Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ

Մայիս 30,2006 00:00

ԵՐԿՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ «Ապագայի հույսը ներկայից ավելի կարեւոր է»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը Հայաստանի օրենսդիր մարմնի պատմության մեջ խորհրդարանի նախագահները հրաժարական են տվել երեք անգամ: Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 91-ին հրաժարական տվեց զուտ այն պատճառով, որ ընտրվել էր երկրի նախագահ: Նման բան այլեւս չկրկնվեց: 1998-ին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով: Երրորդ գումարման ԱԺ նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականն էլ իր հերթին էր բացառիկ՝ իշխանափոխություն տեղի չէր ունեցել: Ինչո՞ւ ԱԺ նախագահը հեռացավ այսօր Արթուր Բաղդասարյանի հրաժարականն արդեն կատարված իրողություն է, եւ երեկ լրացավ այն հինգ օրը, որի ընթացքում Արթուր Բաղդասարյանը տեսականորեն կարող էր չվերահաստատել իր հրաժարականը: Սակայն դա գործնականում չէր կարող լինել, քանի որ սցենարը գծված էր ոչ այդ ընթացքի համար: Հիշեցնենք, որ գործընթացը սկսվեց ՀՀ նախագահի քննադատությունից՝ Ա. Բաղդասարյանի «անհաճո» արտահայտությունների հասցեին: Դրանից անմիջապես հետո կազմակերպվեց «առնետավազքը», որը նպատակ ուներ ՕԵԿ խմբակցությունը քանդելու: Այնուհետեւ Ա. Բաղդասարյանն առաջին անգամ հայտարարեց իր հրաժարականի մասին: ՕԵԿ-ն այլեւս ընդդիմադիր դաշտում է գործելու, որտեղ, սակայն, նրան առանձնապես գրկաբաց չեն սպասում: ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականը հնչեց արդեն երրորդ անգամ, եւ նույնիսկ նրանք, ովքեր մտածում էին, թե սա «սարքած» բան է, վերջնականապես համոզվեցին, որ ետդարձի կամուրջներն այրվեցին: Արթուր Բաղդասարյանը երեկ հրավիրել էր խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին եւ նրանց ներկայությամբ կրկնեց ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը: ՕԵԿ նախագահն ասաց. «Համաձայն ԱԺ կանոնակարգի, հինգ օր անց ես վերահաստատում եմ իմ հրաժարականը»: Իսկ լրատվամիջոցներին նա ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին երեք տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ նրանց, ովքեր գրել են իմ մասին ամենասուր եւ ամենաքննադատական հոդվածները, որովհետեւ քննադատությունն էլ է օգնում առաջ գնալու: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրագրողներին, ովքեր իմ քաղաքական գործունեությունը ճիշտ են հասկացել: Ես նրանց համարում եմ ոչ միայն լրագրողներ, այլեւ ինձ ընկերներ եւ վստահ եմ, որ մեր ընկերությունը այդ մարդկանց հետ կշարունակվի նաեւ ապագայում: Ուզում եմ հեռանալ բարությամբ եւ ոչ թե չարությամբ: Գերադասում եմ այսօր հարցերի չպատասխանել, որովհետեւ բոլոր հարցերին բազմիցս պատասխանվել է, նոր ասելիք չկա, կուսակցության հետագա քաղաքական կուրսի մասին հրապարակային գնահատականներ բազմիցս հնչել են»: Արթուր Բաղդասարյանը լրագրողներին գրիչներ եւ ալբոմներ նվիրեց, գրիչներ, որ դրանցով լավ լուրեր գրեն, եւ ալբոմներ, որ դրանց մեջ պահվեն միայն լավ հուշեր: Առաջիկայում սպասվում է ՕԵԿ արտահերթ համագումարը, որի ժամանակ կհստակեցվի կուսակցության հետագա գործունեության ծրագիրը՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Ինչո՞ւ ԱԺ նախագահը հեռացավ 1998-ին 1998 թվականի հունվարի 29-ին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի ծավալուն հարցազրույցում խոսվում է այն մասին, որ երկրում ճգնաժամ գոյություն չունի. «Որոշակի լարվածություն, իհարկե, կա: Սակայն իրավիճակը դրամատիզացնելու հիմքեր չեմ տեսնում: Մտահոգություն կա նաեւ հասարակության ներսում: Բայց ներքաղաքական կամ ներիշխանական ճգնաժամ Հայաստանում այսօր գոյություն չունի: Լարվածության առիթ հանդիսացավ արցախյան թեման: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում հիշեցնել, որ ԼՂ հարցի ռազմավարության առումով գոյություն ունի միասնական մոտեցում»: Ասել է նաեւ, որ «որոշ շրջանակներում գոյություն ունեցող տարբեր մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ կարելի է բնութագրել որպես մարտավարական, եթե չասենք՝ կրում են մեթոդոլոգիական բնույթ»: Իսկ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած կառավարության հնարավոր հրաժարականի մասին հարցին ի պատասխան՝ Բաբկեն Արարքցյանն ասել է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա: Ինչ վերաբերում է կառավարության հրաժարականին, ապա տեսականորեն դա իրականացնելի է այն դեպքում, երբ կառավարությունը չի ունենում խորհրդարանի մեծամասնությունը: Բայց նման հարց խորհրդարանում չի բարձրացվել»: Սա Լ. Տեր-Պետրոսյանի՝ երկրի նախագահի եւ իր թիմի հրաժարականից ընդամենը հինգ օր առաջ: Արդեն հունվարի 31-ի համարում մեր թերթը կանխատեսել էր, որ երկուշաբթի սկսվելիք ԱԺ հերթական նստաշրջանը ճակատագրական կլինի «Հանրապետություն» միավորման համար, այն այլեւս չի լինի մեծամասնություն եւ նրանից դուրս եկածները կհամալրեն «Երկրապահ» պատգամավորական խմբի շարքերը: Փետրվարի 3-ին 98-ի վերջին «առնետները» լքեցին հիմնականում «Հանրապետության» «նավը»: Սրանից հետո գրեթե միաժամանակ սկսվեց հրաժարականների շքերթը՝ առաջինը հրաժարական տվեց Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Արդեն փետրվարի 3-ի իր հարցազրույցում Բաբկեն Արարքցյանը ասում էր հետեւյալը. «Հիմա ավելի բարդ եմ գնահատում իրավիճակը, քան մի քանի օր առաջ իմ տված հարցազրույցում»: Նոր մեծամասնությունը պետք է իր խոսնակն ունենար: Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց եւ հայտարարեց. «Ես կիջնեմ դահլիճ, կզբաղեցնեմ այնտեղ պատգամավորի իմ տեղը: Հիմա արդեն որպես փոքրամասնություն՝ կսկսեմ պայքարել իմ տեսակետների համար: Եթե ինձ հաջողվի օրենքներում մեկ բառ, մեկ ստորակետ համապատասխանեցնել իմ գաղափարներին, դա իմ մեծ նվաճումը կհամարեմ: Եվ այսպես պիտի վարվի ցանկացած ընդդիմություն, փոքրամասնություն»: Սակայն առաջին անգամ նրա հրաժարականի մասին խորհրդարանը որոշում չընդունեց: Դրանից անմիջապես հետո, արդեն ավելի խիստ տոնայնությամբ, պարոն Արարքցյանը կրկնեց. «Ես այստեղ վարձու աշխատող չեմ եղել, որ մի այլ մեծամասնության ծրագիր իրականացնեմ, որն, ի դեպ, ինձ հայտնի էլ չի: Իմ ծրագրի վերաբերյալ այդ մարդիկ բացասական գնահատական են տալիս, ինչո՞ւ եք ստիպում, որ ես այսպիսի խոսքեր ասեմ այստեղ»: Դրանից հետո 25 դեմ ձայնով հրաժարականն ընդունվեց: ԱԺ նախագահի ընտրությունը եւս կանխատեսված էր. «Երկրապահներն» առաջարկեցին Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, եւ պարզ էր, որ նա էլ կընտրվեր»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել