«Առավոտի»
բացառիկ բլից-հարզազրույցը Անդրեի հետ – Ինչպե՞ս պատահեց, որ ֆիննական «Lordi»
խումբը առանց մասնակցելու «պրոմոտուրերի», գրավեց եվրոպացի հեռուստադիտողների ամենամեծ
լսարանը: – Մենք առաջին անգամ էինք «Եվրատեսիլում», բնականաբար, կան հարցեր,
որոնց պատասխանները մենք էլ չգիտենք: Ինչ վերաբերում է «պրոմոտուրերին», վերջիններս
միայն դրական են ազդում այս կամ այն երգչի հաջողությանը: Անձամբ ես, մինչեւ «Եվրատեսիլը»
եղել եմ եվրոպական 10 երկրում: – Չե՞ք կարծում, որ կոնկրետ «Lordi» խումբը
լսարանը գրավեց իր երգի մատուցման օրիգինալ լուծմամբ: Ասել կուզենք, այսօր Եվրոպան
ձգտում է տեսնել ոչ ստանդարտ շոու կամ ականատեսը լինել սկանդալային վիճակների: –
Ինչ-որ չափով համամիտ եմ, բայց, օրինակ, Իսլանդիան ներկայացնող երգչուհին դարձյալ
ինչ-որ չափով տարօրինակ պահվածք դրսեւորեց. մինչեւ «Եվրատեսիլը» կայացած ասուլիսներից
մեկում նա հայտարարեց, որ մեծ հաճույքով գիշերը կանցկացներ հույն երգչուհու հետ,
չմանրամասնելով, թե ինչն է իրեն ետ պահում: Կամ, հանդերձասենյակում, մինչ ելույթը
նա հայտնվել էր հիստերիայի մեջ, անգամ շպրտեց սուրճով լի բաժակը: Այսօր Եվրոպային
չեք զարմացնի սկանդալներով: Օրինակ, ամենասկանդալային խումբ համարվող «Տատուն» ժամանակին
գրավեց միայն երրորդ տեղը: Վստահ եմ, որ միայն երգը պետք է գրավի լսարանը: –
Ձեր կարծիքով, Արմեն Մարտիրոսյանի երգը՝ անգլերեն, տեղ հասա՞վ ունկնդրին: –
Հասավ: Եվրոպայում եւ աշխարհում հայտնի նման կատարողների ու խմբերի պայքարում 8-րդ
տեղը՝ արդեն արդյունք է: – Ամենամեծ արդյունքը չե՞ք համարում սփյուռքահայերի
քվեարկությունը: – Անկասկած: – «Եվրատեսիլի» ուղիղ հեռարձակումից անմիջապես
հետո ռուսաստանյան շոու-բիզնեսի հայտնի դեմքերից Անիտա Ցոյը տարակուսանք հայտնեց,
թե ինչպես ինտերնետային քվեարկության ժամանակ առաջին տեղում Անդրեն էր, իսկ Դիմա
Բիլանը՝ 4-րդում: Դո՞ւք ինչպես կբացատրեք այս փաստը: – Մենք (նկատի ունի հայ
պատվիրակության անդամներին) նոր-նոր հասցնում ենք ուշքի գալ: Մրցույթները միշտ էլ
անակնկալներով լի են, իսկ Դիման թե երգով եւ թե բեմադրությամբ արժանի էր նման հզոր
ուշադրության: – Ձեր կարծիքով, երգը՝ հայերեն, ավելի մեծ ուշադրության չէ՞ր
արժանանա: Չե՞ք կարծում, որ բեմադրության մեջ պակասում էին զուտ հայկական էլեմենտները:
– Նորից կրկնում եմ՝ մենք առաջին անգամ էինք «Եվրատեսիլում», բայց, կարծում
եմ, ամեն դեպքում, թեկուզ փոքր-ինչ կոտրտված անգլերենը 3-4 րոպե տեւող երգի ընթացքում
ավելի շուտ կհասներ եվրոպացիներին: Ես մինչ մրցույթն էլ եմ ասել, որ Արմեն Մարտիրոսյանի
այս երգը կմատուցեմ նաեւ մայրենիով: – Հանկարծակիի չեկա՞ք, երբ Թուրքիան ձեզ
բարձր միավորներ տվեց: – Դա այնպիսի պահ է, որ հանկարծակիի ժամանակ չկա: Նորից
կրկնում եմ՝ շնորհակալություն առաջին հերթին սփյուռքահայերին եւ «Եվրատեսիլի» հեռարձակող
անդամ երկրներին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ