ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍ Մինչդեռ Հայաստանում գրքերն «ավելորդություն» են շատերի բնակարաններում Սեպտեմբերին Սասունցի Դավթի 18 հասցեում կկայանա Հայաստանում առաջին մասնավոր՝ «Բուկինիստ» գրադարանի բացումը, որի հիմնադիրն է ճանաչված իրավաբան, ՀՀ գլխավոր դատախազության ուսումնական կենտրոնի պատասխանատու Թաթուլ Բադասյանը: Հիշեցնենք, որ նա հիմնադիրն է նաեւ հայտնի «Օրենք եւ իրականություն» իրավաբանական հանդեսի, «Գիրք եւ գործ» թերթի: Նախաձեռնությունը բացառիկ է նրանով, որ Հայաստանում մոդայիկ դարձած զվարճանքի օբյեկտների ու կազինոների կողքին, մեկ էլ հանկարծ գրադարան է բացվում, այն էլ մասնավոր: Ի դեպ, վերջին տարիներին շուրջ 200 գրադարան է փակվել Երեւանում: «Այդ տարածքն ինձնից ուզում էին գիշերային ակումբ բացելու համար, սակայն ես գիտակցաբար գրադարան բացեցի: Ինչքան էլ փորձես ազգի հիշողությունն ինտերնետով պահել, գրքի տեղը չի տա: Ինքս դաստիարակվել եմ գրքով, ժամանակն էր հատուցելու ու գիրքը փառաբանելու»,- «Առավոտին» ասաց պրն Բադասյանը: Ըստ նրա, օրինակ՝ Ռուսաստանում պոռնո, նարկոբիզնեսներից եւ զենքի առեւտրից հետո չորրորդը շահույթի առումով գրահրատարակչական բիզնեսն է: Մի բան, որ Հայաստանում չեն գիտակցում. «Այստեղ շատերի համար ավելի հեշտ է գիշերային ակումբներից փող վաստակել, քան գրահրատարակչական բիզնեսից, որովհետեւ վերջինս պահանջում է ուղեղ, մտածելու, լավ գիրքը վատից տարբերելու կարողություն: Աշխարհում 9 մլն հայ է ապրում, ընթերցողի այդքան պոտենցիալ ունենք: Լավ գրքեր տպագրելու դեպքում եւ հայապահպանման խնդիրը կլուծվեր, եւ այդ բիզնեսից եկած շահույթը մեծ կլիներ»,- կարծում է իրավաբանը: Նա բերեց Պրահայի օրինակը, որի կենտրոնում վեր է խոյացել 5 հարկանի շքեղ գրադարան: Թ. Բադասյանը հույս ունի, որ հրապարակումից հետո գուցե որոշ հայ փողատերեր եւս մտածեն Երեւանի կենտրոնում ոչ թե սրճարան կամ խանութ, այլ շքեղ գրադարան բացելու մասին: Ի դեպ, «Բուկինիստ» գրադարանի պաշտոնական բացումը չի կայացել, սակայն այն արդեն գործում է: Հետաքրքրվեցինք՝ ովքե՞ր են իրենց ընթերցողները: Բադասյանը նշեց, որ դրանք կամ դպրոցականներ են, ում անհրաժեշտ է ուսուցչի հանձնարարած գրականությունը, կամ 40-ից բարձր տարիքի մարդիկ. «Երիտասարդությունը փախչում է գրքից, հաճախ Դեմիրճյանին Դրայզերից չեն տարբերում»: Գրադարանի աշխատակիցներն էլ տեղեկացրին, որ գեղարվեստական գրականություն, մանավանդ՝ ռուսալեզու, ընթերցողները համարյա չեն պատվիրում: Գրադարանից հիմնականում օգտվում են տեխնիկական մասնագիտությունների տեր մարդիկ, գիտաշխատողները եւ տնային տնտեսուհիները: Վերջիններս էլ նախընտրում են սիրային պատմություններ, դետեկտիվ ժանրի գործեր, այսինքն այնպիսի գրականություն, որը փոխարինում է սերիալներին: Թ. Բադասյանը նշեց նաեւ, որ գրադարանը գոյատեւում է «Օրենք եւ իրականություն» ամսագրի հաշվին: Ամսագիրն ունի գիտական խորհրդի ներուժ, որտեղ ընդգրկված են եւ հայաստանցի, եւ արտերկրի գիտնականներ, այն ուղարկվում է աշխարհի լավագույն գրադարանները: «Բուկինիստին» կից գործում է տպարան, որտեղ տպագրվում են նաեւ Հայաստանի գրողների միության անդամների պետպատվերով գրքերը: Գրադարանը ազգաբնակչությունից կատարում է գրքերի գնում: Թ. Բադասյանի խոսքով, այդ նախաձեռնությունը թելադրված է հին, եզակի եւ հետաքրքիր հրատարակությունները ոչնչացումից փրկելու հրամայականով: Հաճախ այստեղ գրքեր են բերում պարկերով. մարդիկ, ովքեր ցանկացել են իրենց բնակարաններն ավելորդ «աղբից» մաքրել: Իսկ գրադարանում խորհրդային տարիներին տպագրված «մոհիկաններին» փորձում են փրկել՝ այն հույսով, որ վաղը դեռ գալու է նրանց ժամանակը: «Այսօր Հայաստանում միայն փոքր տիրաժով գրքեր են հրատարակվում, սակայն դրանք հիմնականում բիզնես գրականություն են՝ սիրային, դետեկտիվ ժանրի եւ ֆանտաստիկա: Բայց դա լուրջ գրականություն չէ: Այնպես որ, պարտավոր ենք փրկել դասականներին»,- ասում է պրն Բադասյանը: Նրա համոզմամբ, գրահրատարակչությունը բիզնեսի շահութաբեր ճյուղ դարձնելու գործում պիտի նպաստի նաեւ մեր պետությունը: Ռուսաստանում, օրինակ, 5 տարի շարունակ ավելացված արժեքի հարկից ազատել են հրատարակիչներին: Շահել են եւ պետությունը, եւ գրահրատարակիչները: Պատահական չէ, որ վերջերս Փարիզում կայացած գրքի ցուցահանդես-վաճառքին հենց Ռուսաստանի տաղավարն է մեկ օրում սպառվել, որովհետեւ շքեղ գրականություն էր ներկայացված: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ