Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՄՐՑՈՒՅԹԻՑ

Մայիս 26,2006 00:00

«ՄՐՑՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ԵՆՔ ՈՒՇՔԻ ԳԱԼԻՍ» «Առավոտի» բացառիկ բլից-հարզազրույցը Անդրեի հետ – Ինչպե՞ս պատահեց, որ ֆիննական «Lordi» խումբը առանց մասնակցելու «պրոմոտուրերի», գրավեց եվրոպացի հեռուստադիտողների ամենամեծ լսարանը: – Մենք առաջին անգամ էինք «Եվրատեսիլում», բնականաբար, կան հարցեր, որոնց պատասխանները մենք էլ չգիտենք: Ինչ վերաբերում է «պրոմոտուրերին», վերջիններս միայն դրական են ազդում այս կամ այն երգչի հաջողությանը: Անձամբ ես, մինչեւ «Եվրատեսիլը» եղել եմ եվրոպական 10 երկրում: – Չե՞ք կարծում, որ կոնկրետ «Lordi» խումբը լսարանը գրավեց իր երգի մատուցման օրիգինալ լուծմամբ: Ասել կուզենք, այսօր Եվրոպան ձգտում է տեսնել ոչ ստանդարտ շոու կամ ականատեսը լինել սկանդալային վիճակների: – Ինչ-որ չափով համամիտ եմ, բայց, օրինակ, Իսլանդիան ներկայացնող երգչուհին դարձյալ ինչ-որ չափով տարօրինակ պահվածք դրսեւորեց. մինչեւ «Եվրատեսիլը» կայացած ասուլիսներից մեկում նա հայտարարեց, որ մեծ հաճույքով գիշերը կանցկացներ հույն երգչուհու հետ, չմանրամասնելով, թե ինչն է իրեն ետ պահում: Կամ, հանդերձասենյակում, մինչ ելույթը նա հայտնվել էր հիստերիայի մեջ, անգամ շպրտեց սուրճով լի բաժակը: Այսօր Եվրոպային չեք զարմացնի սկանդալներով: Օրինակ, ամենասկանդալային խումբ համարվող «Տատուն» ժամանակին գրավեց միայն երրորդ տեղը: Վստահ եմ, որ միայն երգը պետք է գրավի լսարանը: – Ձեր կարծիքով, Արմեն Մարտիրոսյանի երգը՝ անգլերեն, տեղ հասա՞վ ունկնդրին: – Հասավ: Եվրոպայում եւ աշխարհում հայտնի նման կատարողների ու խմբերի պայքարում 8-րդ տեղը՝ արդեն արդյունք է: – Ամենամեծ արդյունքը չե՞ք համարում սփյուռքահայերի քվեարկությունը: – Անկասկած: – «Եվրատեսիլի» ուղիղ հեռարձակումից անմիջապես հետո ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի դեմքերից Անիտա Ցոյը տարակուսանք հայտնեց, թե ինչպես ինտերնետային քվեարկության ժամանակ առաջին տեղում Անդրեն էր, իսկ Դիմա Բիլանը՝ 4-րդում: Դո՞ւք ինչպես կբացատրեք այս փաստը: – Մենք (նկատի ունի հայ պատվիրակության անդամներին) նոր-նոր հասցնում ենք ուշքի գալ: Մրցույթները միշտ էլ անակնկալներով լի են, իսկ Դիման թե երգով եւ թե բեմադրությամբ արժանի էր նման հզոր ուշադրության: – Ձեր կարծիքով, երգը՝ հայերեն, ավելի մեծ ուշադրության չէ՞ր արժանանա: Չե՞ք կարծում, որ բեմադրության մեջ պակասում էին զուտ հայկական էլեմենտները: – Նորից կրկնում եմ՝ մենք առաջին անգամ էինք «Եվրատեսիլում», բայց, կարծում եմ, ամեն դեպքում, թեկուզ փոքր-ինչ կոտրտված անգլերենը 3-4 րոպե տեւող երգի ընթացքում ավելի շուտ կհասներ եվրոպացիներին: Ես մինչ մրցույթն էլ եմ ասել, որ Արմեն Մարտիրոսյանի այս երգը կմատուցեմ նաեւ մայրենիով: – Հանկարծակիի չեկա՞ք, երբ Թուրքիան ձեզ բարձր միավորներ տվեց: – Դա այնպիսի պահ է, որ հանկարծակիի ժամանակ չկա: Նորից կրկնում եմ՝ շնորհակալություն առաջին հերթին սփյուռքահայերին եւ «Եվրատեսիլի» հեռարձակող անդամ երկրներին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել