Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստների արվեստի» ասպետն ու հայերը

Մայիս 26,2006 00:00

Այսօր
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը երկրորդ անգամ կղեկավարի ամերիկացի ճանաչված դիրիժոր
Ռոբերտ Քոուլը: Հանդիպման սկզբում արվեստագետից տեղեկացանք, որ նա օրերս Վրաստանի
սիմֆոնիկ նվագախմբի հետ ունեցած համերգից անմիջապես հետո եկել է Հայաստան: Բնականաբար,
խնդրեցինք Ռ. Քոուլին՝ զուգահեռներ անցկացնել Հայաստանի ու Վրաստանի ֆիլհարմոնիկ
նվագախմբերի միջեւ: Պարզվեց, որ ամերիկացին լավ ուսումնասիրել է տարածաշրջանի դասական
արվեստը եւ Հայաստանի ֆիլհարմոնիկը պարզապես չի կարող համեմատել մյուս երկու նվագախմբերի
հետ: Մանրամասնելով միտքը, դիրիժորը հայտնեց հետեւյալը. «Չեմ թաքցնում, որ հայերի
հանդեպ ունեմ առանձնակի վերաբերմունք, բնականաբար, եւ Ամերիկայում, եւ Եվրոպայում
շատ հայ արվեստագետների եմ ճանաչում: Բայց հայերդ շատ մշակութային, այս դեպքում՝
երաժշտական ազգ եք: Հաճախ ձեզ անծանոթ երաժշտությունը կարող եք մատուցել «սեփականաշնորհվածի»
կարգավիճակով: Իհարկե, դա գալիս է դարերից ու անպայման ձեր անկրկնելի Կոմիտասից»:
Երկրորդ անգամ հանդիպելով արվեստագետին, պարզեցինք, որ նա տարիներ շարունակ
ղեկավարում է նաեւ Կալիֆոռնիայի Berkley համալսարանի Cal Performaces-ը: Վերջինս
պարբերական է, որի եւ հեղինակը, եւ պրոդյուսերը ինքը՝ Ռոբերտ Քոուլն է: Cal
Performaces-ի մայիսյան համարում նաեւ տեղ էր գտել հարցազրույց գերմանաբնակ հայտնի
երաժիշտ, ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանի հետ: Հետաքրքրվեցինք՝
դիրիժորի գործունեությանը չի՞ խանգարում իր երկրորդ աշխատանքը: Ռ. Քոուլի հավաստմամբ,
այն ոչ թե խանգարում է՝ այլ օգնում: «Յուրաքանչյուր արվեստագետ հույսը պետք է դնի
առաջին հերթին իր վրա: Պարբերականի միջոցով աշխարհում մշակութային միջոցառումներին
ծանոթացնելուց զատ, վաղօրոք տեղեկացնում եմ ինչ համերգներ են սպասվում առաջիկայում,
ինչ անակնկալի կհանդիպի հանդիսատեսը, իր համար ինչ կքաղի մոտակա համերգներից»,- ասաց
նա: Պատրաստվո՞ւմ է դիրիժորն առաջիկայում պարբերականի էջերում անդրադառնալ
նաեւ Հայաստանի ֆիլհարմոնիկին: Արվեստագետը նշեց, որ ժամանակին ֆիլհարմոնիկին եղել
է անդրադարձ. «Պետք է նշեմ, որ ինքս անձամբ կազմակերպում եմ նաեւ ոչ միայն մենակատարների,
այլեւ խմբերի հյուրախաղեր Կալիֆոռնիայում: Չի բացառվում, որ մի օր էլ հայկական դասական
արվեստը իմ երկրում ներկայացնի հենց Հայաստանի ֆիլհարմոնիկը»: Ռ. Քոուլին
ոգեւորեց, երբ հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ ծառայությունների համար է ժամանակին ֆրանսիական
կառավարությունը իրեն պարգեւատրել «Արվեստների արվեստ» շքանշանով: «Իմ բեմական գործունեությունը,
որն արդեն տասնամյակներով է հաշվվում, նույնիսկ հիմա չեմ կարող բացատրել, թե ինչու
իմ արտիստական կարիերայի մեծ մասը անց եմ կացրել Ֆրանսիայում, իսկ կառավարությունը
տեսել է ու գնահատել աշխատանքս: Ասեմ նաեւ, որ ղեկավարել եմ ոչ միայն սիմֆոնիկ, այլ
նաեւ օպերայի ու բալետի թատրոնների նվագախմբեր, այդ թվում Լոնդոնի, Մարիինյան թատրոնի,
Ֆրանսիայի եւ այլն»,- տեղեկացրեց ամերիկացի արվեստագետը: Ս.
ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել