Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԽՈՇՈՐ ԲԻԶՆԵՍ

Մայիս 27,2006 00:00

Մինչդեռ
Հայաստանում գրքերն «ավելորդություն» են շատերի բնակարաններում Սեպտեմբերին
Սասունցի Դավթի 18 հասցեում կկայանա Հայաստանում առաջին մասնավոր՝ «Բուկինիստ» գրադարանի
բացումը, որի հիմնադիրն է ճանաչված իրավաբան, ՀՀ գլխավոր դատախազության ուսումնական
կենտրոնի պատասխանատու Թաթուլ Բադասյանը: Հիշեցնենք, որ նա հիմնադիրն է նաեւ հայտնի
«Օրենք եւ իրականություն» իրավաբանական հանդեսի, «Գիրք եւ գործ» թերթի: Նախաձեռնությունը
բացառիկ է նրանով, որ Հայաստանում մոդայիկ դարձած զվարճանքի օբյեկտների ու կազինոների
կողքին, մեկ էլ հանկարծ գրադարան է բացվում, այն էլ մասնավոր: Ի դեպ, վերջին տարիներին
շուրջ 200 գրադարան է փակվել Երեւանում: «Այդ տարածքն ինձնից ուզում էին գիշերային
ակումբ բացելու համար, սակայն ես գիտակցաբար գրադարան բացեցի: Ինչքան էլ փորձես ազգի
հիշողությունն ինտերնետով պահել, գրքի տեղը չի տա: Ինքս դաստիարակվել եմ գրքով, ժամանակն
էր հատուցելու ու գիրքը փառաբանելու»,- «Առավոտին» ասաց պրն Բադասյանը: Ըստ նրա,
օրինակ՝ Ռուսաստանում պոռնո, նարկոբիզնեսներից եւ զենքի առեւտրից հետո չորրորդը շահույթի
առումով գրահրատարակչական բիզնեսն է: Մի բան, որ Հայաստանում չեն գիտակցում. «Այստեղ
շատերի համար ավելի հեշտ է գիշերային ակումբներից փող վաստակել, քան գրահրատարակչական
բիզնեսից, որովհետեւ վերջինս պահանջում է ուղեղ, մտածելու, լավ գիրքը վատից տարբերելու
կարողություն: Աշխարհում 9 մլն հայ է ապրում, ընթերցողի այդքան պոտենցիալ ունենք:
Լավ գրքեր տպագրելու դեպքում եւ հայապահպանման խնդիրը կլուծվեր, եւ այդ բիզնեսից
եկած շահույթը մեծ կլիներ»,- կարծում է իրավաբանը: Նա բերեց Պրահայի օրինակը, որի
կենտրոնում վեր է խոյացել 5 հարկանի շքեղ գրադարան: Թ. Բադասյանը հույս ունի,
որ հրապարակումից հետո գուցե որոշ հայ փողատերեր եւս մտածեն Երեւանի կենտրոնում ոչ
թե սրճարան կամ խանութ, այլ շքեղ գրադարան բացելու մասին: Ի դեպ, «Բուկինիստ»
գրադարանի պաշտոնական բացումը չի կայացել, սակայն այն արդեն գործում է: Հետաքրքրվեցինք՝
ովքե՞ր են իրենց ընթերցողները: Բադասյանը նշեց, որ դրանք կամ դպրոցականներ են, ում
անհրաժեշտ է ուսուցչի հանձնարարած գրականությունը, կամ 40-ից բարձր տարիքի մարդիկ.
«Երիտասարդությունը փախչում է գրքից, հաճախ Դեմիրճյանին Դրայզերից չեն տարբերում»:
Գրադարանի աշխատակիցներն էլ տեղեկացրին, որ գեղարվեստական գրականություն, մանավանդ՝
ռուսալեզու, ընթերցողները համարյա չեն պատվիրում: Գրադարանից հիմնականում օգտվում
են տեխնիկական մասնագիտությունների տեր մարդիկ, գիտաշխատողները եւ տնային տնտեսուհիները:
Վերջիններս էլ նախընտրում են սիրային պատմություններ, դետեկտիվ ժանրի գործեր, այսինքն
այնպիսի գրականություն, որը փոխարինում է սերիալներին: Թ. Բադասյանը նշեց նաեւ, որ
գրադարանը գոյատեւում է «Օրենք եւ իրականություն» ամսագրի հաշվին: Ամսագիրն ունի
գիտական խորհրդի ներուժ, որտեղ ընդգրկված են եւ հայաստանցի, եւ արտերկրի գիտնականներ,
այն ուղարկվում է աշխարհի լավագույն գրադարանները: «Բուկինիստին» կից գործում է տպարան,
որտեղ տպագրվում են նաեւ Հայաստանի գրողների միության անդամների պետպատվերով գրքերը:
Գրադարանը ազգաբնակչությունից կատարում է գրքերի գնում: Թ. Բադասյանի խոսքով, այդ
նախաձեռնությունը թելադրված է հին, եզակի եւ հետաքրքիր հրատարակությունները ոչնչացումից
փրկելու հրամայականով: Հաճախ այստեղ գրքեր են բերում պարկերով. մարդիկ, ովքեր
ցանկացել են իրենց բնակարաններն ավելորդ «աղբից» մաքրել: Իսկ գրադարանում խորհրդային
տարիներին տպագրված «մոհիկաններին» փորձում են փրկել՝ այն հույսով, որ վաղը դեռ գալու
է նրանց ժամանակը: «Այսօր Հայաստանում միայն փոքր տիրաժով գրքեր են հրատարակվում,
սակայն դրանք հիմնականում բիզնես գրականություն են՝ սիրային, դետեկտիվ ժանրի եւ ֆանտաստիկա:
Բայց դա լուրջ գրականություն չէ: Այնպես որ, պարտավոր ենք փրկել դասականներին»,-
ասում է պրն Բադասյանը: Նրա համոզմամբ, գրահրատարակչությունը բիզնեսի շահութաբեր
ճյուղ դարձնելու գործում պիտի նպաստի նաեւ մեր պետությունը: Ռուսաստանում, օրինակ,
5 տարի շարունակ ավելացված արժեքի հարկից ազատել են հրատարակիչներին: Շահել են եւ
պետությունը, եւ գրահրատարակիչները: Պատահական չէ, որ վերջերս Փարիզում կայացած գրքի
ցուցահանդես-վաճառքին հենց Ռուսաստանի տաղավարն է մեկ օրում սպառվել, որովհետեւ շքեղ
գրականություն էր ներկայացված: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել