Հունիսի
3-ին Լաս-Վեգասի «Թոմաս եւ Մակ» կենտրոնում IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում
(մինչեւ 50,802 կգ) աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը չեմպիոնական գոտին պետք է
պաշտպանի մեքսիկացի Լուիս Մալդոնադոյի հետ մենամարտում: Երեկ Վախթանգը պատմել
է այդ մենամարտի եւ իր հետագա ծրագրերի մասին: «Ես ցանկանում եմ աշխարհի բացարձակ
չեմպիոն դառնալ: Կարող եմ նաեւ ավելի բարձր քաշային կարգեր տեղափոխվել: Պատրաստ եմ
հանդես գալ առաջին թեթեւագույն, թեթեւագույն, անգամ՝ առաջին կիսաթեթեւ քաշում: Իմ
քաշային կարգում ոչ ոք չի ցանկանում ինձ հետ մենամարտել, ոչ ոք չի ուզում տիտղոսները
միավորել: Դրա համար էլ մտածում եմ հաջորդ քաշ բարձրանալ: Ցանկանում եմ մենամարտել
չեմպիոնների հետ: Գիտեմ, որ պետք է ցուցադրեմ իմ բոլոր կարողությունները եւ ուժը:
Մալդոնադոն շատ լավ մարզիկ, է եւ ես պատրաստ եմ նրա հետ հանդիպմանը: Ֆիլիպինցի Դիոսադո
Գաբիի հետ իմ նախորդ մենամարտին նախապատրաստվել էի ընդամենը երեք շաբաթ: Այս մեկին
պատրասվում եմ ութ շաբաթից ավելի: Հիմա ես գերազանց մարզավիճակում եմ եւ պատրաստ
եմ ցուցադրել իմ ողջ հզորությունը»: Հիշեցնենք, որ չեմպիոնական տիտղոսը նվաճելուց
հետո մեր հայրենակիցը բոլոր մենամարտերն ավարտել է ժամկետից շուտ եւ հույս ունի,
որ այդ շարքը կշարունակի նաեւ Մալդոնադոյի հետ հանդիպումում: «Մարդկանց դուր է գալիս,
երբ բռնցքամարտիկը հաղթում է նոկաուտով: Ու հենց դրա համար եմ ես ամեն անգամ ուզում
ցուցադրել իմ ուժը»: Մալդոնադոն մեքսիկացի է եւ կայանալիք մենամարտին, անկասկած,
նրա հայրենիքից շատ մարզասերներ ներկա կլինեն: Դա Վիկի համար մրցակցին ժամկետից շուտ
նոկաուտի ենթարկելու լավ առիթ է: Այդպես Վախթանգը նաեւ WBC-ի վարկածով նույն քաշում
ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեին կապացուցի, որ նա վախենում է իրենից: «Տարեսկզբին
ես հատուկ գնացի Մեքսիկա՝ Արսեի հետ մենամարտելու: Ասացի, որ ցանկանում եմ պարզել,
թե մեզանից ո՞վ է ավելի ուժեղ: Մարտահրավերս ընդունեց եւ խոստացավ հանդիպել ռինգում:
Բայց հետո հայտարարեց, թե ցանկանում է տեղափոխվել ավելի բարձր՝ առաջին թեթեւագույն
քաշային կարգ: Կարծում եմ, որ Արսեն վախենում է ինձնից: Եթե մենամարտ չի ուզում,
թող այդպես էլ ասի: Իսկ եթե ստիպված բարձրացնում է քաշը, թող ինձ տեղեկացնի: Նրա
հետ մենամարտելու համար ես էլ նույնը կանեմ»: