«ՍԱՏԱՆԱՆ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է» Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ սկզբունքային անհամաձայնությունն այսպես է բացատրում Արմեն Ռուստամյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները տարածաշրջանային այցի երկրորդ փուլում Երեւանում հայտարարեցին, որ մեկնում են՝ «հուսալով եւ ակնկալելով, որ առաջընթաց կլինի»: Միջազգային միջնորդների պատվիրակությունը, որը այս անգամ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննից, Բերնար Ֆասիեից ու Յուրի Մերզլյակովից, ներկայացված էր ավելի բարձր մակարդակով՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներով (Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասին, Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ, դեսպան Պիեր Մորելի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդ), երեւանյան հանդիպումների ավարտին ընդամենը համատեղ հայտարարություն հրապարակեց եւ վերջ: Իսկ այն առաջին հայացքից խիստ լավատեսական էր, որն էլ հենց հարցեր է առաջացնում: Ի՞նչ հիմք ունի այդ լավատեսությունը: Երեկ հայտնի է դարձել, որ հունիսի սկզբին Բուխարեստում նախատեսվում է Քոչարյան-Ալիեւ հերթական հանդիպումը։ Արդյոք Հայաստանի նախագահը հրաժարվե՞լ էր մոտ օրերս ընձեռնող փարիզյան հանդիպման հնարավորությունից՝ անբարենպաստ առաջարկների քննարկումից խուսափելու համար։ Այդ հարցին ի պատասխան ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այն, ինչ առաջարկվում է, անբարենպաստ է Ղարաբաղի եւ Հայաստանի համար, ընդհակառակը՝ Ադրբեջանն է դիմակայել եւ նույն Ռամբույեում իր կոշտ դիրքորոշման պատճառով է, որ ձախողվել է համապատասխան սկզբունքների շուրջ փաստաթուղթ ստորագրելու խնդիրը: Այդ առումով, կարծում եմ, միջնորդական առաքելություն իրականացնող երկրները շատ լրջորեն քննարկել են ստեղծված իրավիճակը, եւ այն, ինչ ենթադրում էինք, որ պետք է արվի, կարծես կատարվում է: Այսինքն՝ հստակ պետք էր գնահատել, թե ի՞նչ պատճառով է գործընթացը տեղապտույտ արձանագրում եւ առաջընթաց չի հաջողվում ունենալ, անգամ այն պարագայում, երբ կարծես նախնական համաձայնությունները ձեռք բերված են: Անհասկանալի կլիներ, եթե նախնական համաձայնությունները ձեռք բերված չլինեին եւ կողմերին հրավիրեին Ռամբույե, երես առ երես հանդիպելու եւ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու մասին խոսք գնար: Կարծում եմ, որ համանախագահող երեք երկրներն էլ խորությամբ վերլուծել են իրավիճակը, եւ այն, ինչ առաջարկվել էր մինչ հիմա, իրենց խորին համոզմամբ լավագույն տարբերակն էր, որը կարող էր ընկալվել որպես փոխզիջում: Սակայն արդեն անցել են ժամանակները, երբ փորձ էր արվում կողմերին դնել հավասար հարթության վրա եւ ընդհանուր մեղադրանքներ ներկայացնել: Հիմա շատ օբյեկտիվ, ռեալ պետք է գնահատվի ցանկացածի պահվածքը: Կարծում եմ՝ 2006 թվականի տրամաբանությունը ի սկզբանե այն էր, որ հաշվի պետք է առնվեր երկու հանգամանք: Նախ՝ կողմերը պետք է փորձեին ներկայանալ որպես կառուցողական, որովհետեւ հակառակ պարագայում կլինեին համապատասխան ճնշումներ: Եվ երկրորդ՝ ես վստահ եմ, որ ամբողջական հաշտության պայմանագիր այս տարի կնքել հնարավոր չէ: Անգամ ինչ-որ սկզբունքների շուրջ համաձայնության կայացման դեպքում՝ այդ սկզբունքների վրա դեռ պետք է կառուցվի հաշտության բուն պայմանագիրը: Իսկ դա լուրջ, մանրակրկիտ աշխատանք է, եւ շատ հաճախ դետալների մեջ են թաքնվում մեզ համար անընդունելի խնդիրները: Ինչպես ասում են՝ սատանան այդ մանրուքների, դետալների մեջ է»: Որպես «մանրուք» ներկայացվեց ե՛ւ հանրաքվեն ու դրա անցկացման մանրամասները, ե՛ւ տարածքների վերադարձի հետ կապված այլ խնդիրներ: Ըստ Արմեն Ռուստամյանի, հենց այս սկզբունքային մանրուքների շուրջ կողմերի տեսակետները ակնհայտորեն «փոխադարձ անհամատեղելի են»: Ասվեց նաեւ, որ սխալ է համարում խորհրդարանական վեհաժողովի առջեւ երկու նախագահների «մենամարտը», որը, ըստ Արմեն Ռուստամյանի, գործին չի կարող օգնել, եթե «նպատակը հաջորդ կարեւոր քայլը կատարելն է: Սա կարելի էր կատարել այդ պրոցեսից դուրս եւ ոչ թե ծրագրավորված հանդիպումներից անմիջապես առաջ: Դա սխալ է, եւ չեմ կարծում, որ այստեղ խուսափելու խնդիր էր դրված, եւ հետո, այդ պրիմիտիվ ձեւերով հնարավոր չէ խուսափել բանակցություններից, դա երկար չի կարող տեւել: Կարծում եմ, սա ադրբեջանական քարոզչության հիմնական մեխն է, որն իրենք հաճախ օգտագործում են, եւ դա ապացուցում է իմ ասածը, այն, որ իրենք ուզում եմ անընդհատ ներկայանալ որպես առավել կառուցողական կողմ, իսկ Հայաստանն իբր խուսափում է այդ բանակցություններից, ուստի կառուցողական չէ»: Ըստ Արմեն Ռուստամյանի, իրականությունն այն է, որ Ադրբեջանը չի կարողանում համակերպվել առաջացած միտումների հետ: Մեր զրուցակիցը նաեւ ոչ սովորական համարեց Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, եւ բացատրեց նրանց լավատեսության պատճառները: Ըստ այդմ, համանախագահողները չեն թաքցնում իրենց ցանկությունը՝ 2006-ին գոնե սկզբունքների մասով ինչ-որ փաստաթուղթ ընդունել. «Չեմ կարծում՝ այս այցը սովորական էր, որովհետեւ տրամադրությունը, որ 2006 թվականին սկզբունքների մասով ինչ-որ մի փաստաթուղթ ընդունվի՝ առկա է, եւ շատ ակտիվորեն համանախագահող երկրները մտել են այս գործընթացի մեջ: Սա, ի վերջո, նաեւ Մինսկի խմբի եւ միջնորդների հեղինակության հարցն է, եւ իրենք ունենալով ամբողջական ինֆորմացիա կողմերի տեսակետների վերաբերյալ՝ գտնում են, որ գոնե սկզբունքների մասով համաձայնության իրականացմանը քիչ բան է խանգարում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ