Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԻՑ ԳՈՀ ՉԷ

Մայիս 26,2006 00:00

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԻԶՆԵՍԻՑ ԳՈՀ ՉԷ Ստիպված «մուռը» բաժանորդներից է հանում Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ հունական ՕՏԵ ընկերությունը կամուկացի մեջ էր՝ վաճառե՞լ «ԱրմենՏելին» պատկանող բաժնետոմսերի փաթեթը, թե՞ ոչ, ապա հիմա ընկերությունը հաստատ որոշել է արդեն հունիսից ընդունել հավանական գնորդների առաջարկություններն ու նրանցից ամենահարմարին վաճառել այն: ՕՏԵ-ն ՀՀ կառավարությունից բաժնետոմսերի 90 տոկոսը գնել էր մոտ 9 տարի առաջ՝ 1997-ին, ընդամենը 142.5 մլն դոլարով: Սա միանշանակ հաջողված գործարք էր ՕՏԵ-ի համար: Դատելով քաղաքացիների՝ «ԱրմենՏելի» մատուցած ծառայությունների հետ կապված բազմաթիվ բողոքներից՝ միակ դժգոհող կողմը պետք է հայկականը լիներ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ՕՏԵ-ն ուզում վաճառել բաժնետոմսերն ու լքել Հայաստանը. փո՞ղ է պետք, թե՞ ՀՀ կառավարության հետ այլեւս չի կարողանում լեզու գտնել: ՕՏԵ ընկերության Աթենքի կենտրոնակայանից բաժնետոմսերի վաճառքի հետ կապված որոշումը «Արմինֆոյի» թղթակցին պատճառաբանել են այսպես. «Հայաստանում չկան բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ»: Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ ընկերությունը մեր երկրի հետ ավելի մեծ հույսեր է կապել: Մինչդեռ, դատելով ընկերության ստացած եկամուտների պաշտոնական ցուցանիշներից՝ այն տարեցտարի գրեթե կրկնապատկվել է: Այդ է վկայում նաեւ այն, որ ընկերությունը խոշոր հարկատուների ցուցակում երրորդ տեղում է: Միայն այս տարվա հունվար-մարտ ամիսներին բնակչությանը եւ հիմնարկներին մատուցած ծառայություններից «ԱրմենՏելի» հասույթի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 55 մլն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է: Բայց, ինչպես երեւում է, դա ընկերությանը չի բավարարում: Վերջին շրջանում՝ հատկապես հունվարից սկսած, «ԱրմենՏելը» մեր քաղաքացիների գլխին ամենավերջին «օյիններն» է բերում՝ մեծ պարտքերի տակ դնելով ոչ միայն բջջային կապի իր բաժանորդներին, այլեւ ֆիքսված հեռախոսակապից օգտվողներին: Սկզբնական շրջանում ընկերության սպասարկումից ու չափից մեծ գանձումներից բողոքում էին մայրաքաղաքաբնակները, հիմա էլ ընկերության աշխատակիցները նույն «խաղերն» անում են մարզերում: Օրերս մարալիկցիները դժգոհություն էին հայտնել, որ «ԱրմենՏելն» իրենց հեռախոսավճարների ցուցակները «նկարում» է՝ ոչ միայն գանձելով կրկնակի ու եռակի, այլեւ բաժանորդի հաշվին անծանոթ համարներ մուտքագրելով: Հիմա էլ գյումրեցիներն են «Առավոտին» բողոք ներկայացրել՝ որ «սխալվիս քարտով ինտերնետ մտնիս՝ կրակը կընկնիս, 5 րոպե ինտերնետ մտա՝ վրես 10 հազար դրամ փող գրին, էն էլ կպատկերացնե՞ք ուր եմ խոսել՝ անտիկվար մի երկիր՝ Կատար, որի մասին նոր եմ իմացել աշխարհագրական բառարանից, ըտենց ամսական մի 50 հազար վրես թիվ կուգա»: Ուշագրավ է, որ նույն երկիրը նույն ժամաքանակով, առանց գնային փոփոխության, տեղ է գտնում նաեւ հաջորդ ամիսների ցուցակներում, ինչը վկայում է ցուցակի կեղծ լինելու մասին, որովհետեւ նման զուգադիպություն դժվար է պատկերացնել, անգամ ցանկության դեպքում մարդը չի կարող անընդհատ նույն երկիր զանգել ու նույնքան րոպե, նույնքան վայրկյան խոսել: Գյումրիում էլ, պարզվում է, ավելացել է Աֆրիկայում, Գվինեա Բիսաոյում, Չեխոսլովակիայում եւ Ավստրալիայում բարեկամ ունեցող բաժանորդների թիվը. յուրաքանչյուր տասներորդ բաժանորդի հեռախոսավճարի ցուցակում կարող ես կարդալ որեւէ չլսված ու չտեսնված կղզու անուն: Գյումրեցիներին «ԱրմենՏելը» տվել է նույն պատասխանը, ինչ երեւանցիներին՝ «պոռնոսայթեր քիչ մտեք»: Մինչդեռ տուժած բաժանորդների մի մասը 70-ն անց է, մի մասն էլ ընդհանրապես չունի ինտերնետ: Այս օրերին Գյումրիի ու Մարալիկի փոստատներում, որտեղ բնակիչները կատարում են իրենց կոմունալ վճարումները, երբ հերթը հասնում է հեռախոսավարձը մուծելուն, մեծ հերթեր ու կռիվներ են լինում: Նրանց նկարագրմամբ՝ «ռազբորկեքից արդեն զզվել ենք, ամեն անգամ նույն պատմությունը, մի կռիվ, մի մարդասպանություն»: Այդ «ռազբորկեքից» մի քանիսն արդեն տվել են իրենց արդյունքը. գյումրեցիների հավաստիացմամբ՝ «լաչառավարի» կռիվ տալուց հետո հաջորդ ամիս խուսափել են հեռախոսավարձը շատ գրել ու գանձել են ավելի քիչ գումար, քան նախորդ ամիսներին: Եթե ուռճացված հեռախոսավարձերի հավաքագրման դեպքում է ընկերությունը մեր երկրում բիզնեսի զարգացման հեռանկարներից բողոքում, կարելի է պատկերացնել, թե Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ ձեռք բերելիս ՕՏԵ-ն նախապես ինչ պլաններ է ունեցել, որոնք չեն իրականացել: Մի բան հաստատ է, «ԱրմենՏելն» այս 9 տարվա ընթացքում չի կարողացել բարելավել բջջային կապի նորմալ, որակյալ ծածկույթ, ինտերնետ կապը ցանկացած կայծակի, կարկուտի, հորդ անձրեւի ու ձյան առատ տեղումների ժամանակ վնասվում է, իսկ մի շարք գյուղերում ընդհանրապես բացակայում է հեռախոսացանցը: Շիրակի մարզի Գետք, Ոսկեհասկ եւ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան գյուղերի միակ հեռախոսակետը փոստատներն են, եւ բնակիչները սովորական հեռախոսից օգտվելու համար ստիպված են լինում գնալ այնտեղ, ժամերով հերթ կանգնել, իրենց «խոպանչի» բարեկամներին զանգելու համար: Նախօրեին Գյումրիում ինտերնետային կապ չկար, արմենտելցիների պարզաբանմամբ՝ «կայծակը վնասել էր ցանցը»: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում Գյումրիում հատկապես երեկոյան ժամերին շատ են կայծակներ լինում՝ փաստորեն, գյումրեցիները հազվադեպ կարող են օգտվել ինտերնետից: Օրերս մալուխ էր վնասվել նաեւ Սյունիքում, որի արդյունքում բնակիչները զրկվել էին հեռախոսային ու ինտերնետային կայքից: Վերջին 1 շաբաթվա ընթացքում դա արդեն 3-րդ, 4-րդ դեպքն էր, երբ Սյունիքը «կապ» չուներ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել