Արդեն
3-րդ տարին է՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան» կազմակերպությունները,
«Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ
կազմակերպում են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված տոնակատարություն-փառատոն:
Այս տարի փառատոնը կկայանա հունիսի 1-ին Կասկադ համալիրում՝ Ջերարդ Գաֆեսճեան
արվեստի կենտրոնում: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ «Մանուկները՝ մանուկներին»
եւ «Աստղերը՝ մանուկներին» խորագրերով: «Հայաստանի պատանեկան նվաճումներ» եւ «Օրրան»
կազմակերպությունների ղեկավար Արմինե Հովհաննիսյանն ասաց, որ կկազմակերպվի «Օրրանի»
շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը
կուղղվի բարեգործական նպատակներով: «Երեխաների լավագույն աշխատանքների տոնավաճառ
կազմակերպելը 2 նպատակ ունի. նախ ուզում ենք լավ քաղաքացի կրթել եւ բարեգործություն
սերմանել, մյուս կողմից էլ նրանց աշխատանքներից հավաքված գումարը կծառայեցվի կարիքավոր
երեխաների ինչ-ինչ խնդիրների լուծմանը»,- պարզաբանեց տիկին Հովհաննիսյանը: Այս
տարի փառատոնին կմասնակցեն նաեւ ճանաչված երգիծաբաններ, երգիչ-երգչուհիներ, կրկեսային
արտիստներ, Մարիոնետների թատրոնը եւ այլք: Երեխաները ոչ միայն կնկարազարդեն կավե
փոքրիկ կճուճների վրա, այլեւ կշփվեն հեքիաթների հերոսների հետ, իսկ վերջում սպասվում
է շքեղ հրավառություն: «Մանկության հուշերն ու այդ շրջանի տոնակատարությունները անջինջ
են մնում ամբողջ կյանքի ընթացում: Ուզում ենք, որ այս տոնակատարությունը եւս ավանդական
դառնա, եւ երեխաները օրերը հաշվեն, թե երբ է գալու հաջորդ հունիսի 1-ը: Օրինակ, երբ
փոքր էի, Համբարձման տոնին մեր բակում միշտ ես էի հարսնացուն լինում: Մինչեւ հիմա
դա սիրով եմ հիշում»,- պատմեց Ա. Հովհաննիսյանը: Հետաքրքրվեցինք՝ որպես իրավաբան
ի՞նչ կարծիքի է Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանված լինելու մասին: Տիկին
Հովհաննիսյանը փաստեց, որ թեեւ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների
պաշտպանության կոնվենցիային, ընդունել նաեւ օրենքներ, սակայն մեր երեխաների իրավունքները
ոչ միշտ են պաշտպանված: «Որպես ծնող, մենք պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն
երեխաների, անել նրանց համար առավելագույնը, բայց մյուս կողմից էլ դժվարանում ենք
նրանց ազատություն եւ ինքնուրույնություն տալ: Մինչդեռ Արեւմուտքում երեխաները շատ
փոքր տարիքից ինքնուրույն են, ծնողներն իրենք են խրախուսում, որ նրանք տնից հեռանան,
առանձին ապրեն»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: Հաջորդ հարցին՝ ինչո՞վ են հայաստանցի
երեխաները տարբերվում արտասահմանցիներից, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր երեխաներն
ավելի հարգալից են ծնողների հանդեպ, կապված իրենց հայրենիքին, Արեւմուտքում պատկերն
այլ է: Բայց այնտեղ էլ երեխաներն անկաշկանդ են, անկախ, կրթությունը կենտրոնացած է
նրանց ստեղծագործ մտքին զարկ տալուն, փոքր տարիքից երեխաներին սովորեցնում են յուրաքանչյուր
երեւույթ ինքնուրույն վերլուծել: Իսկ հայաստանյան դպրոցներում երեխաներն ավելի շատ
անգիր են անում, քան ինքնուրույն վերլուծում: Մի տեսակ անջրպետ է ստեղծվել հին սերնդի
ուսուցիչների եւ աշակերտների միջեւ: Այսօր երեխաներն օտար լեզուների են տիրապետում,
օգտվում ինտերնետից, ավելի տեղեկացված են, քան ուսուցիչները: Ուստի լուրջ մտահոգություն
ունենք, որ ուսուցիչները վերապատրաստվեն, որպեսզի կարողանան պահել երեխաների հարգանքն
իրենց հանդեպ: Ուրախ եմ, որ Հայաստանում այնքան են կարեւորել մարդու իրավունքները,
որ արդեն 5-րդ տարին է՝ դպրոցներում որպես պարտադիր առարկա ուսուցանվում է «Մարդու
իրավունքները»՝ 8-րդ դասարանում, «Քաղաքացիական կրթությունը»՝ 9-րդում եւ «Պետություն
եւ իրավունքը»՝ 10-ում: Եթե սկզբում մեծերը մտավախություն ունեին, թե երեխաներին
սովորեցնելով իրենց իրավունքները՝ պիտի խնդիրներ ունենան ընտանիքում, ապա այժմ այդ
հարցը փակված է»,- տեղեկացրեց «Օրրան» բարեգործական կազմակերպության ղեկավարը: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ