Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԵՎՍ

Մայիս 27,2006 00:00

ԱՅԼԵՎՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ ՉԵՆ Երեկ ճեպազրույցում լրագրողները ՄԱԿ խմբակցությունից հետաքրքրվեցին, թե իրենց չի՞ վախեցնում այն, որ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնացած 1 տարուց պակաս ժամկետում չեն կարողանա լավագույնս կիրառել իրենց հանձնված լծակները: «Մեզ ընդհանրապես երբեք եւ ոչ մի բան չի վախեցնում: Եթե մենք իմանանք, որ կարող ենք 2 օր էլ մեր հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինել՝ այդ 2 օրն էլ օգտակար կլինենք»,- վստահեցրեց ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը: Մեկնաբանելով պաշտոններ ստանձնելու իրենց քայլը՝ նա եւս մի թեւավոր խոսք ասաց. «Եթե կա աշխատելու ցանկություն, ապա մարդիկ ման են գալիս այդ ցանկությունն իրականացնելու հնարավորություն: Եթե կա չաշխատելու ցանկություն, ապա մարդիկ ման են գալիս այդ ցանկությունն իրականացնելու պատճառ»: Ակնարկի հասցեատերն ակնհայտ էր, թեեւ ՄԱԿ-ի ղեկավարը նախապես առաջարկեց համեմատություններ չանել իրենց եւ «Ժողպատգամավորի» միջեւ: «Առավոտ»-ը հետաքրքրվեց, թե ՀՅԴ-ն շարունակո՞ւմ է լինել ՄԱԿ-ի գաղափարական, իսկ ՀՀԿ-ն՝ վարչական հակառակորդը, ինչպես նրանց հռչակել էին անցած տարի հուլիսի 22-ին կայացած քաղխորհրդի ընդլայնված նիստում: Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Դաշնակցությունը, որպես ձախ աշխարհաքաղաքական ընկալումներ եւ աշխարհայացք ունեցող կառույց, շարունակում է մնալ ազատական գաղափարախոսության կրող ՄԱԿ-ի ընդդիմախոսը: Մենք գաղափարախոսական լուրջ վիճաբանություն ունենք սոցիալիստական գաղափարախոսության հետ: Դա անընդհատ շարունակվելու է: Միշտ կողմ ենք գաղափարախոսական առանձնահատկությունների շուրջ հրապարակային բանավեճին»: Իսկ ՀՀԿ-ին վարչական հակառակորդ համարելու կապակցությամբ պրն Արսենյանը հիշեցրեց, որ այդ գնահատականը ՄԱԿ-ը տվել էր 2005-ին ՏԻՄ ընտրությունների խնդիրների քննարկման ժամանակ եւ այդ համատեքստում. «Ասում էինք, որ եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ կիրառվեն լծակներ՝ մենք դրանք կիրառողներին կընդունենք որպես վարչական հակառակորդ»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել