Լրահոս
Օրվա լրահոսը

Կա տուժող, չկա մեղադրյալ

Մայիս 26,2006 00:00

Կա տուժող, չկա մեղադրյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը նախորդ օրը աշխատանքի ավարտին կայացրած իր վճռով մերժեց Մասիս քաղաքի բնակիչ Արմեն Մանուկյանի հայցն՝ ընդդեմ Երեւանի դատախազության: Մասիսում հարգված ազատամարտիկ, անհատ ձեռներեց Արմեն Մանուկյանին մեկ օրվա ընթացքում պատվազրկել են: Նրա անվան հետ կապել «առեւանգում-բռնաբարության փորձ», թեեւ մինչ օրս անհայտ է, թե ով էր «առեւանգվող-բռնաբարվողը»: Մանուկյանը ճանաչվել է տուժող, իսկ նրանց նկատմամբ, ովքեր շանտաժի միջոցով փորձել էին փող կորզել նրանից, հարուցվել է քրեական գործ: Սակայն 2005թ. դեկտեմբերի 26-ին գործով մնաց միայն տուժողը, իսկ հանցագործությունն իրականացնողներին ուղղակի «քերեցին» գործի վրայից: Զրպարտելու, հանցագործներին աջակցելու մեջ ներգրավված էին բարձրաստիճան ոստիկաններ: Արդյունքում՝ քրեական հետապնդումից ազատված ոմն Աստղիկ Հակոբյան մուտք գործելով «Առավոտի» խմբագրություն՝ բավականին երկար աղմկեց: Ձեռներեցի խանութում աշխատելով՝ մայր եւ աղջիկ Աստղիկ եւ Հայկանուշ Հակոբյանները ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի՝ պակասորդ էին տվել 712569 դրամի չափով: Մինչ օրս պակասորդը չի վերականգնված, չնայած Հակոբյանները 2005թ. նոյեմբերին գրավոր պարտավորվել են գումարը 10 օրվա ընթացքում վերադարձնել: Իսկ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանով էլ մինչեւ օրս արգելանքի տակ է գտնվում Հակոբյանների գույքը: Որքան էլ տարօրինակ է, դատախազությունը կասեցման որոշումով դադարեցրել է քրեական հետապնդումը Հակոբյանների նկատմամբ: Այդ որոշումն էլ վիճարկվեց Կենտրոնի դատարանում. «Կասեցման որոշումը անհիմն է, որովհետեւ հայտնի են հանցագործություն կատարած կոնկրետ անձինք»: Ինչպես «Առավոտի» ապրիլի 8-ի հրապարակման մեջ էինք տեղեկացրել («Շանտաժի ձեւ ընտրվեց բռնաբարությունը»), սցենարը մշակվել էր Էրեբունու ոստիկանությունում, ապա՝ դատախազությունում: Երբ դա մենք գրում էինք, դեռ հայտնի չէին ոստիկանների նկատմամբ անցկացված ծառայողական քննության արդյունքները, հետեւաբար այն, թե ինչպես ոստիկանները օգնության հասան հանցանք կատարած Հակոբյաններին: Արմեն Մանուկյանին Էրեբունու ոստիկանություն են կանչել հարց ճշտելու: «Ստուգմամբ հիմնավորվել է, որ ոստիկանության Էրեբունու բաժնում մայոր Հարություն Ավագյանը դրսեւորել է ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ եւ բաժին հրավիրված քաղաքացու հետ շփվելիս խախտել է էթիկայի կանոնները: Նա թաքցրել է հարազատական կապը Աստղիկ Հակոբյանի հետ»: Ըստ նույն ծառայողական քննության, որը իրականացրել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի ՔՀ վարչությունը եւ հաստատել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Երիցյանը, «Գիշերային ժամին քաղաքացի Ա. Մանուկյանին զանգահարելու, բաժին հրավիրելու, ինչպես նաեւ իր իրավասություններից դուրս նրա հետ պարզաբանումներ կատարելու համար, ոստիկանության ծառայողին ոչ վայել վարքագիծ դրսեւորելու, քաղաքացիների միջեւ գույքային վեճի բանակցությունները բաժին տեղափոխելու համար» կարգապահական պատասխանատվության են ենթարկվել քննիչ Հարություն Ավագյանն ու օպերը՝ Պավել Օրդյանը: Սակայն դատարանը ուշադրություն չդարձրեց այդ փաստաթղթին, իսկ Երեւանի դատախազությունից Վարդան Միլիտոնյանն էլ գտավ, որ բավարար է նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը: Գիշերով մարդուն բաժին են հրավիրում, վրան փորձում բռնաբարության գործ սարքել, ու ճիշտ համարում քրեական հետապնդման դադարեցման որոշումո՞վ: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031