Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպուտ՝ Ջրաձորում

Մայիս 27,2006 00:00

Ջրագծեր «թռցնելու» գծով մասնագիտացված «Շիրակջրմուղկոյուղու» պաշտոնյաներն այժմ էլ նոր «հանք» են գտել Ամասիայի տարածաշրջանում:

Երեկ «Առավոտի» խմբագրություն էր դիմել Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր գյուղի գյուղապետ Գեւորգ Հովակյանը: Ըստ նրա, «Շիրակջրմուղկոյուղու» փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը արդեն վեց օր է՝ օրը ցերեկով, վնասելով գյուղացիների սեփականաշնորհած, ցանած արտերը՝ «թալանում» է իր համայնքի վարչական սահմաններով անցնող ջրագծերը. «Նա ցույց է տվել կեղծ փաստաթուղթ, դատարանի վճիռ, իբրեւ թե Մարմարաշենի ջրագծերը դատական կարգով արդեն Ջրմուղի սեփականությունն են»: Մինչդեռ Ջրաձորով անցնող ջրագծերը Մարմարաշենի թուջե խողովակաշարի շարունակությունն են, եւ դրանք ամենեւին էլ «Շիրակջրմուղկոյուղուն» հանձնված չեն: Ինչպես հայտնի է, Շիրակի մարզի տնտեսական դատարանը, հիմք ընդունելով կառավարության թիվ 173 որոշումը, վճիռ էր կայացրել տիրազուրկ գույքը Մարմարաշեն համայնքին հանձնելու մասին, սակայն «Շիրակջրմուղկոյուղու» պաշտոնյաները վճիռը բողոքարկել էին, վճռաբեկն էլ գործը նոր քննության է ուղարկել Շիրակի մարզի տնտեսական դատարան: «Մտքներով չանցնի ես թողնամ իմ ջրագծերը տանին, մարզպետարանի էս հարցերով զբաղվող հանձնաժողովը մեզի է հանձնել ջրագծերը, փաստաթուղթ են տվել, որ էս գույքը մեզի կպատկանե»,- վստահաբար ասում է գյուղապետը: Նրա բողոքելով՝ «Շիրակջրմուղկոյուղու» պաշտոնյաներն արդեն մեծ նախապատրաստական աշխատանքներ են կատարել. գյուղում տրակտորներ են բերել, նույնիսկ «դոմիկ» են տեղադրել:

Գյուղապետը երեկ դիմել էր մարզպետ Ռոմիկ Մանուկյանին, վերջինս էլ իր հերթին կարգադրել է «Էլբիս» շինարարական կազմակերպությանը պատկանող «մեխանիզացիան» անմիջապես հեռացնել գյուղից: Գյուղապետի ասելով՝ ինքը կոնֆլիկտի մեջ է մտել նաեւ քանդող բրիգադի հետ: «Առավոտյան գնացի աշխատողներին չթողեցի քանդել, սրանք էլ բողոքեցին, թե ընչի՞ մեր հացին քար կքցես»,- պատմում էր Գեւորգ Հովակյանը: Սակայն վերադասի հայտնվելուց հետո քանդող բրիգադը նորից «դուխ» է առել, ներկա պահին էլ ակտիվ ալան- թալան է կատարվում գյուղում, եւ Մարմարաշենի պես մեծ աղմուկ չգցելու համար «Ջրմուղի» պաշտոնյաները խոստացել են գյուղացիներին վնասի փոխահատուցում տալ: Ըստ գյուղապետի, քանդող բրիգադը բավականին ծանր ռեժիմով է աշխատում՝ առավոտվա 7-ից մինչեւ ուշ գիշեր, իսկ որ ամենակարեւորն է՝ «թալանչիները» խողովակները քանդելուց հետո տեղը հող են լցնում, որպեսզի քանդածները չերեւա:

Հովունու գյուղապետ Թելման Միրիջանյանն էլ մեր օրաթերթին դժգոհեց, որ իրենց վարչական սահմաններով անցնող ջրագծերը թեեւ մարզպետարանը համայնքին է հանձնել, սակայն Շիրակի մարզի դատախազությունը չի թույլատրում ապամոնտաժել: «Մեր համայնքը գտնվում է թեք լանջերի վրա, ջրի կորուստներ շատ ենք տալիս, մի քանի ջրագծեր չօգտագործվող ցանցից քանդել ենք, որպեսզի ոռոգման ցանցը վերանորոգենք, սակայն արդեն մի տարի է՝ արհեստականորեն կասեցնում են այդ գործընթացը»,- դժգոհեց նա: Այս առնչությամբ Շիրակի մարզի դատախազությունից պարզաբանեցին, որ ապրիլի 19-ին Հովունու գյուղապետի նկատմամբ քրգործ է հարուցված՝ Քրօրի 309 հոդվածի 1-ին մասով. «Գյուղապետը պաշտոնական լիազորությունների սահմաններից դուրս է եկել՝ վնաս պատճառելով պետությանը»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել