Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե սրճարան կառուցեն»

Մայիս 26,2006 00:00

Երեւանցիներից
ոմանք քարաշեն բարձրահարկ օբյեկտների համեմատությամբ բացօթյա սրճարանները չարյաց
փոքրագույնն են համարում: Մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչները սեփական
հասցեն նշելիս ոչ թե կոնկրետ շենքի համարն են ասում, այլ նկարագրում են՝ «Փարիզյան
սուրճ» սրճարանի հետեւի շենքը, «Pipo»-ի դիմացի շենքը, առաջին հարկում «Աննա» խանութն
է, երրորդ հարկում մենք», եւ այդպես շարունակ: Մոտավորապես նույն կերպ էլ՝ մի քանի
խանութների ու սրճարանների անուններ տալով, Աբովյան 21 հասցեի բնակիչները մեզ բացատրեցին
իրենց շենքի տեղը: Բանն այն է, որ 21 շենքի բակում մի նոր կառույցի շինարարություն
է սկսվել, ինչի դեմ էլ բնակիչները բողոքում են: Նրանց խոսքերով, իրենց բակն արդեն
ծանրաբեռնված է խանութներով, սրճարաններով եւ ժամանցի այլ ակումբներով, իսկ նոր կառույցը
կփակի մարդկանց տեսադաշտը, կզրկի արեւի լույսից: Երեկ մենք եղանք շինարարության
վայրում: Տարածքն ամբողջությամբ պաստառապատված էր՝ ընդգրկելով մայթը: Բնակիչներից
մեկի՝ Արտաշես Բաբայանի ներկայացմամբ, ժամանակին իրենց շենքի բակում ջրավազանով,
շատրվաններով, դեկորատիվ ծառերով փոքրիկ զբոսայգի է եղել, որտեղ մարդիկ իրենց ժամանցն
են կազմակերպել, սակայն այսօր այգուց ընդամենը մի քանի բարդի է մնացել: Ճիշտ
է, ծառերը առայժմ չեն հատվել, բայց պարզ երեւում էր, որ դրանք երկար կյանք չունեն՝
չորանալու են, քանի որ կառուցվող շինության հողային աշխատանքները կատարելիս ծառերի
արմատներն արդեն բավականին բացվել են: Հենասյուները խրված են ծառերին շատ մոտ: Բացի
այդ՝ հենասյուների շուրջը պետք է բետոնե աշխատանքներ կատարվեն, ինչն էլ վերջնականապես
կնպաստի, որ բարդիները չորանան: Շինարարության դեմ բողոքող բնակիչներին տվյալ տարածքի
«ժէկի» պատասխանատուները մատնացույց են արել Կանաչների միության տեղը. «Միությունից
խոստացան, որ կգան կնայեն, բայց այդպես էլ չարձագանքեցին»,- «Առավոտի» հետ զրույցում
պատմեց Էլմիրա Սայադյանը: Հետաքրքիր է, որ բնակիչները այնուամենայնիվ հարմարվել
էին այգու տարածքում ինչ-որ բան կառուցելու մտքի հետ: Նրանք հույս ունեն, որ գոնե
դա կլինի ոչ թե քարաշեն խանութ, գրասենյակ կամ մեկ այլ օբյեկտ, այլ՝ բացօթյա սրճարան,
որը քիչ թե շատ կունենա կանաչ գոտի, եւ իրենց տեսադաշտն էլ չի փակի: Բնակիչները խնդրի
հետ կապված պատրաստվում են դիմում-բողոք ուղարկել քաղաքապետին, որտեղ վերջինիս կհիշեցնեն
քաղաքի գլխավոր ճարտարապետի օրերս արած հայտարարությունն այն մասին, թե այլեւս թույլ
չեն տալու կանաչապատ տարածքների հաշվին որեւէ շինություն կառուցել: ԼՈՐԱ
ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել