Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ»

Մայիս 26,2006 00:00

«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը դրանում համոզված է – ՕԵԿ-ը, որ մինչեւ վերջերս ՀՀ նախագահի հենարանը հանդիսացող խորհրդարանական կոալիցիայի մաս կազմող կուսակցություն էր, լքելով կոալիցիան՝ հայտարարեց, թե ինքն այլեւս ընդդիմություն է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստը: – Քաղաքական ուժերի մի մասը մերժում է հեղափոխական փոփոխությունների ճանապարհը եւ հավատում էվոլյուցիոն ճանապարհով երկրի ժողովրդավարացման հնարավորությանը: Իհարկե, ժամանակի ընթացքում բոլորն էլ կհամոզվեն, որ ոչ մի էվոլյուցիոն ճանապարհ, օրենսդրական դաշտի ոչ մի կատարելագործում չի կարող վիճակը փոխել, քանի դեռ երկրում տիրում է հանցագործ ու իր բնույթով կրիմինալ վարչախումբը: Կուսակցությունների մի մասին ժամանակ էր պետք դրանում համոզվելու համար, նաեւ հասկանալու համար, որ, այսպես կոչված՝ «կայունությունը» ոչ թե պետությանն ու ժողովրդին էր պետք, այլ գործող վարչախմբի իշխանության առավել ամրապնդմանը: Այդպիսի քաղաքական ուժերի շարքում ես դասում եմ նաեւ ՕԵԿ-ին, որի վերնախավը հանուն իշխանության ավելի հեռուն գնաց: Դառնալով կոալիցիայի մաս ու թույլ տալով, որ իրենով համալրեն վարչախմբին հլու-հնազանդ կամակատարների թիմը՝ ՕԵԿ-ի վերնախավը, հակառակ իր հռչակած կարգախոսների, հայտնվեց պետությունը վտանգող հանցագործ ուժերի շարքում: Սակայն ինչպես բոլոր քաղաքական կուսակցություններում, այնպես էլ ՕԵԿ-ում ներքին եւ միջին օղակները բացարձակապես կապ չունեն այս վարչախմբի հետ եւ, կարծում եմ, ցանկանում են ժամ առաջ ազատվել գործող իշխանություններից: Դա շատ լավ հայտնի էր նաեւ Ա. Բաղդասարյանին, ում քոչարյանական կլանը նույնիսկ յուրային չհամարելով՝ կարողացավ 3 տարի շահագործել հանուն իր գոյատեւման՝ մասնակից դարձնելով սահմանադրական հանրաքվեի հակաժողովրդական ու խայտառակ գործընթացներին: Եթե այդ ամենին գումարենք նաեւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները փակուղի մտցնելն ու խճճելը, հասարակության մասնատելն ու երկրի կյանքի բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակը, ապա հասկանալի է դառնում՝ ինչու են ՕԵԿ-ն ու Ա. Բաղդասարյանը փորձում ձերբազատվել վարչախմբից: – Ձեր կարծիքով, հասարակությունն ՕԵԿ-ին կընդունի՞ որպես ընդդիմություն, առավել եւս, որ կարծիք կա, թե այս ամենը իշխանությունների ու Ռ. Քոչարյանի հետ համաձայնեցված քայլ է: – Իշխանություններն ամենատարբեր մեթոդներով փորձում են հասարակությանը ներարկել, որ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալն ու իրենց քննադատելը ծրագրված են հենց իշխանությունների կողմից: Սակայն ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունները քաղաքական դաշտում վաղուց արդեն որեւէ բան պլանավորելու ընդունակ չեն: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ի ընդդիմություն լինելուն, ապա, ըստ իս, Հայաստանում այսօր կա միայն ընդդիմադիր դաշտ, որովհետեւ մեր երկրում ընդդիմություն եւ դիմություն հասկացությունները միանգամայն այլ են, քան որեւէ նորմալ երկրում: Հայաստանում քաղաքական դաշտի մի կողմում այսօր կանգնած է քրեածին կապիտալի հետ սերտաճած իշխանական վարչախումբը, որն ի սկզբանե գաղափարազուրկ լինելով՝ քաղաքական դաշտից դուրս է մնացել ու նրան քաղաքական ուժ համարել չի կարելի: Այսինքն՝ քաղաքական դաշտի այն բեւեռը, որտեղ պետք է լիներ դիմությունը, մեր երկրում մնացել է դատարկ: Իսկ ընդդիմությունը գործող վարչախմբին մերժող ժողովուրդն է: Այսօր, փաստորեն, Հայաստանի քաղաքական դաշտը լցված է միայն «ընդդիմության» տարբեր հատվածներով, եւ միայն «ընդդիմությունն» է ներկայացնում երկրի հասարակության շահերն ու քաղաքական տեսակետները: Իսկ ՕԵԿ-ի փորձը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում «կառուցողական ընդդիմություն» չի կարող լինել, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ չի կարող քաղաքական համագործակցության գնալ հասարակությունից մերժված, գաղափարազուրկ կլանային ուժերի հետ: – Հնարավոր համարո՞ւմ եք համագործակցությունը ՕԵԿ-ի հետ: – Հնարավոր համարում եմ բոլոր ուժերի հետ, որոնք հանդես են գալու հանուն Հայաստանի ժողովրդավարության եւ հզորացման, հայաստանակենտրոնության դիրքերից: Եթե ՕԵԿ-ը հանդես կգա որպես այդպիսի ուժ, ապա չեմ բացառում համագործակցությունն այդ կուսակցության հետ: Հարցազրույցը վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել