Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄՆ

Մայիս 30,2006 00:00

ՃԳՆԱԺԱՄՆ ՈՒՐԻՇ ՏԵՂ Է «Կա՞ արդյոք Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ, թե՞ չկա» խորիմաստ բանավեճում հակված եմ համաձայնել իշխանական կողմի հետ. խորհրդարանական ճգնաժամ բացարձակապես չկա: Այն պարզ պատճառով, որ խորհրդարան էլ չկա: Խամաճիկների մի խմբին փոխարինել է մեկ այլ խումբ, որը (բնականաբար, «պետության առաջ պատասխանատվություն ստանձնելու» բարձր հիմնավորմամբ) ստացել է պետական կերակրատաշտից իր համեստ բաժինը՝ պաշտոնների եւ դրանցից բխող տնտեսական օգուտների տեսքով: Իրոք, ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը: Պատկերացրեք, որ «Ազգային ժողով» կոչվող կերակրատաշտը (կամ, ավելի ճիշտ, այդ պետական կերակրատաշտի մասը կազմող «թասիկը») գոյություն չունի: Կառավարությունը մշակում է իրեն հարմար օրենքներ (ինչը եւ անում է), եւ հետո կատարում է օրենքների այն կետերը, որոնք իրեն հարմար են (ինչը եւ տեղի է ունենում): Ի՞նչն է ԱԺ-ի բացակայության դեպքում փոխվելու մեր՝ հասարակ մահկանացուներիս կյանքում: Արժե՞ պահել 131 հոգի եւ հսկայական ապարատ՝ այդ օրենքները ձեւականորեն «դակելու» համար: Թե՞ այդ անպետք ինստիտուտը՝ ԱԺ-ն, այսպես կոչված, «ընդդիմությունը» ներկայացնող մի քանի հոգու էժանագին «շոուների» համար է: Ավելի հեշտ չէ՞ր լինի այդ մի քանի հոգուն աշխատանքի ընդունել Երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում եւ շաբաթը երկու օր հեռարձակել նրանց հայտարարություններն ու հարցուպատասխանները: Բայց ճգնաժամ Հայաստանում իրականում կա. դա մտքի, խղճի եւ, լայն իմաստով, մշակույթի ճգնաժամ է: Դրա հիմքը դրվել է 11-12 տարի առաջ, երբ հրադադարից հետո սկսեց ստեղծվել այս՝ ներկայումս «կատարելության» հասած համակարգը, երբ իշխանական լծակներին սկսեցին մոտենալ անկիրթ եւ անգրագետ մարդիկ՝ իբր կռված, իբր «ազգին նվիրված»: Եվ այսօր, երբ դուք չեք կարող տարբերել նախարարին, գեներալին, պատգամավորին, թաղապետին քրեական հեղինակությունից, երբ դրանցից շատերը հայոց լեզվից 7-րդ դասարանի թելադրություն չեն կարող գրել, երբ նրանք փողոցային հայհոյանքներ են տեղում աղջիկ լրագրողների գլխին, երբ նրանց որդիները կարող են մարդ սպանել եւ անպատիժ մնալ, դա իսկապես ճգնաժամ է: Եվ խորհրդարանական ճգնաժամից շատ ավելի խոր եւ վտանգավոր: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031