Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՌՎԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Մայիս 26,2006 00:00

ԿՌՎԻ
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ «Իշխանությանը մոտ կանգնած քաղաքական ուժերից դեռ
կես տարի առաջ էին մեզ բարեկամաբար հայտնել, որ շուտով «Օրինաց երկիրը» իշխանությունների
կողմից ստանալու է ընդդիմության կարգավիճակ,- «Առավոտին» ասաց «Ազգային միաբանություն»
խմբակցության պատգամավոր Գագիկ Կոստանդյանը: – Ասվել էր, որ ընդդիմության
շարքերում կատարվելու է «գործակալական ներդրում»՝ մի քաղաքական ուժ, որը պետք է շեղի
ժողովրդին այսօրվա իշխանություններից ազատվելու հիմնական նպատակից: Նույնիսկ ասացին,
թե քաղաքական ո՛ր դեմքերն են միանալու ՕԵԿ-ին՝ եւ ոչ իրենց ցանկությամբ, այլ հանձնարարությամբ:
Նրանց անուններն առայժմ չենք բացահայտի: Բայց ինչո՞ւ հենց այժմ որոշեցին անհապաղ
կատարել այդ կեղծ ընդդիմության ներդրումը: Խնդիրն այն է, որ ԱՄՆ միջազգային հանրապետական
ինստիտուտի եւ Բալթիկ Սըրվեյզ-Գելափ կազմակերպության ապրիլի 30-ից մայիսի 8-ն անցկացրած
հարցման արդյունքներով՝ Արտաշես Գեղամյանն ունի 57% վարկանիշ»: Նկատենք, որ ՕԵԿ պաշտոնաթերթն
էլ հրապարակել է այդ հարցման այլ արդյունքներ, ըստ որոնց՝ հարցվածների ավելի քան
50%-ը համակրում է Արթուր Բաղդասարյանին, իսկ՝ «Ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք,
եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի» հարցի պատասխաններով ՕԵԿ-ը գրավել
է առաջին տեղն իր 12%-ով: «Գեղամյանի 57%-ը խուճապ առաջացրեց իշխանության շարքերում,
եւ հասկացան, որ ուշանում են՝ պետք է կատարել ներդրումը»,- ասաց պրն Կոստանդյանը:
Այնուամենայնիվ, ՕԵԿ-ը պնդում է, թե միջկուսակցական այս բանավեճը սկսեց ԱՄ-ն,
եւ այս կապակցությամբ հիշատակվում է հենց Գագիկ Կոստանդյանի մայիսի 2-ի հայտարարությունը:
«Այդպես չէ,- պնդեց մեր զրուցակիցը:- Մենք մի քանի անգամ քննադատել էինք նրանց հայտարարություններով
եւ իրենց էլ զգուշացրել, որ սա պատասխան է մեր մասին իրենց տարածած կեղծ լուրերի:
Նկատի ունեմ մասնավորապես ԱԺ նախագահի խորհրդականի խմբագրած թերթի հրապարակումը եւ
այլն: Նրանք մի կողմ էին քաշվում եւ լուրեր էին տարածում դրածոների, իրենց ստորին
օղակների միջոցով: Իմ հայտարարությունից առաջ էլ իրենց խմբակցության անդամներից մեկին
վերջին անգամ զգուշացրել էի, թե հերի՛ք եղավ, բո՛լ եղավ՝ արդեն չափը կորցրել եք,
ինչքա՞ն կարելի է նենգաբար աշխատել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել