Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԵՑԻՆ

Մայիս 30,2006 00:00

ԲԱՑԵՑԻՆ ՈՒ ՓԱԿԵՑԻՆ Երեկ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը կարճ ժամանակով բացվեց ու անակնկալ կերպով էլի փակվեց Վազգեն Սարգսյան 7 հասցեում՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տարածքում 12 տարի շարունակ տեղակայված «Ժառանգություն» կուսակցության գրասենյակն այս տարվա մարտի 4-ին թատրոնի տնօրինության հրահանգով եւ առանց կուսակցությանը տեղյակ պահելու փակվել էր: Թատրոնի աշխատակիցները եկել ու իրենց կողպեքն էին դրել գրասենյակի մուտքի դռանն ու գնացել: Կուսակցության նախագահը հայցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշի համայնքների 1-ին ատյանի դատարան՝ անօրինականությունը կասեցնելու, նաեւ կուսակցության գույքի նկատմամբ դրված արգելքը վերացնելու միջնորդությամբ: Ապրիլի 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը որոշում էր ընդունել «արգելել պատասխանող կողմին՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն ՊՈԱԿ-ին որեւէ գործողություն կատարել վիճելի՝ Երեւանի Վ. Սարգսյան 7 հասցեում գտնվող 168 քմ մակերեսով տարածքի, ինչպես նաեւ նրանում գտնվող հայցվորին պատկանող գույքի նկատմամբ՝ մինչեւ սույն քաղաքացիական գործի ըստ էության քննությունը: Սույն որոշումը ենթակա է անհապաղ կատարման ԴԱՀԿ-ին ՀՀ օրենքով սահմանված կարգով»: Անհապաղ ասվածն էլ տվյալ դեպքում հարաբերական էր եղել, որովհետեւ ԴԱՀԿ-ն դատարանի որոշումը ստացել էր ավելի քան մեկ ամիս անց՝ մայիսի 23-ին ու ի կատար ածելու էր եկել միայն երեկ: Եկել էին բացել, բայց մի քանի ժամ անց կրկին հայտնվել ու հայտարարել, որ գրասենյակը նորից պետք է փակվի, իսկ աշխատակիցները պետք է դուրս գան տարածքից: Երկար-բարակ բանակցություններից հետո կուսակցության աշխատակազմի ղեկավարն ասաց, թե իրենք դուրս կգան, բայց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն որոշում ընդունել չեն կարող, իսկ վերջինս հայտարարել էր, թե ինքը կուսակցության գրասենյակից դուրս չի գալու: «Մենք որեւէ երաշխիք չունենք, որ մեր գույքին էլի ձեռք չեն տա»,- հայտարարեց աշխատակազմի ղեկավար Գ. Կլենկչյանը: Նրա կարծիքով, ԴԱՀԿ-ն երեկ ցերեկը շատ ճիշտ էր վարվել, երբ թույլ էր տվել կուսակցության անդամներին մտնել գրասենյակ, բայց հետո ստացել էր այլ հրահանգ, վերադարձել էր կուսակցության անդամներին գրասենյակից հանելու վճռականությամբ: ԴԱՀԿ աշխատակիցներն առաջարկեցին իրենց գործողությունները բողոքարկելու համար դիմել կամ իրենց վերադասին, կամ դատարան: Այն, որ գրասենյակը կրկին փակելը հանկարծակի որոշում է եղել, միամտաբար, բայց, ըստ էության, խոստովանեց նաեւ ԴԱՀԿ աշխատակից Գագիկ Հարությունյանը: Նրա ասելով, 16:30-ին իրենք տեղյակ չեն պահել կուսակցության անդամներին, որ նրանք պարտավոր են հետո լքել գրասենյակը, եւ որ այն վերստին փակվելու է: «Չէ, մենք նման բան չենք պայմանավորվել, որ դուրս են գալու: Ես մի ժամ հետո եմ եկել ու հիմա ասում եմ, որ պիտի դուրս գան»,- հայտարարեց Գ. Հարությունյանը: Լրագրողի այն հարցին, թե՝ արդյոք ԴԱՀԿ աշխատակիցները ցերեկը գրասենյակը բացել ու հիմա էլ այն նորից փակում են դատարանի նո՞ւյն որոշման հիման վրա, Գ. Հարությունյանը պատասխանեց՝ «չէ», բայց հետո ինքն իրեն ուղղեց՝ «այո»: Կուսակցության քաղաքական քարտուղար Վարդան Խաչատրյանի փոխանցմամբ, թեեւ գրասենյակը փակելիս թատրոնի տնօրինությունը խոստացել էր, որ այնտեղ ոչ ոք չի մտնի մինչեւ դատարանի որոշումը, ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, մուտք էին գործել գրասենյակի տարածք: «Ոչ միայն մուտք են գործել, այլեւ համակարգիչ են մտել: Գրասենյակը փակված է եղել մարտի 4-ին, իսկ մարտի 8-ին, գիշերվա 2:30-ին ինչ-որ մարդիկ մտել են համակարգիչ: Բարդ է ասել, թե ով եւ ինչու, բայց երկու համակարգիչներում միջամտություններ են եղել, որոշ փաստաթղթեր ջնջվել են, որոշները նայել են, ֆայլերը խառնել: Այդ համակարգչում պահված են եղել կուսակցության փաստաթղթերը, որոշումների նախագծեր, կուսակցության անդամների ցուցակները, առաջիկա համագումարի աշխատանքների հետ կապված փաստաթղթեր, փակ վերլուծական փաստաթղթեր եւ այլն: Գրասենյակ մտնելու պահին էլ պատուհաններից մեկը բաց է եղել, հեռուստացուցը՝ միացված»: Ընդ որում, ցերեկն այս ամենը ԴԱՀԿ աշխատակիցներն արձանագրել էին: Վ. Խաչատրյանի դիտարկմամբ, ԴԱՀԿ աշխատակիցները միայն օրվա վերջում էին հանձնարարություն ստացել գրասենյակը նորից փակելու մասին: «Որքանով հասկանում եմ, դա արտաքին ճնշման արդյունք է: Իշխանական վերտիկալն այս անգամ, թերեւս, ճշգրիտ չի աշխատել, կամ դատարանը փորձել է իր որոշմամբ անկախություն դրսեւորել՝ անկախ իշխանությունների կամքից: Այլ կերպ դժվար է մեկնաբանել այն, ինչ հիմա կատարվում է: Իսկ կատարված հանցագործության՝ առանց մեր գիտության մեր գույքը տնօրինելու եւ համակարգիչներում միջամտություններ անելու փաստի առիթով մենք արդեն հայտարարություն ենք ներկայացրել ե՛ւ ՀՀ գլխավոր դատախազությանը, ե՛ւ ԱԱԾ-ին, ե՛ւ Կենտրոնի ոստիկանությանը»,- երեկ երեկոյան պարզաբանեց Վ. Խաչատրյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել