Միաբերան ասում են հայ պառլամենտականները եւ իսկապես սպասում
Սա եւս կարելի է համարել լուր՝ ապագայից, սակայն ոչ այնքան մոտ՝ ինչպես գլխավոր խմբագիրն է տեսնում՝ 20-20, այլ՝ մի քիչ ավելի հեռու:
Երեւան, 9 հունվարի, 2033 թվական: Հայփոստ:
Հայաստանի յոթ պալատանի պառլամենտը վերջապես սկսեց քննարկել Ռոբերտ Քոչարյանի ընտրությունները փետրվարի 3-ին նշանակելու հարցը:
Հարցի կարեւորության ու հրատապության պատճառն այն է, որ նա, դրսեւորելով խիստ բարի կամք, այս տարի որոշել է երրորդ անգամ եւս կազմակերպել իր ընտրությունները (հիշեցնենք, որ նախորդ երկուսը տեղի են ունեցել 1998 եւ 2003 թվականներին)՝ ի նշան վերջին ընտրության 30-ամյակի:
Եվ հենց ի նշան դրա էլ նա մեծահոգաբար թույլ տվեց, որ այդ ընտրությունը բաց-հայտնի կազմակերպի եւ անցկացնի 1998 թվականին վերջապես իր անկախությունը ձեռք բերած Հայաստանի յոթ պալատանի խորհրդարանը:
– Դա պետք է ավանդույթ դառնա,- պնդում է պառլամենտականներից մեկը, որը իր խիստ համեստության պատճառով չցանկացավ ներկայանալ,- այդ օրը սրբազան է բոլորիս համար (փետրվարի 3-ը- խմբ.): Վերջապես այդ օրն ազատվեցինք օտարի լծից եւ ձեռք բերեցինք անկախություն: Բառի բուն իմաստով: Եվ նշանակությամբ:
Ինչեւէ: Քննարկումներ, ինչպես եւ սպասվում էր, գրեթե չեղան: Ամեն ինչ առանց այն էլ պարզ էր: Ու միաձայն ընդունվեց պատմական որոշումը: Ներկայացնում ենք քվեարկության արդյունքները.
1. Ղարաբաղցիների պալատ. ընդհանուր թիվը՝ 660, քվորումը՝ 331, մասնակցել են 670-ը, կողմ ձայների թիվը՝ 999, դեմ, ձեռնպահ՝ չկա:
2. Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդների պալատ. ընդհանուր թիվը՝ 66, քվորումը՝ 66, մասնակցել են 66-ը, կողմ ձայների թիվը՝ 66, դեմ, ձեռնպահ՝ չկա:
3. Հայաստանի երկրորդ հանրապետության ժառանգորդների պալատ. ընդհանուր թիվը՝ 66, քվորումը՝ 34, մասնակցել են 66-ը, կողմ ձայների թիվը՝ 66, դեմ, ձեռնպահ՝ չկա:
4. Հայաստանի երրորդ հանրապետության ժառանգորդների հիվանդասենյակ, կներեք՝ պալատ. ընդհանուր թիվը՝ 3, քվորումը՝ 2, մասնակցել են՝ 0, կողմ ձայների թիվը՝ 3, դեմ, ձեռնպահ՝ չկա:
5. Օլիգարխների եւ նրանց հետեւորդների պալատ. ընդհանուր թիվը՝ փոփոխական, քվորումը՝ նույնպես, մասնակցել են ըստ ցանկության, կողմ ձայների թիվը՝ բոլորը, դեմ, ձեռնպահ՝ չկա:
6. Հայաստանի երկքաղաքացիների պալատ. ընդհանուր թիվը՝ 66 (յուրաքանչյուրը ներկայացնում է 1732 անձ՝ ըստ քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու հերթական տարվա), քվորումը՝ 66, մասնակցել են 66-ը, կողմ ձայների թիվը՝ 131, դեմ, ձեռնպահ՝ չկա:
7. Թիկնապահների սրբազան պալատ. ընդհանուր թիվը՝ 131 (յուրաքանչյուրը ներկայացնում է 10000 մարդ), քվորումը՝ 66, մասնակցել են 1,5-ը, կողմ ձայների թիվը 100000 անգամ 131, դեմ, ձեռնպահ՝ չկա:
Այսպիսով, պատմական որոշումը՝ 30 տարին մեկ անգամ Ռոբերտ Քոչարյանի լեգիտիմ ընտրություններն անցկացնել փետրվարի 3-ին, ընդունվել է միաձայն: Գրեթե այնպես, ինչպես եւ ակնկալվում էր:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ