ՇԵՆՔՆ ԱՆՎՏԱՆԳ ՉԷ Կառույցի ամրացման հերթը չի հասել Մայրաքաղաքի ՀԱԹ-ի Շերամի 39 հասցեի վթարային շենքը եւ նրա բնակիչները արդեն 17 տարի հանդուրժում են իշխանավորների անտարբեր վերաբերմունքը: Բարձր աստիճանի վթարայնության շենքը անպիտան է համարվել դեռեւս մինչեւ 1988 թվականը: Մինչեւ երկրի փլուզումը, 9 հարկանի եռամուտք շենքի բնակիչներից բնակարանով ապահովվեցին միայն 1-ին մուտքի կարիքավորները: Մնացածին չհասցրին բնակարան հատկացնել՝ երկրաշարժն ու արցախյան պատերազմը խնդիրը մղեցին հետին պլան: Վթարայինում հասկացան ու համբերեցին, իսկ անմարդաբնակ դարձած առաջին մուտքը կրկին բնակեցվեց հիմնականում Ադրբեջանից եւ Արցախից մազապուրծ փախստականներով: Չդիմանալով ծանրաբեռնվածությանը, շենքը հետզհետե տեղի տվեց: 9-րդ հարկի 44 բնակարանի բնակիչներն ամեն օր ահուդողով են անցուդարձ անում բնակարանում: Այս տարի ամանորի նախաշեմին տան երկու մանկահասակ երեխաները հրաշքով էին փրկվել առաստաղից պոկված բետոնակույտերի տակ հայտնվելու վտանգից: Տանտերը՝ Թագվոր Հայրապետյանը ցույց տվեց բնակարանի վնասված առաստաղը եւ ասաց, որ հավանաբար հնարավոր չէ դրանք վերանորոգել, որովհետեւ բետոնը պահող ամրաններն արդեն փտել են եւ չեն պահում բետոնաշերտի ծանրությունը: Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակշահագործման բաժնի պետ Նուբար Արիստակեսյանը նշեց, որ պետության շինարարական սուղ պայմանները հաշվի առնելով, կրկնակի հարցում են արել Հայսեյսմշին ինստիտուտ եւ մասնագետները պարզել են, որ շենքը ենթակա է ոչ թե քանդման, այլ ամրացման: Դրա համար կպահանջվի մոտ 63-70 մլն դրամ: Եվ քանի որ թաղապետարանը չունի այդքան միջոց, դա կանի կառավարությունը՝ քաղաքապետարանի միջոցով: Ն. Արիստակեսյանի հավաստմամբ, թաղապետարանը շենքի ամրացման նախագիծն ուղարկել է նշյալ շենքի նախագծի հեղինակ կազմակերպությանը՝ Հայպետնախագիծ ինստիտուտին, որի եզրակացությունը ստանալուց հետո այն կուղարկվի քաղաքապետարան: Վերջինս ճշտում է ամբողջ Երեւան քաղաքի բնակելի վթարային շենքերի ցանկը, որպեսզի սահմանի դրանց ամրացման հերթականությունը: Թե երբ կհասնի Շերամի 39 շենքի ամրացման հերթը՝ պարոն Արիստակեսյանին հայտնի չէր: Նա փորձեց համոզել ինձ, որ «կոնկրետ Շերամի 39 հասցեում մասնագետները պարզել են, որ կոնստրուկցիաները շատ ամուր են, ճաքեր չկան», սակայն չժխտեց՝ «պանելները լավ չեն ամրացվել կոնստրուկցիաներին, այսինքն, պետք է ամրացվեին 12 մմ ամրաններով, բայց ամրացվել են 8մմ-անոցով եւ պանելները պատից տեղաշարժվել են, սակայն կոնստրուկցիաները ոչ մի վնասվածք չունեն եւ շենքին չեն սպառնում»: Հիշեցրի, որ 44 բնակարանի բնակիչներին, այնուամենայիվ, սպառնում է, ապա հարցրի՝ հնարավոր չէ՞ գոնե ժամանակավորապես կանխել վտանգը: Ն. Արիստակեսյանը սկզբում ասաց, որ դա ավելորդ ծախս կլինի եւ բնակիչները պետք է համբերատար սպասեն: Այդ դեպքում, եթե, Աստված մի արասցե, մանկահասակ երեխաներին որեւէ բան պատահի, ո՞վ է կրելու դրա պատասխանատվությունը: Զրուցակիցս շատ հանգիստ պատասխանեց՝ թաղապետարանը: Ընդ որում, զրույցի ընթացքում նաեւ խոստացավ. «Ես իմ մասնագետներին կուղարկեմ, ինքս էլ անձամբ կգնամ: Եթե վտանգավորություն զգամ, կզեկուցեմ թաղապետին եւ կորոշենք ինչ անել՞: Բայց մի քանի օր հետո երբ նրան հիշեցրի իր խոստման մասին, Ն. Արիստակեսյանը կրկին պատասխանեց. «Ավելորդ ծախս կլինի»: Քանի դեռ տարբեր տրամաչափի չինովնիկներն այդպես են վերաբերվում ուրիշի հիմնավոր անհանգստությանը, վթարային շենքը ստիպված կլինի 72 ընտանիքի բեռը կրել հավանաբար եւս մի քանի տարի: Կդիմանա, թե ոչ՝ դժվար է ասել: Մի բան պարզ է. բնակարանային խնդիրներով զբաղվող չինովնիկների բյուրոկրատական քաշքշուկներն այնքան երկար են տեւում, որ երրորդ կարգի վթարային շենքերը դառնում են 4-րդ կարգի, իսկ քանդման ենթակա շենքերի բնակիչներին տրվող փոխհատուցումներն էլ՝ ոչ համարժեք շուկայական գներին: Արդյունքում հարկատուն գրեթե միշտ տուժում է հենց իր վճարած հարկերով վարձատրվող չինովնիկի անգործությունից կամ պաշտոնեական դիրքի չարաշահումից: ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ