Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է վերականգնվի երաժշտականների համբավը»

Մայիս 27,2006 00:00

Օրերս
«Առավոտում» տպագրված «Մտահոգություն երաժշտականների շուրջ» հոդվածին արձագանքեց
Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Անահիտ Շահբազյանը:
Հանդիպման սկզբում տիկին Շահբազյանը կարեւորելով երաժշտական յոթնամյա դպրոցների
գոյությունը, նշեց. «Երաժշտականները սնում են մեզ, մենք՝ կոնսերվատորիային»: Ըստ
նրա, վաղուց ժամանակն է կանոնավոր ուսուցման գործընթացի վերսկսման, անհրաժեշտ է վերահսկողություն,
անթույլատրելի է, երբ յուրաքանչյուր դպրոց իր գիտցածի չափով ու կարողություններով
«իր ծառն է ջրում»: Տնօրենը ստեղծված դրությունից դուրս գալու ելքը տեսնում է երաժշտական
դպրոցներում ուսուցման անվճար համակարգի անհապաղ վերականգնումը: «Այն, ինչ անվանում
ենք պետական հոգածություն, փաստորեն, դպրոցների դեպքում սկսվում է կամ պետք է սկսվի
անվճար համակարգի անցնելով»,- համոզված է տիկին Շահբազյանը: Բաբաջանյանի անվան մրցույթի
օրերին, որի ժյուրիի կազմում էր եւ մեր զրուցակիցը, հանդիպել է շնորհալի, անգամ տաղանդավոր
երեխաների՝ Ստեփանակերտից, Էջմիածնից, Հոկտեմբերյանից, Աբովյանից: Նա նաեւ ցավով
փաստում է, որ մրցույթում, օրինակ, Գյումրիից դաշնակահարների կրտսեր խմբում հանդես
եկող պատանին ընդհանրապես առաջին անգամ էր վայելում «մեծ դաշնամուրով» նվագելու հաճույքը:
«Մարզերից մրցույթի մասնակից որոշ շնորհալի երեխաներին, նրանց դասատուներին անձամբ
առաջարկեցի յոթնամյակն ավարտելուց հետո դիմել մեզ՝ ուսումը շարունակելու Չայկովսկու
անվան դպրոցում: Եթե կեցության խնդիր կլինի, այս պահին չգիտեմ ինչպես, բայց կջանամ
լուծել նաեւ այդ հարցը,- հավաստիացրեց տնօրենը:- Անգամ այն տարիներին (խոսքը անհույս,
անլույս թվերի մասին է) հայաստանցի պատանի երաժիշտները մասնակցում էին արտերկրյա
մրցույթների ու փառատոների»: Ըստ տիկին Շահբազյանի. «Երաժշտական դպրոցներից
վերացել են փողային գործիքների դասարանները, կրճատվել լարային գործիքներով սովորելու
ցանկություն ունեցող երեխաների թիվը: Այս ամենում մի ամենագլխավոր պատճառ էլ կա.
հասկանալի է, որ 6-7 տարեկան հասակում ծնողն է տնօրինում երեխայի այդ շրջանի ճակատագիրը:
Այսօր, երբ մեծերը TV-ներով տեսնում են, թե ինչպես հեշտ ճանապարհով կարելի է երեւալ,
մասնակցել մեզանում անցկացվող հաճախ կասկածելի մրցույթների, հավանաբար գայթակղվում
են «արկղի» մեջ իրենց երեխային տեսնելու ցանկությունից ու անհեռատեսության պատճառով
(ինչ-որ տեղ՝ նաեւ չիմացության) խաթարում շատ ժամանակ երաժշտական գերազանց ընդունակություններով
օժտված հարազատ երեխայի ճակատագիրը»: Այս դեպքում էլ, տնօրենի կարծիքով, թերանում
են հայաստանյան TV-ների ղեկավարները. «Ժամանակն է կամաց-կամաց վերականգնել դասական
երաժշտության պրոպագանդմանը հատկացվող եթերաժամերը՝ մնայուն արվեստի վրա հրավիրելով
մեծերի ուշադրությունը»: Հարցապնդմանը՝ այնուամենայնիվ, ձեր կարծիքով ո՞ր
օղակն է, որ պետք է զբաղվի երաժշտականների խնդրով, դրանք մնա՞ն համայնքների ենթակայությանը,
թե՞ տրվեն…, տիկին Շահբազյանի պատասխանը կարճ էր. «Այդ օղակը որ մարմինը կլինի
կամ ինչպես կանվանվի՝ էական չէ: Կրկնում եմ, այսօր պետք է վերականգնվի երաժշտականների
երբեմնի համբավը: Հակառակ դեպքում, ճիշտն ասած, հակառակը չեմ էլ ուզում պատկերացնել…»:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել