Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրիկյանը կուշտ է ԿԳԲ-ից ու «պարտօրգ»-ներից

Մայիս 27,2006 00:00

Հայրիկյանը կուշտ է ԿԳԲ-ից ու «պարտօրգ»-ներից Երեկ «Ազգային ինքնորոշում» միավորումը գումարեց իր կուսակցության հերթական՝ 25-րդ համագումարը Այն հոբելյանական էր այն իմաստով, որ նույն օրը նշվում էր նաեւ ԽՍՀՄ օրոք ընդհատակում գործունեությունը ծավալած «Ազգային միացյալ կուսակցության»՝ ԱՄԿ-ի 40-ամյակը: Տարեդարձը, որը ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը շատ էր կարեւորում, նշվում էր միայն կուսակցության անդամների ու համակիրների շրջանակներում, որովհետեւ հակառակ Հայրիկյանի ակնկալիքների, ՀՀ իշխանությունները այն պետական մակարդակով նշելու որեւէ քայլ չէին արել: «Բացի ԿԳԲ-ի հայտնի ու գաղտնի գործակալներից, ո՞վ կարող է դեմ լինել, որ հայությունը, պետականորեն նշելով անկախության հանրաքվեի 15-ամյակը, արժանին հատուցի այդ գործի ճարտարապետին»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը, ով անկախության ճարտարապետ ասելով, անշուշտ, նկատի ուներ իրեն, իսկ ԿԳԲ-ի գործակալ ասելով՝ ԱՄԿ-ական Անդրանիկ Մարգարյանին: Համագումարում, իհարկե, անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, շոշափվեց նաեւ արտաքին քաղաքականության ու մասնավորապես Հայաստանի՝ Ռուսաստանի ֆորպոստը լինելու թեման: «Իշխանության հարցն առաջնային չէ: Այսօր հայրենիք ունենալ-չունենալու խնդիր է կանգնած: Մենք՝ հայերս, երբեւէ լիարժեք ժողովրդավարություն եւ հարյուր տոկոսանոց արդար ընտրություններ չենք ունեցել»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը: Նրա ասելով, այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի առջեւ ազգային-ռազմավարական խնդիրներ են ծառացել, որոնց լուծման համար անհրաժեշտ է քաղաքական դաշտի բոլոր՝ «աջերի», «ձախերի», ընդդիմության ու իշխանամերձ ուժերի համախմբում՝ նկատելով, թե ազգանվեր բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են, որ ժողովրդավարության կայացման ու իրավական պետության ստեղծման համար ոչ թե նոր՝ երրորդ ուժ է պետք, այլ մեկ միասնական համազգային ուժ: «Մի երկրում, որտեղ չկա ժողովրդավարություն, չկա օրենքի գերակայություն, որտեղ ոտնահարվում են քաղաքացիների սոցիալական, քաղաքացիական եւ մանավանդ քաղաքական իրավունքները, ցույցերի եւ հանրահավաքների անցկացման եւ այլ իրավունքները, այդ երկրում քաղկալանավորի կարգավիճակում է ամբողջ հասարակությունը»,- հայտարարեց Պ. Հայրիկյանը: Նրա համոզմամբ, մեր երկրին իշխանափոխություն է պետք, որովհետեւ «Հայաստանը ներկայիս ռուս իշխանավորների համար ընդամենը մանրադրամ է», եւ հավելեց, որ նույնիսկ իշխանափոխության դեպքում էլ կարող է «իր բոլշեւիկյան անցյալով երջանիկ մեկ ռուսամիտ ու ռուսամետ «պարտօրգի» փոխարինելու գալ ռուսական հարճի կարգավիճակի սիրահար մեկ այլ «պարտօրգ» կամ չեկիստ», եթե իշխանության չգա ազգային մտածելակերպ ունեցող եւ երկրի անկախությունը գնահատող մեկը: «Այսօրվա իշխանությունները ժամանակավոր են: Հայաստանի տերը եղել է եւ մնում է հայ ժողովուրդը: Եվ վաղ թե ուշ Հայաստանը որպես ռուսական կայսերապաշտության ֆորպոստ ու ոստան ընկալող գործակալները արժանին են ստանալու»,- հայտարարեց ԱԻՄ-ի նախագահը: Կուսակցության համագումարում չշրջանցվեց նաեւ այսօր քննարկման փուլում գտնվող ՀՀ օրհներգը փոխելու թեման: Պ. Հայրիկյանն առաջարկեց որպես ՀՀ օրհներգ ընտրել իր հեղինակած երգը: Պատրաստեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել