար երթուղիներից է (գնալ-գալը 42 կմ), մինչդեռ կան 30-32 կմ սպասարկող երթուղագծեր՝ 40 շարժակազմով: Մի հանգամանք եւս. մրցույթին մասնակցելու համար տնտեսվարողները վարկով «Գազելներ» են գնում, որպեսզի մեքենաների թիվը մրցույթի պահանջներին համապատասխանի, հետո քաղաքապետարանը դրանց թիվը կրճատում է, որովհետեւ ավտոբուսներ է բերել: Մեր տեղեկություններով՝ 98-ի հետ կապված քաղաքապետարանը հեռահար նպատակներ ունի՝ գիծը միկրոավտոբուսների փոխարեն «Բոգդան» ավտոբուսներով սպասարկելու: Սա քաղաքապետարանից չհերքեցին՝ ասելով, որ ընդհանրապես ի հաշիվ ավտոբուսների նպատակ ունեն երթուղային տաքսիների թիվը կրճատել: Բայց թե կոնկրետ ավտոբուսները ո՛ր գծերին զուգահեռ կսպասարկեն՝ պարոն Մելքումյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ ավտոբուսները դեռ չեն բերել: Փաստորեն, քաղաքապետարանը ուղեւորների նյարդերի հաշվին իր պլաններն է գծում եւ ավտոբուսները դեռ չբերած՝ արդեն դրանց համար տեղ է բացում: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031