ԱՅԼԵՎՍ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐ ՉԵՆ Երեկ ճեպազրույցում լրագրողները ՄԱԿ խմբակցությունից
հետաքրքրվեցին, թե իրենց չի՞ վախեցնում այն, որ մինչ հաջորդ խորհրդարանական ընտրությունները
մնացած 1 տարուց պակաս ժամկետում չեն կարողանա լավագույնս կիրառել իրենց հանձնված
լծակները: «Մեզ ընդհանրապես երբեք եւ ոչ մի բան չի վախեցնում: Եթե մենք իմանանք,
որ կարող ենք 2 օր էլ մեր հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինել՝ այդ 2 օրն էլ օգտակար
կլինենք»,- վստահեցրեց ՄԱԿ-ի ղեկավար Գուրգեն Արսենյանը: Մեկնաբանելով պաշտոններ
ստանձնելու իրենց քայլը՝ նա եւս մի թեւավոր խոսք ասաց. «Եթե կա աշխատելու ցանկություն,
ապա մարդիկ ման են գալիս այդ ցանկությունն իրականացնելու հնարավորություն: Եթե կա
չաշխատելու ցանկություն, ապա մարդիկ ման են գալիս այդ ցանկությունն իրականացնելու
պատճառ»: Ակնարկի հասցեատերն ակնհայտ էր, թեեւ ՄԱԿ-ի ղեկավարը նախապես առաջարկեց
համեմատություններ չանել իրենց եւ «Ժողպատգամավորի» միջեւ: «Առավոտ»-ը հետաքրքրվեց,
թե ՀՅԴ-ն շարունակո՞ւմ է լինել ՄԱԿ-ի գաղափարական, իսկ ՀՀԿ-ն՝ վարչական հակառակորդը,
ինչպես նրանց հռչակել էին անցած տարի հուլիսի 22-ին կայացած քաղխորհրդի ընդլայնված
նիստում: Գուրգեն Արսենյանը պատասխանեց. «Դաշնակցությունը, որպես ձախ աշխարհաքաղաքական
ընկալումներ եւ աշխարհայացք ունեցող կառույց, շարունակում է մնալ ազատական գաղափարախոսության
կրող ՄԱԿ-ի ընդդիմախոսը: Մենք գաղափարախոսական լուրջ վիճաբանություն ունենք սոցիալիստական
գաղափարախոսության հետ: Դա անընդհատ շարունակվելու է: Միշտ կողմ ենք գաղափարախոսական
առանձնահատկությունների շուրջ հրապարակային բանավեճին»: Իսկ ՀՀԿ-ին վարչական հակառակորդ
համարելու կապակցությամբ պրն Արսենյանը հիշեցրեց, որ այդ գնահատականը ՄԱԿ-ը տվել
էր 2005-ին ՏԻՄ ընտրությունների խնդիրների քննարկման ժամանակ եւ այդ համատեքստում.
«Ասում էինք, որ եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ կիրառվեն լծակներ՝ մենք դրանք կիրառողներին
կընդունենք որպես վարչական հակառակորդ»: Ա. Ի.