Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՐ

Մայիս 30,2006 00:00

Ո՞ՒՐ ԷԻՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ՆԿԱՐՆԵՐԸ «Կառավարության ընդունելությունների տնից 3 նկար անհետացել է»,- վստահեցնում են աշխատակիցները: Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել Կառավարության ընդունելությունների տան մի քանի աշխատակիցներ՝ հայտնելով, որ ընդունելությունների տնից մոտ 2 տարի առաջ շատ թանկարժեք 3 նկար է անհետացել, եւ մինչ օրս իրենց համար մութ է մնացել, թե ինչու պատկան մարմինները դրանով չզբաղվեցին եւ հարցը ներքին կարգով փակեցին: Աշխատակիցների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում, քանի որ, վերջիններիս ներկայացմամբ՝ տնօրինությունը նրանց հորդորել է այս թեման այլեւս չշոշափել, այլապես աշխատանքից կհեռացվեն: Ըստ աշխատակիցների, նկարների անհետացման մասին տեղյակ է եղել նաեւ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, բացի այդ, հեռուստաեթերով էլ այդ մասին հայտարարություն է եղել, բայց ոչ մի ընթացք խնդրին չի տրվել: Այն, որ նման աղմկահարույց խնդիրը սուսուփուս է լուծվել, աշխատակիցների համոզմամբ՝ «նշանակում է նկարների գործով ներսի մարդու մատն է խառը»: Նկատենք, որ Կառավարության ընդունելությունների տան արտաքին հսկողությունը շատ խիստ է, եւ ցանկացած միջոցառման ժամանակ այցելուներին անհրաժեշտ է առնվազն կես ժամ շուտ գալ՝ միջոցառումը բաց չթողնելու համար, քանի որ արդեն դարպասների մոտից անվտանգության մի խումբ աշխատակիցներ փաստաթղթերից, պայուսակից ու հագուստից սկսած մանրամասն ստուգում, շոշափում, նոր ներս են թողնում: Այնպես որ, աշխատակիցների առաջ բերած այն վարկածը, որ թանկարժեք նկարները «տակով» են արել ներսում, ավելի հավանական է: Կառավարության ընդունելությունների տան տնօրեն Թամարա Իկնոյանն ընդհանրապես հերքեց, որ իրենց շենքից նկար է անհետացել՝ հավաստիացնելով, որ Ազգային պատկերասրահի կողմից իրենց ժամանակավորապես ի պահ հանձնված 12 նկարն էլ իրենք «ողջ-առողջ» վերադարձրել են պատկերասրահին, եւ ոչ մի ցուցանմուշ չի պակասել: Բայց, մեր տեղեկություններով, չգիտես ինչու, այս նկարների գործով հետաքրքրվել եւ նույնիսկ ընդունելությունների տանը ստուգումներ է անցկացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազությունը, ինչը հաստատեց նաեւ տիկին Իկնոյանը: Այդ դեպքում առավել քան տարօրինակ է, թե դատախազությունը ինչու պետք է առանց որեւէ պատճառի ստուգումներ կատարեր: «Առավոտի» այս հարցին տնօրենն էլ որեւէ էական պատասխան չտվեց, միայն ասաց, որ իրենք Ազգային պատկերասրահի հետ պարտք ու պահանջ չունեն: Այս առնչությամբ Թ. Իկնոյանը նույնիսկ գրավոր դիմել է պատկերասրահի տնօրենին՝ խնդրելով գրավոր տեղեկանք տրամադրել, որ «2001թ. մայիսի 22-ի 07 ակտով մեզ ի պահ տված թանգարանային առարկաները վերադարձվել են Ազգային պատկերասրահին, եւ պատկերասրահը պահանջ չունի այդ աշխատանքների նկատմամբ»: Այնուամենայնիվ, նկարների շուրջ ինչ-որ գլխացավանք ստեղծվել է: Եթե նույնիսկ պատկերասրահի եւ Կառավարության ընդունելությունների տան միջեւ նկարների տալ-առնելը փաստաթղթով ամրագրվում է, պատկերասրահը գրավոր տեղեկանք այսպես թե այնպես պետք է տար, եւ հարկ չէր առաջանա, որ տնօրենը խնդրեր: Ի պատասխան տիկին Իկնոյանի գրավոր խնդրանքին՝ պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը գրել-ստորագրել է, որ «12 գեղանկարները 2004-ի նոյեմբերի 30-ին վերադարձված են Ազգային պատկերասրահին, եւ մենք այդ թանգարանային առարկաների վերաբերյալ որեւէ պահանջ չունենք»: Թ. Իկնոյանը պատրաստակամություն հայտնեց մեզ հետ միասին այցելել պատկերասրահ ու մեկ առ մեկ նկարները ստուգել, ինչը պատրաստվում ենք անել առաջիկայում: Սակայն կարելի է ենթադրել, որ բոլոր նկարներն էլ արդեն տեղում են. խնդիրն առաջացել է 2 տարի առաջ, եւ այս ընթացքում չի բացառվում, որ բոլոր հարցերը ներքին կարգով լուծած կլինեն: Սովորաբար, Կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվում են միջազգային ու միջպետական համաժողովներ, կոնֆերանսներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Հյուրերի աչքը շոյելու համար սրահները զարդարվում են թանգարանային նմուշներով: Պատկերասրահի 12 թանկարժեք նկարները եւս ընդունելությունների տանը տրամադրվել էին այդ նպատակով: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031