Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք

Մայիս 27,2006 00:00

«Պետք է վերականգնվի երաժշտականների համբավը» Օրերս «Առավոտում» տպագրված «Մտահոգություն երաժշտականների շուրջ» հոդվածին արձագանքեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Անահիտ Շահբազյանը: Հանդիպման սկզբում տիկին Շահբազյանը կարեւորելով երաժշտական յոթնամյա դպրոցների գոյությունը, նշեց. «Երաժշտականները սնում են մեզ, մենք՝ կոնսերվատորիային»: Ըստ նրա, վաղուց ժամանակն է կանոնավոր ուսուցման գործընթացի վերսկսման, անհրաժեշտ է վերահսկողություն, անթույլատրելի է, երբ յուրաքանչյուր դպրոց իր գիտցածի չափով ու կարողություններով «իր ծառն է ջրում»: Տնօրենը ստեղծված դրությունից դուրս գալու ելքը տեսնում է երաժշտական դպրոցներում ուսուցման անվճար համակարգի անհապաղ վերականգնումը: «Այն, ինչ անվանում ենք պետական հոգածություն, փաստորեն, դպրոցների դեպքում սկսվում է կամ պետք է սկսվի անվճար համակարգի անցնելով»,- համոզված է տիկին Շահբազյանը: Բաբաջանյանի անվան մրցույթի օրերին, որի ժյուրիի կազմում էր եւ մեր զրուցակիցը, հանդիպել է շնորհալի, անգամ տաղանդավոր երեխաների՝ Ստեփանակերտից, Էջմիածնից, Հոկտեմբերյանից, Աբովյանից: Նա նաեւ ցավով փաստում է, որ մրցույթում, օրինակ, Գյումրիից դաշնակահարների կրտսեր խմբում հանդես եկող պատանին ընդհանրապես առաջին անգամ էր վայելում «մեծ դաշնամուրով» նվագելու հաճույքը: «Մարզերից մրցույթի մասնակից որոշ շնորհալի երեխաներին, նրանց դասատուներին անձամբ առաջարկեցի յոթնամյակն ավարտելուց հետո դիմել մեզ՝ ուսումը շարունակելու Չայկովսկու անվան դպրոցում: Եթե կեցության խնդիր կլինի, այս պահին չգիտեմ ինչպես, բայց կջանամ լուծել նաեւ այդ հարցը,- հավաստիացրեց տնօրենը:- Անգամ այն տարիներին (խոսքը անհույս, անլույս թվերի մասին է) հայաստանցի պատանի երաժիշտները մասնակցում էին արտերկրյա մրցույթների ու փառատոների»: Ըստ տիկին Շահբազյանի. «Երաժշտական դպրոցներից վերացել են փողային գործիքների դասարանները, կրճատվել լարային գործիքներով սովորելու ցանկություն ունեցող երեխաների թիվը: Այս ամենում մի ամենագլխավոր պատճառ էլ կա. հասկանալի է, որ 6-7 տարեկան հասակում ծնողն է տնօրինում երեխայի այդ շրջանի ճակատագիրը: Այսօր, երբ մեծերը TV-ներով տեսնում են, թե ինչպես հեշտ ճանապարհով կարելի է երեւալ, մասնակցել մեզանում անցկացվող հաճախ կասկածելի մրցույթների, հավանաբար գայթակղվում են «արկղի» մեջ իրենց երեխային տեսնելու ցանկությունից ու անհեռատեսության պատճառով (ինչ-որ տեղ՝ նաեւ չիմացության) խաթարում շատ ժամանակ երաժշտական գերազանց ընդունակություններով օժտված հարազատ երեխայի ճակատագիրը»: Այս դեպքում էլ, տնօրենի կարծիքով, թերանում են հայաստանյան TV-ների ղեկավարները. «Ժամանակն է կամաց-կամաց վերականգնել դասական երաժշտության պրոպագանդմանը հատկացվող եթերաժամերը՝ մնայուն արվեստի վրա հրավիրելով մեծերի ուշադրությունը»: Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, ձեր կարծիքով ո՞ր օղակն է, որ պետք է զբաղվի երաժշտականների խնդրով, դրանք մնա՞ն համայնքների ենթակայությանը, թե՞ տրվեն…, տիկին Շահբազյանի պատասխանը կարճ էր. «Այդ օղակը որ մարմինը կլինի կամ ինչպես կանվանվի՝ էական չէ: Կրկնում եմ, այսօր պետք է վերականգնվի երաժշտականների երբեմնի համբավը: Հակառակ դեպքում, ճիշտն ասած, հակառակը չեմ էլ ուզում պատկերացնել…»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել