Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մայիս 30,2006 00:00

«Ապագայի
հույսը ներկայից ավելի կարեւոր է»,- հայտարարեց ՕԵԿ նախագահը Հայաստանի օրենսդիր
մարմնի պատմության մեջ խորհրդարանի նախագահները հրաժարական են տվել երեք անգամ: Գերագույն
խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 91-ին հրաժարական տվեց զուտ այն պատճառով,
որ ընտրվել էր երկրի նախագահ: Նման բան այլեւս չկրկնվեց: 1998-ին ԱԺ նախագահ Բաբկեն
Արարքցյանը հրաժարական տվեց քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով: Երրորդ գումարման
ԱԺ նախագահ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրաժարականն էլ իր հերթին էր բացառիկ՝
իշխանափոխություն տեղի չէր ունեցել: Ինչո՞ւ ԱԺ նախագահը հեռացավ այսօր Արթուր
Բաղդասարյանի հրաժարականն արդեն կատարված իրողություն է, եւ երեկ լրացավ այն հինգ
օրը, որի ընթացքում Արթուր Բաղդասարյանը տեսականորեն կարող էր չվերահաստատել իր հրաժարականը:
Սակայն դա գործնականում չէր կարող լինել, քանի որ սցենարը գծված էր ոչ այդ ընթացքի
համար: Հիշեցնենք, որ գործընթացը սկսվեց ՀՀ նախագահի քննադատությունից՝ Ա. Բաղդասարյանի
«անհաճո» արտահայտությունների հասցեին: Դրանից անմիջապես հետո կազմակերպվեց «առնետավազքը»,
որը նպատակ ուներ ՕԵԿ խմբակցությունը քանդելու: Այնուհետեւ Ա. Բաղդասարյանն առաջին
անգամ հայտարարեց իր հրաժարականի մասին: ՕԵԿ-ն այլեւս ընդդիմադիր դաշտում է գործելու,
որտեղ, սակայն, նրան առանձնապես գրկաբաց չեն սպասում: ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարականը
հնչեց արդեն երրորդ անգամ, եւ նույնիսկ նրանք, ովքեր մտածում էին, թե սա «սարքած»
բան է, վերջնականապես համոզվեցին, որ ետդարձի կամուրջներն այրվեցին: Արթուր Բաղդասարյանը
երեկ հրավիրել էր խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողներին եւ նրանց ներկայությամբ
կրկնեց ԱԺ նախագահի պաշտոնից իր հրաժարականը: ՕԵԿ նախագահն ասաց. «Համաձայն ԱԺ կանոնակարգի,
հինգ օր անց ես վերահաստատում եմ իմ հրաժարականը»: Իսկ լրատվամիջոցներին նա ասաց.
«Շնորհակալություն եմ հայտնում բոլորին երեք տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն
եմ հայտնում նաեւ նրանց, ովքեր գրել են իմ մասին ամենասուր եւ ամենաքննադատական հոդվածները,
որովհետեւ քննադատությունն էլ է օգնում առաջ գնալու: Շնորհակալություն եմ հայտնում
բոլոր այն լրագրողներին, ովքեր իմ քաղաքական գործունեությունը ճիշտ են հասկացել:
Ես նրանց համարում եմ ոչ միայն լրագրողներ, այլեւ ինձ ընկերներ եւ վստահ եմ, որ մեր
ընկերությունը այդ մարդկանց հետ կշարունակվի նաեւ ապագայում: Ուզում եմ հեռանալ բարությամբ
եւ ոչ թե չարությամբ: Գերադասում եմ այսօր հարցերի չպատասխանել, որովհետեւ բոլոր
հարցերին բազմիցս պատասխանվել է, նոր ասելիք չկա, կուսակցության հետագա քաղաքական
կուրսի մասին հրապարակային գնահատականներ բազմիցս հնչել են»: Արթուր Բաղդասարյանը
լրագրողներին գրիչներ եւ ալբոմներ նվիրեց, գրիչներ, որ դրանցով լավ լուրեր գրեն,
եւ ալբոմներ, որ դրանց մեջ պահվեն միայն լավ հուշեր: Առաջիկայում սպասվում է ՕԵԿ
արտահերթ համագումարը, որի ժամանակ կհստակեցվի կուսակցության հետագա գործունեության
ծրագիրը՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ: Ինչո՞ւ ԱԺ նախագահը հեռացավ 1998-ին
1998 թվականի հունվարի 29-ին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի ծավալուն հարցազրույցում
խոսվում է այն մասին, որ երկրում ճգնաժամ գոյություն չունի. «Որոշակի լարվածություն,
իհարկե, կա: Սակայն իրավիճակը դրամատիզացնելու հիմքեր չեմ տեսնում: Մտահոգություն
կա նաեւ հասարակության ներսում: Բայց ներքաղաքական կամ ներիշխանական ճգնաժամ Հայաստանում
այսօր գոյություն չունի: Լարվածության առիթ հանդիսացավ արցախյան թեման: Այդ կապակցությամբ
հարկ եմ համարում հիշեցնել, որ ԼՂ հարցի ռազմավարության առումով գոյություն ունի
միասնական մոտեցում»: Ասել է նաեւ, որ «որոշ շրջանակներում գոյություն ունեցող տարբեր
մոտեցումները բանակցային գործընթացի վերաբերյալ կարելի է բնութագրել որպես մարտավարական,
եթե չասենք՝ կրում են մեթոդոլոգիական բնույթ»: Իսկ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած
կառավարության հնարավոր հրաժարականի մասին հարցին ի պատասխան՝ Բաբկեն Արարքցյանն
ասել է. «Հայաստանում սահմանադրական ճգնաժամ չկա: Ինչ վերաբերում է կառավարության
հրաժարականին, ապա տեսականորեն դա իրականացնելի է այն դեպքում, երբ կառավարությունը
չի ունենում խորհրդարանի մեծամասնությունը: Բայց նման հարց խորհրդարանում չի բարձրացվել»:
Սա Լ. Տեր-Պետրոսյանի՝ երկրի նախագահի եւ իր թիմի հրաժարականից ընդամենը հինգ օր
առաջ: Արդեն հունվարի 31-ի համարում մեր թերթը կանխատեսել էր, որ երկուշաբթի սկսվելիք
ԱԺ հերթական նստաշրջանը ճակատագրական կլինի «Հանրապետություն» միավորման համար, այն
այլեւս չի լինի մեծամասնություն եւ նրանից դուրս եկածները կհամալրեն «Երկրապահ» պատգամավորական
խմբի շարքերը: Փետրվարի 3-ին 98-ի վերջին «առնետները» լքեցին հիմնականում «Հանրապետության»
«նավը»: Սրանից հետո գրեթե միաժամանակ սկսվեց հրաժարականների շքերթը՝ առաջինը հրաժարական
տվեց Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Արդեն փետրվարի 3-ի իր հարցազրույցում
Բաբկեն Արարքցյանը ասում էր հետեւյալը. «Հիմա ավելի բարդ եմ գնահատում իրավիճակը,
քան մի քանի օր առաջ իմ տված հարցազրույցում»: Նոր մեծամասնությունը պետք
է իր խոսնակն ունենար: Բաբկեն Արարքցյանը հրաժարական տվեց եւ հայտարարեց. «Ես կիջնեմ
դահլիճ, կզբաղեցնեմ այնտեղ պատգամավորի իմ տեղը: Հիմա արդեն որպես փոքրամասնություն՝
կսկսեմ պայքարել իմ տեսակետների համար: Եթե ինձ հաջողվի օրենքներում մեկ բառ, մեկ
ստորակետ համապատասխանեցնել իմ գաղափարներին, դա իմ մեծ նվաճումը կհամարեմ: Եվ այսպես
պիտի վարվի ցանկացած ընդդիմություն, փոքրամասնություն»: Սակայն առաջին անգամ նրա
հրաժարականի մասին խորհրդարանը որոշում չընդունեց: Դրանից անմիջապես հետո, արդեն
ավելի խիստ տոնայնությամբ, պարոն Արարքցյանը կրկնեց. «Ես այստեղ վարձու աշխատող չեմ
եղել, որ մի այլ մեծամասնության ծրագիր իրականացնեմ, որն, ի դեպ, ինձ հայտնի էլ չի:
Իմ ծրագրի վերաբերյալ այդ մարդիկ բացասական գնահատական են տալիս, ինչո՞ւ եք ստիպում,
որ ես այսպիսի խոսքեր ասեմ այստեղ»: Դրանից հետո 25 դեմ ձայնով հրաժարականն ընդունվեց:
ԱԺ նախագահի ընտրությունը եւս կանխատեսված էր. «Երկրապահներն» առաջարկեցին
Խոսրով Հարությունյանի թեկնածությունը, եւ պարզ էր, որ նա էլ կընտրվեր»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել