Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՎԵԴԱԿԱՆ ԴՊՐՈՑԸ՝ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Մայիս 27,2006 00:00

Այս դպրոցներում մեծանում են ազատ, համբերատար եւ հանդուրժող երեխաներ

\"\"Առաջին հայացքից Կալմարի հանրակրթական «Օքսհոգեն-սկոուլան» դպրոցը գրեթե չի տարբերվում հայաստանյան նմանատիպ դպրոցներից՝ գրեթե նույնպիսի շենք, նույնպիսի բակ, նույնպիսի (ճիշտ է՝ շիկահեր) երեխաներ եւ, ի դեպ, նույնպիսի անվճար կրթություն:  \"\" Սակայն գլխավոր տարբերությունը մեր եւ նրանց դպրոցների միջեւ սկսվում է հենց առաջին հարկից: Պատկերացնո՞ւմ եք Երեւանի դպրոցներից որեւէ մեկում բազմոցներ դրվեն, եւ երեխաներն այնտեղ ոչ միայն դասամիջոցին, այլեւ, ասենք, շարադրություն գրելիս պառկեն ու ստեղծագործեն:

Շվեդիայի գրեթե բոլոր հանրակրթական դպրոցներում կա առանձին բաժին մտավոր թերզարգացած երեխաների համար: Ծանր մտավոր խնդիրներ ունեցողները, ճիշտ է, մնացած երեխաների հետ նույն դասարանում չեն սովորում, սակայն նույն դպրոցում են, եւ առողջ երեխաները գիտեն (դա նրանց սովորեցնում են հենց առաջին օրվանից), որ իրենք նույնպես պատասխանատու են իրենց թույլ ընկերների համար՝ այցելում են, օգնում նրանց, սովորում լինել հանդուրժող եւ համբերատար: Յուրաքանչյուր 5 այսպիսի երեխայի բաժին է ընկնում 3 հատուկ կրթություն ստացած ուսուցիչ:\"\"

Առաջին տարբերությունը, որ կար մեր դպրոցների եւ Կալմարի այս դպրոցի միջեւ՝ մենթալիտետային է. այս գերեզմանոցը գտնվում է դպրոցի ճանապարհին, եւ երեխաների հիմնական մասը առավոտյան դասի գնալիս եւ վերադառնալիս պիտի անցնի քաղաքային գերեզմանոցով: Սակայն շվեդները գերեզմանների եւ, ընդհանրապես, մահվան մասին լրիվ այլ պատկերացում ունեն, քան մենք: Քաղաքային գերեզմանոցը մի հրաշալի, խնամված զբոսայգի է, որտեղ ամեն քայլափոխի նստարաններ են դրված: Ինչպես երեխաները, այնպես էլ ծերերը հաճույքով զբոսնում են այս այգում, խորհում կյանքի ու մահվան մասին, գիրք կամ թերթ կարդում, հանգստանում ու գնում առաջ: \"\"Արված է ամեն ինչ, որպեսզի երեխաները դպրոցում իրենց զգան ինչպես տանը: Մասնավորապես, նրանք հենց դպրոցի մուտքի մոտ հանում են կոշիկները, եւ հետո ամբողջ օրը՝ առավոտյան 8-ից մինչեւ 14-ը, ոտաբոբիկ ման են գալիս: Իմիջիայլոց, լինելով մի քանի \"\"շվեդական տներում, նկատեցինք, որ տան մեջ ոտաբոբիկ ման գալը շվեդական բնավորության գծերից է, նրանք չեն ընդունում «տնային մաշիկները»՝ որպես դասակարգ:   \"\"Սննդի մասին. շվեդական բոլոր հիմնարկներում՝ հանրային հեռուստատեսությունից եւ մունիցիպալիտետից սկսած՝ դպրոց-մանկապարտեզներով վերջացրած, գործում է «շվեդական սեղանի» սկզբունքը: Կալմարի «Օքսհոգեն-սկոուլան» դպրոցը եւս բացառություն չէր: Մեր այցելության օրը այնտեղ, բացի 4-5 տեսակի աղցաններից, մի քանի տեսակի սոուսներից, յոգուրտներից, հյութերից, մատուցվում էին նաեւ խաշած ու խորոված կարտոֆիլ, բրինձ, մակարոն, ոլոռ, ինչպես նաեւ՝ տապակած հավ, խաշած ձուկ, շոգեխաշած սունկ եւ տավարի մսով կոտլետ: Ոչ մի երեխա մատուցասեղանից չէր հեռանում առանց ուտելիքի: Ի դեպ՝ սննդի ծախսը նույնպես հոգում է պետությունը: \"\"Երեխաների աչքը շոյում են ոչ միայն մաքուր, լուսավոր եւ ուրախ գույներով դասասենյակները, այլեւ՝ ժպտերես ու բարեհամբույր ուսուցիչները: Երբ չորրորդ դասարանի երեխաներից փորձեցինք ճշտել՝ արդյոք նրանց հանդեպ ֆիզիկական պատիժներ կիրառվո՞ւմ են, ասենք՝ ականջ քաշել կամ գլխին զարկել, երեխաները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ հարցի իմաստը: Այնտեղ նրանց ֆիզիկապես պատժելու իրավունք անգամ սեփական ծնողները չունեն, իսկ ուսուցիչներն իրենց առաքելությունն են համարում «օգնել» երեխաներին՝ կրթություն ստանալու հարցում: Բնականաբար, «օգնողը» ոչ կճչա, ոչ կբղավի եւ ոչ էլ ցուցափայտը երեխայի մեջքին կջարդի չսովորելու կամ վատ վարքի համար: Վատ վարքն էլ խիստ հարաբերական հասկացություն է: Դասի ընթացքում զրուցելը, տեղից վեր կենալն ու յուրաքանչյուր դասասենյակում գտնվող փոքրիկ «բուֆետին» մոտենալը՝ ջուր խմելու, միրգ կամ խմորեղեն վերցնելու համար՝ նորմալ, բնականոն բաներ են: Դասամիջոցն էլ յուրաքանչյուր դասարան ինքն է որոշում՝ երբ անի, ու ոչ մի զանգ չի հնչում:

 ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Կալմար, Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031