Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԹԵՐ

Մայիս 26,2006 00:00

ԵԹԵՐ ՉՏՎԵՑԻՆ 12-ՐԴ ԱՆԳԱՄ «Ա1+»-ը կարող է մրցութային ավելի կամ պակաս լավ առաջարկ ներկայացնել, ֆինանսական հիմնավորումներ ներկայացնել կամ չներկայացնել՝ դրանից չի փոխվում ՀՌԱՀ-ի հաստատակամությունը նրան եթեր չթողնելու վերաբերյալ: Չեն փոխվում նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամների վարկանիշային քվեարկության արդյունքները: Ահա երեկ էլ, երբ գնահատվում էին «Ա1+»-ի, «Ուլիս Մեդիա» եւ «Ռադիո ՊՌՈ» ընկերությունների դեռ ապրիլի 7-ին ներկայացված մրցութային առաջարկները 90,3 ՄՀց եւ 90,7 ՄՀց հաճախություններով ռադիոհաղորդումներ հեռարձակելու արտոնագրերի համար՝ կրկնվեց նույն պատկերը: ՀՌԱՀ մի շարք անդամներ՝ Գրիգոր Ամալյանը, Շամիրամ Աղաբեկյանը, Արտակ Զաքարյանը, Ահարոն Մկրտչյանը, Սիմավոն Անդրեասյանը, Վահագն Ավագյանը «Ա1+»-ին սովորականի պես ցածր նշանակեցին՝ 2 կամ 3, իսկ նրա մրցակիցներին՝ բարձր՝ 4: Իսկ ՀՌԱՀ անդամ Արա Թադեւոսյանը (այս անգամ նա մենակ էր՝ Կարինե Խոդիկյանը չէր մասնակցում քվեարկությանը) սովորականի պես կատարեց հակառակ քվեարկությունը՝ «Ա1+»-ին՝ 4, նրա մրցակիցներին՝ 3: Տարբերվեց միայն ՀՌԱՀ-ին 2005-ից մաս կազմող Ժիրայր Դադասյանն իր քվեարկությամբ. նա հավասարապես ցածր գնահատեց ե՛ւ «Ա1+»-ին, ե՛ւ նրա մրցակիցներին: Այդպես ստացվեց, որ «Ա1+»-ը երկու հաճախությունների համար մրցույթում էլ հավաքեց 22 միավոր, իսկ նրա մրցակիցները, որոնք, ի վերջո՝ տարբեր առաջարկներ էին ներկայացրել, արժանացան անփոփոխ 29 միավորի: Միայն գնահատումների նման հաստատուն պատկերն արդյոք այս վարկանիշային քվեարկության սուբյեկտիվության ապացույց չէ՞: Սակայն ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը այս անգամ փորձեց հիմնավորել իրենց գնահատականների օբյեկտիվությունը՝ հիշատակելով տվյալներ, որոնք վկայում էին, թե «Ա1+»-ն իր մրցակիցներին զիջում էր եթերում սեփական հաղորդումների ծավալով: «Ա1+»-ը խոստացել էր, թե իր եթերում սեփական ռադիոհաղորդումները կկազմեն հայրենական արտադրության հաղորդումների 80%-ը. «Այսինքն՝ ընդհանուր եթերաժամանակում սեփական արտադրության հաղորդումները կկազմեն 64 %»,- հաշվարկել էր պրն Ամալյանը: Մինչդեռ «Ուլիս Մեդիա»-ն եւ «Ռադիո ՊՌՈ»-ն խոստացել են, թե իրենց սեփական արտադրության հաղորդումները կազմելու են իրենց ընդհանուր եթերաժամանակի 70%-ը: Ձեւական առումով՝ այս 6 տոկոս առավելությունն էլ ալիբի էր հանդիսացել այս անգամ եւս «Ա1+»-ին մերժելու համար: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը կատարվածը բացատրեց այն հանգամանքով, որ ՀՌԱՀ-ն այս անգամ չէր հրապարակել մրցույթի պայմանները, եւ իրենք առաջնորդվել են նախկին հրապարակումներով: Իսկ հանձնաժողովը միշտ սեփական հաղորդումները հաշվարկել է հայրենականի ծավալից, այլ ոչ թե ընդհանուր եթերաժամանակից: Նախորդ բոլոր այլ մրցույթներում «Ա1+»-ը գերազանցել է իր մրցակիցներին հայրենական ու սեփական հաղորդումների ծավալով՝ ինչպես էլ հաշվարկվեին դրանք: Սակայն դրանից բնավ չեն փոխվել ՀՌԱՀ քվեարկության արդյունքները: ՀՌԱՀ անդամները՝ 2 բացառությամբ, էլի շարունակել են 2 կամ 3 դնել «Ա1+»-ին: Այս մասին մեր հիշեցմանը Գրիգոր Ամալյանն այսպես արձագանքեց. «Բոլորիս հասկանալի է, որ կարելի է գրել 100% սեփական, 100%՝ հայրենական, ցանկացած չափի ներդրումներ եւ որեւէ կերպ չհիմնավորել դրանց առկայությունը կամ ընդհանրապես՝ գոյությունը… Կարելի է ցանկացա՛ծ բան առաջարկել եւ չունենալ այս ամենի հիմնավորումն իրականացնող փաստեր»: Սա եւս մի փաստարկ է, որ ՀՌԱՀ նախագահը մեջբերեց իրենց որոշումը «միանշանակ արդարացի» անվանելու համար, թե «Ա1+»-ի հիմնադիրները խոստացել էին ներդնել 22 մլն դրամ, բայց «այս միջոցների առկայության մասին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացված չեն»: «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը, անդրադառնալով ֆինանսական հիմնավորումների բացակայության փաստարկին՝ մեջբերեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջը, ըստ որի՝ «ֆինանսական հնարավորությունները գնահատվում են՝ ելնելով ներկայացված ծրագիրն իրագործելու համար դրանց բավարար կամ ոչ բավարար լինելու սկզբունքից»: Նաեւ հիշատակեց, որ նախորդ մրցույթներում «Ա1+»-ը բազմաթի՜վ հիմնավորումներ է ներկայացրել. «Ամբողջ աշխարհում մեր գործընկերներից փաստաթղթեր ենք ներկայացրել, թե նրանք պատրաստ են համագործակցել մեզ հետ, բայց դրանք ՀՌԱՀ-ի համար ընդհանրապես հիմք չեն դարձել, դեր չեն խաղացել որոշման համար»: Եվ վերջապես՝ ՀՌԱՀ նախագահի եւս մի փաստարկն էր, թե «Ա1+»-ն ունի այժմ 10 աշխատակից, եթեր ստանալու դեպքում միայն կներգրավվի այլոց, իսկ նրա մրցակիցները նախատեսում են ունենալ 50-60 աշխատակիցներ: Այսինքն՝ հերթական անգամ դեռեւս գոյություն չունեցող աշխատակազմը, հավելենք նաեւ՝ դեռեւս նոր ձեռք բերվելիք միջոցները, ՀՌԱՀ-ը «համեմատեց» «Ա1+»-ի գոյություն ունեցող աշխատակազմի եւ տեխնիկայի հետ եւ որոշեց, թե գոյություն չունեցողն ավելի լավն է: Դե, երեւակայության եւ մոտեցումների խնդիր է: Քանի որ՝ որպես կանոն, արտոնագիր տրամադրելուց հետո ՀՌԱՀ-ն այլեւս չի էլ հետաքրքրվում՝ մրցութային առաջարկի պայմանները կատարվո՜ւմ են, չե՜ն կատարվում: Երեկ մեր հարցին, թե որեւէ ընկերության մինչ այժմ տուգանե՞լ են մրցութային առաջարկի պայմանները չկատարելու համար՝ Գրիգոր Ամալյանը պատասխանեց. «Ո՛չ, չենք տուգանել»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել