Գետնին թքող եւ չթքող
Ֆուտբոլ խաղի հետ ունեցած փոխհարաբերություններում աշխարհի մարդիկ բաժանվում են երկու մասի. սիրողների (կան նաեւ պաշտողներ) եւ անտարբեր «անցորդների», որոնց համար միեւնույն է ո՛չ միայն որեւէ ֆուտբոլային գերտերության առաջնություն, այլեւ աշխարհի ու Եվրոպայի՝ որպես այդպիսին:
Լինելով ֆուտբոլասեր, ցանկանում եմ խոսել ֆուտբոլային դաշտում կատարվող մի «աննշան» երեւույթի մասին, որն արդեն տարիներ, եթե չասեմ մոտ երկու տասնամյակ, կազմել է իմ դիտարկման կարեւորագույն տարրերից մեկը եւ որի մասին մինչեւ հիմա ոչ ոք չի խոսել:
Հենց այդ երեւութականի հետ ունեցած փոխհարաբերության մեջ է, որ տվյալ ակնարկում ֆուտբոլիստները, ինչպես մարդիկ, բաժանվում են երկու մասի եւ այդ տարանջատումը ներքուստ պայմանավորողն է բարոյագեղագիտականի գիտակցման եւ անգամ առաջադրման: Իսկապես. երբ խաղում են հոլանդացիներն ու բրազիլացիները, գերմանացիներն ու արգենտինացիները… դիտարկում իրականացնողները հիրավի առնչվում են անմիջական ձեւում տեսանելի ո՛չ միայն երկրաչափական ու թվաբանական, այլեւ բուն գեղագիտական եւ բացառապես կամային երեւույթների հստակ ընկալումներին: Ուրեմն պատահական չէ, որ մեր օրերի մեծագույն հայ գրագետներից (իմաստասեր-լեզվաբան) Է. Աթայանը իր նշանակալից աշխատանքներից մեկում՝ «Ազատությունը որպես գաղափար եւ որպես իրականություն», գրել է. «Պելեի մեջ՝ որպես ճշմարիտ մարզիկի, ավելի շատ խոսում է իմաստայինը. երաժշտականը, պոետականը եւ նույնիսկ պարզապես տրամաբանականը»:
Ֆուտբոլիստներին բաժանելով երկու տիպի (մարզադաշտում թքող եւ չթքող), կարծում եմ՝ ո՛չ մի նորամուծություն արած չեմ լինի՝ այն պարզ պատճառով, որ ֆուտբոլիստը մարդու տեսակ է, պատկանում է մարդկային ցեղին, եւ այդ բաժանմանը ընդհուպ մոտեցել է անտիկ աշխարհում հույն կինիկ մտածող (իմիջիայլոց շեշտենք, որ ցինիկ բառը հենց բխել-առաջացել է կինիկ բառից) Դիոգենես Սինոպցին:
Մի անգամ Աթենքի գլխավոր փողոցներից մեկում տեսնելով փիլիսոփային՝ արագ-արագ քայլելիս, Ալեքսանդր Մակեդոնացին նկատում է, որ Դիոգենեսը ջղայնացած է եւ ամեն քայլափոխին զուգահեռ՝ անընդհատ թքում է գետնին:
Ձիու վրա նստած Մակեդոնացին անմիջապես մոտենում է փիլիսոփային եւ հարցնում. այդ ո՞ւր ես շտապում՝ եւ այն էլ այդչափ բարկացած… չսպասելով պատասխանի, այնուհետեւ Մակեդոնացին ինքն է պատասխանում. երեւի գնում ես դեպի քո տակառը (հիշենք, որ Դիոգենեսը ժամերով մտնում էր տակառի մեջ, որ իրեն խանգարող չլինի եւ մտածում): Փիլիսոփան չդադարեցնելով քայլքը, շարունակելով թքել աջ ու ձախ, ոչինչ չի պատասխանում: Մակեդոնացին՝ որպեսզի երկխոսության մեջ մտնի Դիոգենեսի հետ, այս անգամ արդեն նրան դիտողություն է անում. «Լսիր, իմաստուն, այդ ինչպես հասկանալ, Դու, որ գիտես անցյալի ու ներկայի ամենախելոք ու գեղեցիկ մտքերը, մի՞թե չես հասկանում, որ գետնին թքելը՝ զուտ գեղագիտական տեսանկյունից, ո՛չ միայն Քեզ վայել չէ, այլեւ բավականին տգեղ երեւույթների թվին է դասվում»։
Փոքր-ինչ լռությունից հետո փիլիսոփան անտարբեր սառնությամբ պատասխանում է. «Իսկ մի՞թե աշխարհներ նվաճած եւ նվաճողը չի իմանում, որ գետինը եւ կեղտոտ վայրերը նրա համար են, որ ես թքեմ»: Ինչպես տեսանելի է, կյանքի՝ ինչպես նաեւ ֆուտբոլային մարզահրապարակներում կարելի է գտնել երկու տիպի մարդկանց՝ թքողների եւ չթքողների, ակնհայտ է, որ վերջիններիս թիվը սարսափելի քիչ է:
Այսօր բոլորին է հայտնի, որ ֆուտբոլը՝ ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից դաժան խաղերի թվին է դասվում. բոլորի աչքի առջեւ է, որ ֆուտբոլիստերը քրտնում են, թքապարկեր հավաքում իրենց բերանում, անընդհատ կայծակնային արագությամբ տեղաշարժեր իրականացնում՝ երբեմն էլ, շատ ավելի հաճախ, մրցավարների եւ մոլեռանդների հետ, բիզնեսմենների եւ քաղաքագետների հետ հարաբերվում: Այսօրինակ մտածական հենքից է, որ ցանկանում եմ ցույց տալ չթքող բեւեռի որոշ ներկայացուցիչներին. նրանց, որ նկատել եմ, նրանց, (բոլորն էլ գիտեն), որ խաղադաշտում ամենքից էլ շատ են վազել՝ կարելի է ասել նույնիսկ, որ իրենց աշխատասիրությամբ իրենք են պայմանավորել խաղի էությունը: Անցյալի այդ ներքին կուլտուրա ունեցող ֆուտբոլիստ-մարզիկներից, որոնց վարքում անդրադարձվել է պրն Աթայանի իմաստայինը (Պելեի մասնակցությամբ տողերիս հեղինակը չի հաղորդակցվել եւ ո՛չ մի ամբողջական խաղի), առաջինը հոլանդացի Յ. Կրոյֆն է եւ գերմանացի Ֆ. Բեկենբաուերը:
Հիշողությանս մեջ մնացել է Արկադի Անդրեասյանը եւ պատահական չէ, որ նրան էլ անվանում էին «ակադեմիկոս ֆուտբոլիստ» եւ ավելի ուշ՝ այդօրինակ տիտղոսի արժանացավ Ռուդ Գուլիտը…
Ավարտելով դիտարկումներս, ցանկություն է առաջանում մեկ անգամ եւս կրկնել, որ գետնին, ինչպես եւ մարզադաշտում թքելը բավականին տգեղ երեւույթների շարքին է դասվում: Առաջարկում ենք ընթերցողին՝ ֆուտբոլի սիրահարներին, աշխարհի առաջնության սպասվելիք խաղերին մոտենալ նաեւ այս օրինակի դիտարկմամբ:
ՎԱՐԴԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ