«Միավորում հանուն Հայաստանի»՝ ընդդեմ ՀՅԴ-ի
Քանի որ արդեն ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջին
երկու տեղերը զբաղեցնելու են ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ որպես հսկայական վարչական
եւ նյութական ռեսուրսների տերեր, իշխանական կուսակցությունների միջեւ պայքար է գնում
մնացած տեղերի համար: Մասնավորապես, «բրոնզե մեդալին» հավակնում են ՀՀ գլխավոր դատախազի
կողմից հովանավորվող «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը եւ Հայ հեղափոխական
դաշնակցությունը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկվա «Իրավունքում»
ասաց. «Վայ էն ժողովրդին, վայ էն պետականությանը, ուր գործող դատախազը ուղղակի կամ
անուղղակի ձեւով կուսակցություն է ստեղծում»: Երեկ ԱԻՄ-ի հոբելյանական համագումարում
ՀՅԴ մեկ այլ ղեկավար՝ Վահան Հովհաննիսյանն արտահայտվեց այն իմաստով, թե գաղափարական
հենք չունեցող կուսակցությունները ապագա չունեն՝ դրանք պարզապես նախընտրական միավորումներ
են: Ակնարկը դարձյալ թափանցիկ է: Այս պայքարում Դաշնակցությունն ունի քարոզչական
եւ մասամբ վարչական լծակներ, բայց դրանք, իհարկե, համեմատելի չեն դատախազի լծակների
հետ: Հետաքրքիր իրավիճակ է Արագածոտնի մարզում, որտեղ մարզպետը՝ Գաբրիել Գյոզալյանը
դաշնակցական է, բայց մարզում, հասկանալի պատճառներով, ուժեղ է դատախազի «ապարանյան
կլանը»: Աղվան Հովսեփյանը շատ է ցանկանում իր հայրենի շրջանում դառնալ միանձնյա տեր
ու տնօրեն։ Աջակիցներ, բնականաբար, կան՝ սկսած համերկրացի ոստիկանապետից մինչեւ նոր
ձեւավորվող «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության անդամների հետ քավոր-սանիկական
կապեր ունեցող մարզային դատախազ Համլետ Զաքոյանը։ Ծրագիրն էլ պարզունակ է՝ ստուգումների,
հարցաքննությունների անվան տակ մարզային բոլոր կառույցները ենթարկել իրեն, հետեւաբար
նաեւ՝ սեփական նորաստեղծ կուսակցությանը: Ամիսներ առաջ մարզպետի՝ չափից դուրս
ինքնուրույն գործունեությունից, ինչպես նաեւ դատախազի ծրագրերին չենթարկվելու համարձակությունից
խիստ զայրացած՝ ողջ մարզում սկսվում են ստուգումներ։ Մասնակցում են գրեթե բոլոր իրավապահները՝
դատախազություն, ոստիկանություն, հարկային եւ անվտանգության ծառայությունների տեղական
ստորաբաժանումներ։ Թիրախներն էլ եղել են շատ հստակ երկու ոլորտներ՝ առողջապահություն
եւ կրթություն։ Երկրորդ բնագավառում խիստ շահագրգռությունն ունի զուտ նախընտրական
նպատակ՝ ընտրական տեղամասերի մեծ մասը դպրոցներում է, իսկ տնօրենները սովորաբար դրանց
նախագահներն են։ «Ես երկար տարիների մանկավարժական ստաժ ունեմ եւ գիտեմ, որ դատախազության
գործը չէ դպրոցներում ստուգումներ կատարելը: Դուք բոլորդ էլ գիտեք, որ դատախազության
ստուգումները երբեմն իրենց չափն անցնում են: Իրենք ներկայացան, որ պետական չարաշահումների
վերաբերյալ են ստուգումներ իրականացնում, բայց ինձ հարցնում էին, թե ուր է ձեր խորհուրդը:
Ես կարծում եմ՝ այստեղ ինչ-որ միտում կար»,- նշում է Աշտարակի Պ. Պռոշյանի անվան
դպրոցի տնօրեն Վահե Ավետիսյանը։ Նաեւ լուրեր են շրջանառվում, որ ամեն ստուգումից
հետո քննիչները խոսում են գումարների մասին՝ հետագա բարդություններից խուսափելու
համար։ Թալինի գյուղերից մեկում, օրինակ, դպրոցի տնօրենից պահանջվել է, ոչ ավել ոչ
պակաս, հինգ հազար դոլար գումար։ Նույն տրամաբանության մեջ են Օշականի բնակիչ
Սպարտակ Եղիազարյանի՝ հանրային ռադիոյով ելույթները մարզպետի ապօրինությունների դեմ:
Սպարտակ Եղիազարյանը հայտնի է 2003-ի նախագահական ընտրությունների եւ 2005-ի սահմանադրական
հանրաքվեի կեղծիքների մասին Ազգային ժողովի ճեպազրույցներից մեկում բացահայտումներով,
որոնցից, սակայն, նա շատ արագ հրաժարվեց՝ նշելով, որ աղմկահարույց այդ հայտարարությամբ
նա փորձել է իր վրա գրավել նախագահի ուշադրությունը եւ արժանանալ նրա ընդունելությանը:
Ըստ շրջանառվող լուրերի, Սպարտակ Եղիազարյանն իր ընտրական բացահայտումներից հրաժարվել
է, քանի որ նրա հետ «բացատրական աշխատանք» են տարել մարդիկ՝ գլխավոր դատախազի մերձավոր
շրջապատից: Ինչի՞ մասին են նրանք խոսել՝ թերեւս կարելի է կռահել: Մի բան, սակայն,
պարզ է: Գյուղում վստահեցնում են, որ Սպարտակ Եղիազարյանը արդեն փակել է տարիներով
կուտակած շուրջ 1800 դոլարի հասնող իր պարտքը եւ մարզի ոստիկանապետի ու դատախազի
միջնորդությամբ աշխատանքի անցել էլեկտրացանցում: Արագածոտնում ՄՀՀ-ՀՅԴ հակասություններն
առավել ցայտուն են դրսեւորվում: Բայց, վստահ ենք, խնդիրներ կառաջանան նաեւ այլ մարզերում:
ԿՈՐՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Աշտարակ